Պաշտպանության նախարարը երաշխավորված է համարում Գորիս-Դավիթ բեկ ճանապարհի անվտանգությունը

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է  Գորիս-Դավիթ բեկ ճանապարհի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշել է «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում:

«Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական խաղաղապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զինված ստորաբաժանում: Այս իրավիճակում ճանապարհի շարժի անվտանգությունը երաշխավորված է»,- ասել է նախարարը:

Վաղարշակ Հարությունյանն, անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութերին, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երևում են ադրբեջանական բանակի զինծառայողներ, նշել է, որ այստեղ մտահոգվելու որևէ բան չկա, պարզապես պետք է ուշադիր լինել:

«Եթե այդպիսի դեպքեր են լինում՝անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն ԱԱԾ-ի թեժ գծով և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեր հանրությունն իմանա։ Բայց պետք չէ խուճապի ենթարկվել, տեսանյութ է գնում համացանցում չորս օրվա, կարող է մեկ ուրիշ տեսանյութ լինի, այնպես որ պետք է այստեղ շատ հստակ գործել»,- նշել է Վաղարշակ Հարությունյանը:

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ: Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։