Հրկիզել են լրագրողի մեքենան

Հրկիզել են լրագրողի մեքենան
Հրկիզել են լրագրողի մեքենան

Հունվարի 16-ի գիշերը հրկիզել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Այն կայանված է եղել շենքի բակում գտնվող ավտոտնակում: Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի /ՀՔԱ/ Վանաձորի գրասենյակը:
Հունվարի 17-ին Ն.Ավետիսյանն աշխատանքի գնալիս բացել է ավտոտնակի դարբասները և մեքենան գտել հրկիզված վիճակում: Մեքենայի վրա հայտնաբերվել է այրված  լաթի կտոր, որը գցվել է ավտոտնակի վերևի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաև հեղուկ վառելանյութ:

ՆԳ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ն.Ավետիսյանի խոսքերով՝ անձնական որևէ բնույթի խնդիր բացառվում է, իսկ մասնագիտական գործունեության հետ կապող վարկածի մասին՝ հայտնի չէ: Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանօրինակ դեպքն է, որ այս կամ այլ կերպ վնաս են հասցնում Ն.Ավետիսյանին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սույն գործողությունը համարում է որպես հերթական ոտնձգություն լրագրողի նկատմամբ:

«Ցավոք, նախորդ բոլոր ոտնձգությունների հեղինակները չեն բացահայտվել իրավապահ մարմինների կողմից, որը նպաստել է և՛ լրագրողի նկատմամբ հերթական ոտնձգությանը, և՛ անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը,-նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:- ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, դատապարտելով սույն գործողությունները, պահանջում է իրավապահ մարմիններից՝ բացահայտելու պատվիրատուին և կատարողին»:

© Medialab.am