Հրադադարի խախտում. շփման գոտում հաճախակի դարձած միջադեպերը լուրջ մտահոգությունների, կոչերի և կանխատեսումների առիթ են դարձել

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմերից զոհեր և վիրավորներ են գրանցվել, լուրջ անհանգստությունների պատճառ են դարձել:
Օրերս ադրբեջանական ANS հեռուստատեսության հետ զրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին մտահոգություն է հայտնել ԼՂՀ-ում բռնության դեպքերի աճի վերաբերյալ` կոչ անելով երկու կողմերին` Հայաստանին ու Ադրբեջանին, «ուշադրությունը կենտրոնացնել խաղաղ համաձայնագրի կնքման գործընթացի վրա»:
Եվրամիության մտահոգությունների պատճառ են դարձել հատկապես վերջին ամիսներին գրեթե ամեն օր հաճախակի դարձած շփման գոտու կրակոցները, ինչի մասին վկայում են նաև ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հրապարակած տվյալները:

Շփման գոտում իրավիճակը զգալիորեն լարվեց հատկապես հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո: Պետերբուրգյան հանդիպման հաջորդ իսկ օրը ադրբեջանական դիվերսիոն խումբը Չայլու գյուղի մերձակայքում ներխուժել էր Ղարաբաղի տարածք, որտեղ առճակատվել էր հայ դիրքապահների հետ: Տեղի ունեցած մերձամարտի հետևանքով ադրբեջանական կողմը, թողնելով մեկ դիակ, հետ էր քաշվել: Մարտի հետևանքով հայկական կողմը տվել էր չորս զոհ, չորս վիրավոր:

Այս դիվերսիոն գործողությունից հետո սկսվել են հրադադարի ռեժիմի պարբերաբար, գրեթե ամենօրյա խախտումներ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունների` հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը խախվել է 40 անգամ:

Իրավիճակի առնչությամբ լուրջ անհանգստություն են հայտնել ոչ միայն տեղական, այլև միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նախօրեին իր մտահոգությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը, ով իր հայտարարության մեջ «դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումները»:

«ԵԱՀԿ գործող նախագահը վճռականորեն դատապարտում է վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացումը: Լուրջ անհանգստություն է հարուցում մարդկային զոհերի աճը երկու կողմերից էլ»,- նշված է սեպտեմբերի 6-ի հայտարարության մեջ` շեշտելով, որ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում ապակայունացնում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը` սահմանափակելով կառուցողական երկխոսության հնարավորությունները:

Իրենց հերթին դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն` Ֆրանսիա, Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ, Իգոր Պոպովը` ՌԴ:

«Ակտիվ (բանակցային) ջանքերի այս փուլում բոլոր կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, զսպվածություն ցուցաբերել տեղերում, ջանք չխնայել հետագա առաջընթացի համար անհրաժեշտ փոխզիջումների ոգին ամրապնդելու նպատակով»,- կոչ են արել համանախագահները:

Բացի այդ, միջնորդները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ «հրահրիչ հրապարակային հայտարարություններից և համոզիչ քաղաքական կամք դրսևորել` լուրջ երկխոսության մեջ ներգրավվելով»:

Շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և լարվածությունը քննարկումների տեղիք են տվել նաև ներքաղաքական շրջանակներում` առաջ բերելով հետևանքների, պատերազմի վերսկսման և առաջիկա զարգացումների մասին տարաբնույթ խոսակցություններ:

Անկախ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` այդ հարցում «անվերապահորեն շահագրգռված է Ադրբեջանը, քանզի նա պետք է ցույց տա, որ ներկայիս ստատուս քվոն կարիք ունի փոփոխման` միևնույն ժամանակ չցանկանալով կատարել որևէ քայլ, որը կամրապնդեր զինադադարի ռեժիմը, և պատերազմ չվերսկսելու երաշխիքները:

Մյուս կողմից` տեսնելով, որ միջադեպերը Մինսկի խմբի կողմից չեն ստանում համարժեք խստության պատասխաններ, Ադրբեջանը փորձում է բարոյապես ճնշել հայկական կողմին: Կարծում եմ` հիմքեր չկան հույսեր ունենալու, որ այս միտումը կդադարի գոյություն ունենալուց»,- ասում է Մեհրաբյանը:

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, այդ լարվածությունը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը շուտով պատերազմ է սկսելու, բայցևայնպես, ըստ Մեհրաբյանի, «լարված մթնոլորտը պարարտ հող է «հիմարության գործոնի» նյութականացման համար»:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ շփման գծում նկատվող սադրանքներն ավելի շատ են դառնում Ադրբեջանի դիվանագիտության մաս:

«Ինչպես հայտնի է, վերջին տարիներին նկատվող միջազգային հանրության պարտադրանքները` Ադրբեջանի ցանկությունները կատարելու հարցում, ռազմական շանտաժի տեսք են ստացել: Ադրբեջանը «վախեցնում է աշխարհին» պատերազմ սկսելու իր մտադրությամբ, եթե աշխարհը չանի այն, ինչ ինքն է ցանկանում: Շփման գծում հաճախակիացած խախտումները Ադրբեջանի մտադրությանը լուրջ տեսք տալու նպատակ են հետապնդում»,- ասում է Սարգսյանը:

Փորձագետի խոսքով` Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ռազմական գործողություններ սկսելու որոշումը չի կարող բացառապես նրա մենաշնորհը լինել: Մանվել Սարգսյանի խոսքով` Ադրբեջանն ի վիճակի չէ կանխատեսել նման պատերազմի բնույթն ու հետևանքները: Նա ասում է, որ դրանից ելնելով էլ Ադրբեջանն իր օրակարգ է մտցրել գերտերությունների կողմից «պատերազմի թույլտվություն ստանալու» հարցը:

«Հատկապես մեծ հույսեր կան այդ առումով` կապված Թուրքիայի հետ,- «Մեդիալաբին» ասում է Սարգսյանը: – Սակայն, նման ջանքերի իրական հակակշիռն այսօր դարձել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը` ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետը երկարացնելու մասին: Բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանը կհրաժարվի իր քաղաքական գծից` հարցը Հայաստանի հետ ուղիղ հարթության վրա լուծելու մտադրությունից»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am