Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։
«Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջ մոբիլիզացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը:
Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: