«Հավաստի աղբյուրը» նախապատրաստում է հասարակությանն այնպիսի որոշումների, որոնք պոպուլյար չեն և միանշանակ բացասական արձագանքի են արժանանալու». Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը

– Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, վկայակոչելով հավաստի աղբյուրը, հոդվածաշար է տպագրում՝ ներկայացնելով, թե ինչ է ուզում Ադրբեջանը, ինչ է ուզում Ռուսաստանը: Ինչպե՞ս եք գնահատում նման արտահոսքը, որքանով է այն վտանգավոր:

– Ես որքան կարող եմ ենթադրել, սա նախապատրաստում է հասարակությանն այնպիսի որոշումների, որոնք պոպուլյար չեն և միանշանակ բացասական արձագանքի են արժանանալու: Բայց, ամեն դեպքում, երբ նախապես վատագույն սցենարները տարածվում են, մարդիկ հակված են ավելի հանդուրժող լինել, երբ այդ բացասական զարգացումների գոնե մի մասն է իրականացվում: Իսկ եթե հնարավոր է լինում այդ զարգացումների մի մասից խուսափել, դա գնահատվում է որպես իշխանությունների մեծ նվաճում:

– Իշխանությունն անընդհատ շեշտում է, թե որևէ փաստաթուղթ գոյություն չունի բանակցություններում, փոխարենը բացահայտում է Ադրբեջանի 5 պահանջները, ապա նաև Ռուսաստանի մտադրությունները, որ ցանկանում է ստեղծել միութենական պետություն: Ինչո՞ւ է հանրության շրջանում պետք տարածել նման տեղեկություններ, ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը:

– Ես արդեն նշեցի, որ այստեղ տեղեկությունը երկու հիմնական ուղղություններով է տարածվում, մեկը՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի առավելապաշտական պահանջները, և եթե այդ 5 կետերից 3 կետն ընդամենը իրականություն դառնա, 2-ի վերաբերյալ ավելի բարենպաստ լուծումներ գտնվեն Հայաստանի համար, դա կնշանակի, որ իշխանությունները դիվանագիտական, անվտանգային ոլորտներում արդյունավետ են աշխատել և արժանի են բարձր գնահատականի:

Ինչ վերաբերում է ռուսաստանյան ուղղությանը, այստեղ այնպիսի հեռանկարներ են նկարագրվում, որոնք, կարծում եմ՝ շատ հեռու են իրականությունից: Հաշվի առնելով, որ Հայաստանում բավականին լայն թափ է ստացել «ՀԱՊԿ-ից դուրս» նախաձեռնությունը, եթե ոչ մի միութենական պետություն չլինի, և Հայաստանը դրա կազմ չմտնի, բայց միևնույն է՝ մնա ՀԱՊԿ-ում, դա ամեն դեպքում կընկալվի դրական զարգացում, որոշակի փոխզիջում, որն ընդունելի կլինի հասարակության այն շերտերի համար, որոնք համարում են, որ Ռուսաստանի հետ այլևս որևէ հույս ու ապագա կապել չարժի:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: Որքանո՞վ արևմտյան ազդեցության ուժեղացում է նկատվում տարածաշրջանում և հատկապես Հայաստանում:

– Ազդեցության մասին դեռ վաղ է խոսել, բայց որ հասարակության մի մասի մեջ հույսեր են առաջանում, որ Արևմուտքը կարող է որպես անվտանգության երաշխիք փոխարինել Ռուսաստանին, այդ տրամադրությունները, իհարկե, ընդլայնվում են, և որոշ քաղաքական, հասարակական շրջանակների մոտ նաև գայթակղություն է առաջանում արագացնել այդ գործընթացը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու միջոցով:

Այսինքն՝ ենթադրվում է, որ այդ քայլը կակտիվացնի Արևմուտքին, առաջին հերթին ԱՄՆ-ին, և նրանց մասնակցությունը մեր անվտանգության խնդիրների լուծմանը ավելի հետևողական կլինեն:

Սակայն եթե իմ կարծիքն է հետաքրքրում, ես չեմ կարծում, որ այդքան կապված են ՀԱՊԿ-ից դուրս գալն ու Արևմուտքի ակտիվացումը մեր տարածաշրջանում: Որովհետև եթե մենք հույսը դնում ենք նրա վրա, որ ինչ-որ կտրուկ քայլով պետք է ծափահարություններ առաջացնենք առանձին երկրներում, ապա դա ընդամենը ժամանակավոր հաջողություն կլինի, կծափահարեն ու կավարտեն: Դա որևէ գործնական քայլերի երաշխիք իր մեջ չի պարունակում:

Իմ կարծիքով՝ ավելի կարևոր է համոզել մեր գործընկերներին, առաջին հերթին՝ Արևմուտքում, որ Հայաստանը շատ հստակ, հետևողական և սկզբունքային քաղաքականություն է իրականացնում, և, ասենք, նախորդ տարիների մեր գործողությունների փոխհատուցումը միանգամյա քայլով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալով, դժվար թե աշխատի: Որովհետև եթե մի պետություն, որը ՀԱՊԿ-ում իր նախագահության ընթացքում ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ակտիվացնում է ՀԱՊԿ-ի մեխանիզմները, և հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի կորիզը համարվող Ռուսաստանն ինչպիսի հակամատության մեջ է Արևմուտքի հետ, ապա բնականաբար հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ դեմ են այդ մեխանիզմները մշակում և հզորացնում: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանը Արևմուտքին մարտահրավեր նետած անվտանգային կառույցի ամրապնդման օգտին է աշխատում:

Մենք լսում ենք երկրի առաջին դեմքից, որ մենք հավերժ Ռուսաստանի հետ ենք, դրանից մի քանի շաբաթ անց սկսվում է քննադատական վերաբերմունք Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Այսինքն՝ դա կարող է այդ պահին հաճելի լինել որոշ ականջների համար, բայց բոլորովին չի վկայելու, որ Հայաստանը մտածված, վճռական և հետևողական քաղաքականություն է իրականացնում, և բնականաբար Հայաստանի նկատմամբ՝ որպես հուսալի գործընկերոջ։

Այնպես որ, ես միշտ այն կարծիքի եմ, որ Հայաստանը հնարավորինս պետք է պասիվ լինի ՀԱՊԿ-ի շրջանակներում, ոչ մի նախաձեռնությամբ հանդես չգա, Ղազախստան զորախումբ չուղարկի, այսինքն՝ ցույց տա իր համար ՀԱՊԿ-ի՝ անիմաստ և անօգտակար լինելը, բայց նաև կտրուկ քայլերի չդիմի։

Ինձ թվում է, որ սա ավելի մեծ հարգանք և վստահություն կառաջացնի նաև Արևմուտքում մեր գործընկերների շրջանում։ Եվ հաշվի առնելով այն, որ այսօր ոչ մեկը ՀԱՊԿ-ին լուրջ կառույց չի ընկալում, ՀԱՊԿ-ին ձևական, մակերեսային անդամակցությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ որևէ երկրի հետ անվտանգային և աշխարհաքաղաքական հարցերում համագործակցությանը։

– Որքանո՞վ են մտահոգիչ այսպես կոչված հավաստի աղբյուրների հանրայնացումը։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

– Այո՛, դա որոշակի առումով կարելի է կոչել հոգեբանական ճնշում հասարակության վրա, տագնապներ առաջացնելու փորձ, և հասարակությանը շեղել այն առաջնահերթություններից, որոնք այսօր պետք է լինեն։

Իսկ այդ առաջնահերթությունները կապված են առաջին հերթին ներքին խնդիրների վրա հասարակության կենտրոնացման հետ, որովհետև հասարակության լայն շրջանակները արտաքին քաղաքականության գործընթացներին չեն մասնակցում և կարող են միայն իրենց աշխատանքով տնտեսական զարգացմանը նպաստել, բայց փաստորեն նրանց շեղում են, ցույց են տալիս, որ ամեն ինչ կապված է միայն արտաքին մարտահրավերների պատասխանները գտնելուն, այսինքն՝ ամեն դեպքում հասարակության ապակողմնորոշումը և մասնակցությունը կարևոր գործընթացներին բացառում եմ։

Մանե Հարությունյան

MediaLab.am