Շրջայց կատարեցի ատոմակայանի տարածքում․ Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան։

«Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճանաչողական այց կատարեցի Հայկական ատոմային էլեկտրակայան։ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, գլխավոր տնօրենի տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանի ուղեկցությամբ։

Շրջայց կատարեցի ատոմակայանի տարածքում, տուրբինային արտադրամասում, ծանոթացա ՀԱԷԿ-ի հիմնական տեխնիկական հատկանիշներին և սարքավորումներին, եղեա էներգաբլոկի կառավարման վահանակում, որտեղ ծանոթացա ՀԱԷԿ-ի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին, հետևեցի անձնակազմի աշխատանքին։

ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի մեքենասրահում մասնավորապես ներկայացրին ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և կայանի արդիականացման ծրագրի շրջանակներում պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021, 141 օր տևողությամբ) աշխատանքների ընթացքը, հիմնանորոգվող և նորացվող համակարգերն ու սարքավորումները։

Այնուհետև հանդիպեցի ՀԱԷԿ-ի ղեկավար աշխատակազմի հետ։ Կայանի աշխատակիցներին բարդ և պատասխանատու աշխատանքի համար շնորհակալություն հայտնեցի կարևորելով ՀԱԷԿ-ում առկա լուրջ մասնագիտական ներուժն ու կարողությունները և համոզմունք հայտնեցի, որ ատոմակայանի արդիականացման նպատակով կատարվող վերանորոգումների այս կարևոր փուլում յուրաքանչյուր աշխատակից ջանք չի խնայի աշխատանքները պատշաճ իրականացնելու և նախատեսված ժամկետներում ավարտելու համար։

Այցի ավարտին, ընդգծելով ոլորտի ինստիտուցիոնալ հիշողության շարունակականության կարևորությունը, ՀԱԷԿ-ի փորձառու մասնագետներին հորդորեցի իրենց երկարամյա աշխատանքի արդյունքում կուտակած գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդ գործընկերներին։

Հավելեցի նաև, որ մեր երկիրը հետպատերազմյան այս փուլում բարդ իրականության մեջ է, և յուրաքանչյուրս մեր աշխատանքը վերանայելու, դրան նորովի վերաբերվելու կարիք ունենք՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ ենք աշխատում տվյալ պաշտոնում։ Անհրաժեշտ է տեսնել, թե էլ ինչ է պետք անել, որ մեր աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք, մեր պետության ու տնտեսության համար ավելի շատ օգտակար աշխատանք կատարենք, քանի որ յուրաքանչյուրիս ներդրած ջանքից է շատ բան կախված»։