«Մարդու նկատմամբ դաժանությունը օգուտ չի տա». փողոցային առևտրի դեմ պայքարի նոր մեթոդը փորձագետները լավագույնը չեն համարում

Հայաստանի Կառավարությունը Երևանի փողոցներում մանրածախ փողոցային առևտրի դեմ պայքարի ձևը գտել է. փողոցներում առևտուր անող վաճառականի ապրանքը կառգրավեն: Թեև քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ այս անգամ հաջողություն կունենան, բայց մասնագետներն ասում են՝ ընտրված մեթոդը լավագույնը չէ:

Համապատասխան կարգավորումը «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկում է Երևանի քաղաքապետարանը: Նախագիծը օգոստոսի 18-ին Կառավարությունը հաստատել է:

Այսինքն՝ եթե գործող կարգերով զգուշացնում են վաճառականին հեռացնել ապրանքը, վաճառք չիրականացնել արգելված վայրում կամ տուգանում, ապա նոր փոփոխություններով համայնքը լիազորություն է ստանում առգրավել տվյալ վաճառականի ապրանքը: Բռնագրավված սնունդը կոչնչացվի, իսկ մյուս ապրանքների դեպքում գործը կարող է հասնել դատարան:

«Կարգը հետևյալն է՝ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը արձանագրում է խախտումը՝ չթույլատրված վայրում է առևտուր իրականացվում: Արդյունքում քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, իսկ վաճառվող ապրանքը տեղում պետք է առգրավվի՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ոստիկանների հետ համատեղ»,- ներմուծվող կարգը բացատրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Սա Երևանում փողոցային առևտրի դեմ պայքարի հերթական քայլն է, որին դիմում է քաղաքապետարանը: Քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե մինչ այժմ 15-70 հազար դրամ տուգանքի տեսքով պատժի միջոցները մեղմ են եղել, և քաղաքացին հրաժարվել է դրանք վճարել՝ պատճառաբանելով անվճարունակ լինելու հանգամանքը ու շարունակել փողոցային առևտուրը: Սակայն ներմուծվող մեթոդը նրանց մեջ հույսեր է առաջացնում:

«Ես կարծում եմ, որ այս անգամ կստացվի, քանի որ ավելացել է այն բաղադրիչը, որ վաճառվող այդ ապրանքները բռնագանձվելու են։ Մինչ այս ստացվում էր այնպես, որ մենք պայմանական վարչական պատասխանատվության էինք ենթարկում, քաղաքացին այդ ապրանքները վերցնում էր, գնում, մեկ ժամ հետո վերադառնում էր նույն տեղը։ Երբ ապրանքները առգրավենք, նորից հետ չեն գա»,- ասում է քաղաքապետը։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը հիշում է՝ բազմաթիվ նախաձեռնություններ են եղել փողոցային առևտրի դեմ պայքարի համար, սակայն դրանցից ոչ մեկն արդյունք չի ունեցել: Նախ՝ նրա կարծիքով, մինչև փողոցային առևտուրն արգելելը, մարդկանց համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք չձգտեն Երևանի փողոցների տարբեր հատվածներում մթերք կամ այլ իրեր վաճառել:

«Տաղավարներ տեղադրվեն, համապատասխան տեղեր հատկացվեն առևտրի համար: Օրինակ՝ Կոմիտասի շուկան դատարկ է, մարդ չի գնում, բայց առևտուրը շուկայից դուրս է գնում: Միանշանակ է, որ փողոցային առևտուրը պետք է վերանա, բայց նման մեթոդները արդյունք չեն ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Չիլինգարյանը: Նա ընդգծում է՝ փողոցում վաճառելը և փողոցից գնելը նաև մենթալիտետի հարց է, ու մարդկանց պետք է մշտապես հորդորել, ուղղորդել, որ փողոցից առևտուր չանեն:

Նրա խոսքով՝ ապրանքի բռնագրավումը սխալ է և ուղղակի պետք է քաղաքակիրթ ձևով ստիպել, որ վաճառականը տեղափոխվի այլ վայր: «Մինչ այժմ հորդորել են, հիմա պետք է քաղաքակիրթ ձևով, ոչ թե ուժի գործադրմամբ ստիպել, որ նա հեռանա ու չթույլատրված վայրում վաճառք չիրականացնի: Մեկ-երկու անգամ որ նման ձև վարվեն, վաճառք չի իրականացվի, թե չէ ապրանքը բռնագրավելը ճիշտ չէ: Մի վեց տարի առաջ, հիշում եմ՝ էլի ապրանքն առգրավել էին, ու ոստիկանները տարել, կերել էին ապրանքը: Դա ճիշտ մոտեցում չէ»,- ասում է Չիլինգարյանը:

«Ես կատեգորիկ դեմ եմ դաժանությանը, իսկ ապրանքն առգրավելը դաժանություն է: Այն, որ փողոցային առևտուրը պետք է վերացվի, այլ կարծիք լինել չի կարող, բայց մեթոդ կա՝ մարդու նկատմամբ դաժանությունը օգուտ չի տա, միշտ հակառակ էֆեկտն է ստացվում»,- Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքն է:

Նա ասում է՝ բազմիցս խոսել է շուկաների սեփականատերերի հետ, որոնք պատրաստ են եղել տեղեր տրամադրելու փողոցային առևտրականներին իրենց ապրանքը վաճառելու համար, ավելին՝ չվերցնել երեք ամսվա վաճառատեղի վարձ: «Բայց փողոցային առևտրականների հետ չեն խոսում, չեն բացատրում, որ պետք է գնալ, քաղաքակիրթ պայմաններում առևտուր անել: Այդ ուղղությամբ ոչինչ չեն արել ու հիմա փորձում են դիմել դաժան մեթոդների»,- նշում է Պողոսյանը:

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ 2020-ի դրությամբ Երևանում գործում է 24 շուկա, որտեղ եղել է շուրջ 1350 ազատ տեղ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am