Համացանցում տարածված լուսանկարները, տեսանյութերը զինվորների վատ վիճակի մասին միավորեցին Եվրոպայի սրտում՝ Փարիզում ապրող, շինարարությամբ զբաղվող Միքայել Հակոբյանին, Հայաստանի Աղավնաձոր գյուղում բնակվող, սոցիալական ձեռնարկատեր Տիգրան Խաչատրյանին, Դիլիջանի բնապահպանի տան նախաձեռնողներից, Դիլիջանի դպրոցի ուսուցիչներից Գոռ Հովհաննիսյանին և Երևանում բնակվող, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանին։
Նրանք «Վրաններ հայ հերոսների համար» նախաձեռնությամբ փորձում են հոգալ սահմանին վրաններով հագեցվածության հարցը։
Աստղինե Պասոյանը «Մեդիալաբին» պատմում է, որ մինչև պատերազմը խմբից յուրաքանչյուրը փորձում էր իր չափով ու հնարավորությունների ներածին չափ բանակին աջակցել, այդպես էլ ծանոթացել են իրար հետ, և աջակցությունն ավելի կազմակերպված ու համախմբված դարձրել:
«Մենք իրարից անկախ մարդիկ ենք, բոլորս Հայաստանի և սփյուռքի հայերի պես ձեռք էինք գցել բանակին օգնելու։ Ես զրահաբաճկոններով էի զբաղվում, Միքայելը ջերմաանդրադարձիչ թիթեղներով, Գոռը ընդհանրապես դիրքում էր, Տիգրանը իր նախկին զորամասին էր օգնում՝ գուլպայից սկսած վերջացրած ինչով ասես։ Նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցվեց, անմիջապես փոխվեցին աջակցության կարիքները, սկսեցին դիրքերից վրան խնդրել»,- պատմում է Աստղինեն։
Պասոյանի խոսքով՝ ամենաէժան մարտական վրանը սկսվում է 170 հազար դրամից, միջինը կազմում է 250 հազար դրամ։ Վրաններ ձեռք բերելու նպատակով սկսեցին դրամահավաք իրականացնել և այդպես նոյեմբերի 10-ից մինչ փետրվարը սահմաններում ապահովեցին 61 հայրենական արտադրության վրաններ, այնուհետև մինչև ապրիլի կեսերը՝ 70 ֆրանսիական վրաններ։
Աստղինեն նշում է, որ ապրիլի կեսերից դադարել էին դիրքերից վրան ուզել, սակայն մայիսի 12-ից հետո, երբ հակառակորդը փորձեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, կրկին առաջ եկավ մարտական վրաններով ապահովման հարցը։
«Եթե մինչ այդ 10 կմ հեռավորությամբ պետք է դրվեր մի պոստ, որտեղից հեռադիտակով դիտարկվում է սահմանը, ապա մայիսի 12-ից հետո անհրաժեշտություն եղավ խտացնելու դիրքերը, որովհետև եթե կա բաց հատված, որտեղ չկա սահմանապահ, թշնամին ներս է մտնում, պետք է լինի շատ մարդ ու՝ մեծ խմբերով»,- պատմում է Աստղինեն։
Նախաձեռնության խմբի անդամն ասում է, որ վրանների տրամադրման գործընթացը ամբողջովին փաստաթղթերով են գրանցում՝ ընդունման-հանձնման ակտով, որ մշտապես մնա գույք պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Աստղինեի խոսքով՝ մինչ այսօր սահման է ուղարկվել ավելի քան 240 վրան, բայց կարիքները գնահատվում են հարյուրներով:
«Վերին Շորժայի հատվածում, Իշխանասարում շատ անհրաժեշտ է։ Սյունիքում ու Գեղարքունիքում՝ այն հատվածներում, որտեղ եղել է ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, առնվազն 300-500 վրանի անհրաժեշտություն կա։
Ենթադրում եմ՝ պաշտպանության նախարարությունն էլ կարիքները գիտի և պատվիրում է, բայց իրենց պարագայում, քանի որ հանրային գնումների գործընթացով է արվում, շատ ավելի դանդաղ է լինում»,- նշում է Պասոյանը։
Նախաձեռնության համահեղինակը համակարծիք է, որ բանակին առնչվող ծախսերը պետք է հոգա պետությունը, բայց հարցին մոտենում է տնտեսագետի տեսանկյունից՝ հաշվարկելով, որ պետության տնտեսությունը և ունեցած բյուջեն բավարար չեն բոլոր ծախսերը հոգալու:
«Մենք ոչ նավթարդյունաբերական երկիր ենք, ոչ ֆանտաստիկ գիտատեխնիկական առաջադեմ երկիր ենք, համավարակից ու պատերազմից հետո էլ մեր տնտեսությունը մեծ անկում ապրեց։ Չունեմ պատրանք, որ մենք հարուստ երկիր ենք, ենթադրել, որ պետությունն ուներ այնքան միջոց, որ բանակը ըստ պահանջի ապահովեր, միամտություն է մեր քաղաքացիների, սփյուռքի մեր բարեկամների կողմից»,- նշում է նա։
Աստղինեն համոզված է, որ երկրում պետք է ստեղծվի ռազմարդյունաբերական հիմնադրամ և զարկ տրվի ռազմարդյունաբերական համակարգի հզորացմանը։ Ռազմական նպատակով նոր հարկերի ներդրումը, ըստ Աստղինեի, խիստ կարևոր է երկրի անվտանգության համակարգի համար։
Իսկ մինչ պետության կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը, Աստղինեն ընկերների հետ միասին լծված է սահմանին զինվորների համար ապահովելու մարտական վրաններ, արևային մարտկոցներ, ռացիա, վառելիք, գիշերային հեռադիտակներ:
«Որ չմրսեն, կապը չկորչի, գերի չընկնեն,- ասում է Աստղինեն։
Այնուհետև հուզմունքով նշում է, որ շատ է տպավորվել վրանների տրամադրումից հետո զինվորականներից մեկի կողմից ստացած արձագանքից․ «Ասեց՝ դուք չեք իմանում, թե զինվորը դիրքում, որ գլխին ծածկ հայտնվեց, տաք քնապարկում պառկեց գիշերը, ինչքան գնահատված է զգում իրեն։ Այդ օրհնությունները , որ հնչում են ձեր հացեին, դուք երբեք չեք իմանում»։
Աստղինեն նշում է, որ սահմանի համար վրաններ ապահովելու վերջին դրամահավաքը հակառակորդի շատ արագ է նկատել, դրամահավաքի էջին ռիփորթներ են ուղարկել, և էջը փակվել, որի հետևանքով արդեն հավաքված 16 հազար դոլարը ավտոմատ հետ է փոխանցվել նվիրատուներին։ Սակայն նախաձեռնության անդամները չեն հիասթափվում, և կրկին սկսել են հավաքել գումարը՝ կարևոր նպատակին ծառայեցնելու համար։
Նախաձեռնության կողմից արդեն նախնական պատվեր տված 19 հազար եվրոյին համարժեք վրաններն առաքվում են Ֆրանսիայից Հայաստան։ Պատվերը կա, բայց գումարը՝ դեռ չէ, բայց Աստղինեն ասում է՝ հետ չեն կանգնելու:
«Եթե անգամ մեզ վրա պիտի մնա էդ ամբողջ գործը, ես կուզեմ՝ ամեն մարդ մի անգամ էս զանգը ունենա, որ զանգում են դիրքից, ասում՝ քուր ջան, իմ տղերքը, իմ ժամկետայինները բաց երկնքի տակ են քնում, ես էդ մարդկանց մերժելու ուժ չունեմ։
Էդ մեր 18-19 տարեկան երեխեքն էն, մեր ազգի վերարտադրողական շերտն է, որ պիտի ապագա երեխաներ ունենա, և մենք իրենց երիկամներն ենք սառեցնում՝ հողերի վրա պառկած»,- հուզմունքը զսպելով ասում է Աստղինեն։
«Tent for the Armenian Heroes – Վրաններ հայ հերոսների համար» դրամահավաքի մանրամասներին ծանոթացե՛ք այս հղումով։
Արփինե Արզումանյան
MediaLab.am