«Ամուսինս անընդհատ մեղադրում է իրեն, որ չի հասել տղուն»․ պատերազմում Գոռը զոհվել է, հայրը՝ վիրավորվել

Պատերազմը սկսվելուն պես 52-ամյա Արմենակ Գաբրիելյանը շտապել է առաջնագիծ՝ թշնամու դեմ մարտնչելու և մարտի դաշտում գտնվող որդուն մոտ լինելու համար, սակայն հայր ու որդի այդպես էլ չեն հանդիպել։ 

«Ամուսինս, որը ռազվեդկա էր, վետերանների միության անդամ է եղել 90-ականներին, պատերազմի առաջին օրից մարտի դաշտում էր։ Հոկտեմբերի 5-ին, երբ որդուս հետո վերջին անգամ խոսեցինք, ասեցի՝ պապան էլ ա դիրքեր եկել, ասեց՝ իրա տեղը չի, բայց եթե եկել ա, թող գա մեզ մոտ, ստեղ վատ ա։ 

Բայց հայր ու որդի չհանդիպեցին, ամուսինս չհասցրեց հասնի տղու մոտ։ Հիմա անընդհատ մեղադրում է իրեն, որ չի հասել տղուն»,- հուզմունքով պատմում է Մայրանուշը։

Պատերազմում զոհված 18-ամյա Գոռ Գաբրիելյանի մայրը՝ Մայրանուշ Զախարյանը, վերջին երկու տարվա իրենց կյանքը մեկ բառով է բնորոշում՝ դժոխք։

Որդեկորույս մոր խոսքով՝ մինչև պատերազմը երբեմնի սովորական, հաշտ ու խաղաղ ընտանեկան կյանքը հիմնովին փոխվել է: 

«Գոռից հետո շատ դաժան ա թե՛ իմ, թե՛ երեխաներիս, թե՛ ամուսնուս համար, խոսում ենք, ապրում ենք, բայց դժոխքի միջով ենք անցնում, ամեն ինչ Գոռին ա հիշեցնում, շատ դժվար է առանց իրեն»,- ասում է Մայրանուշը։

Ժամկետային զինծառայող Գոռը մինչև պատերազմը Կապանի զորամասից տեղափոխվել է Ջրական՝ մասնակցելու զորավարժությունների: Սեպտեմբերի 27-ից առաջնագծում է եղել, մասնակցել մարտական գործողություններին, պայքարել թշնամու դեմ Ջրականում, Մինբաշլիի և Շախվելիի շրջաններում։ 

«Գոռ Գաբրիելյանը, վտանգելով իր կյանքը, կատարել է իրեն ուղղված առաջադրանքները, անընդմեջ ապահովել է ճշգրիտ կրակ իր հրանոթից՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ»,- նշված է Գոռ Գաբրիելյանի ծառայողական բնութագրում։

Հոկտեմբերի 10-ին Գոռի հայրը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց, նույն օրը Գոռը Շախվելիի շրջանում է ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացել և նույնպես տեղափոխվել հոսպիտալ, սակայն Գոռի վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Մայրանուշը հուզմունքով հիշում է ծանր օրերը։ Ասում է՝ հիվանդանոցում ամուսնու մոտ էր, սակայն որդու մասին լուր չուներ։ Երկու օր անց պատահաբար զոհվածների ցուցակն է կարդացել, որտեղ տեսել է որդու անունը։

«Հոկտեմբերի 12-ն էր, երկու ցուցակ էին հրապարակել՝ 57 անուն ու 43 անուն, 43 անվան ցուցակի մեջ էր Գոռիս անունը»,- հուզվում է մայրը։

Մայրանուշն ասում է՝ ամբողջ գիշեր հույսով սպասել է, որ որդու անունը կհանվի ցուցակից, սրտի դողով սպասել է, որ գուցե շփոթմունք լինի, ասում է՝ ամուսնու ընկերները փորձել էին Գոռի մասին ինֆորմացիա ճշտել Ջրականից, հարազատները բոլոր մորգերում էին փնտրել, սակայն չէին գտել։

«Հետո մի մորգում ասել էին՝ ֆուր ա գալիս, սպասեք՝ կարող ա էնտեղ լինի։ Հաջորդ օրը՝ ամսի 13-ի առավոտյան, ֆուրի միջից գտել ենք»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Գոռ Գաբրիելյանի հուղարկավորությունը Շենգավիթում՝ ընտանեկան գերեզմանատանը։

Գոռ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Գոռը որոշել էր ծրագրավորող դառնալ, ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ ծրագրավորման բաժին, ապա ուսումը կիսատ թողնելով մեկնել զինծառայության։ Գոռի նպատակն էր վերադառնալ, շարունակել ուսումը, աշխատել, Կոմիտասի պողոտայում տուն գնել, ամուսնանալ, ընտանիք կազմել։

«Բայց, ցավոք, երեխուս երազանքները կիսատ մնացին»,- ցավով ասում է Մայրանուշը։

Գաբրիելյանները երկու տարի է՝ ապրում են Գոռի մասին հուշերով, մայրն ասում է՝ Գոռի ծննդյան պահից սկսած ոչինչ չի մոռացել, ամեն պահն ու վայրկյանը նորից վերհիշում է, դրանցով ապրում։

Մայրանուշը երանությամբ է պատմում որդու հետ Տավուշ այցելությունները, ասում է՝ ընտանիքով գնում էին Տավուշ՝ հարազատներին հյուր, Գոռն էլ քանի որ շատ էր սիրում սունկ հավաքել, նաև միասին գնում էին սունկ հավաքում։

Մայրն ասում է՝ շատ կապված էին որդու հետ, առանց նրա տունը դատարկ ու տխուր է։ Այլևս իրեն մամի ասող Գոռը չկա։

«Ինձ միշտ զանգում էր, մամա չէր ասում, մամի էր ասում, մամի, ի՞նչ կա, էլի գործի ես, մամի, մնա տունը, հանգստացի։ էսօր պատահաբար լսեցի էդ բառը աշխատանքի վայրում, շատ վատ եղա․․․»։

Հուզմունքը կոկորդում խեղդելով որդեկորույս մայրն ասում է՝ ծանր է գիտակցել, որ Գոռը չկա, չի կարողանում համակերպվել որդու կորստի հետ ու երբեք էլ  չի համակերպվի․ 

«Եթե ես մարդկանց հետո չշփվեմ, կարող ա ինֆարկտի էլ հասնեմ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am