Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, մեղադրվում է յուրացման, ազդեցության վաճառքի, բիզնեսում կոռուպցիոն գործարքների և միջոցների վատնման մեջ՝ Մադրիդում շուրջ երկու տարի տևած հետաքննության ավարտից հետո։

Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ 55-ամյա Գոմեսը կասկածվում է իր դիրքն օգտագործելու մեջ՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում պաշտոն ստանալու և այն կառավարելու նպատակով, ինչպես նաև հանրային ռեսուրսներն ու անձնական կապերը սեփական շահերին ծառայեցնելու համար։

Գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա անձնական օգնական Քրիստինա Ալվարեսին և գործարար Խուան Կառլոս Բառաբեսին։ Բոլոր մեղադրյալները հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները։

Հետաքննությունը սկսվել է «Մանոս Լիմպիաս» («Մաքուր ձեռքեր») կազմակերպության ներկայացրած բողոքից հետո, որը հայտնի է իր ծայրահեղ աջ կապերով և նախկինում ևս դիմել է դատարան՝ իր կողմից «սպառնալիք» համարվող անձանց դեմ։

Վարչապետ Սանչեսը բազմիցս հայտարարել է, որ իր կնոջ դեմ գործը քաղաքական մոտիվներով է և անհիմն, ինչպես նաև կասկածի տակ է դրել դատական համակարգի որոշ ներկայացուցիչների անաչառությունը։

Դատավոր Խուան Կառլոս Պեինադոն իր որոշման մեջ նշել է, որ հնարավոր է՝ Գոմեսը իր հարաբերական դիրքը օգտագործել է որոշումների վրա ազդելու համար, հատկապես այն բանից հետո, երբ նրա ամուսինը դարձել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդ, ապա՝ վարչապետ։

Միևնույն ժամանակ, Սանչեսը վստահություն է հայտնել, որ արդարադատությունը կվերականգնվի, և իր կինը կարդարացվի՝ նշելով, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։

Դատարանը կողմերին հինգ օր է տվել արձագանքելու որոշմանը, որից հետո կվճռվի՝ գործը կանցնի՞ երդվյալների դատարան։

«Գործը զարգանում է այն պահին, երբ վարչապետի ընտանիքի և շրջապատի դեմ մի շարք այլ կոռուպցիոն մեղադրանքներ ևս քննության փուլում են»,-գրում է The Guardian-ը։