Երեք պահանջներ. Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

Երեք պահանջներ. Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը
Երեք պահանջներ. Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

Հնարավոր չէ ստրկացնել այն ազգին, որը բաղկացած է Աստծո կողմից տրված իրավունքների ճանաչումն ու գնահատումը սերտած քաջատեղյակ մարդկանցից: Բռնակալության սկիզբը տգիտության գոտում է:
Բենջամին Ֆրանկլին
Մեր ազգային-քաղաքական խավի գերակշիռ մեծամասնության լիակատար անպատասխանատվությունը ստիպեց ինձ գնալ քաղաքական բողոքի ծայրահեղ միջոցի` հացադուլի:
Հարկ չկա որեւէ մեկին բացատրել մեր ազգի այսօրվա վիճակի ամբողջ ողբերգությունը: Դա հիմնավորապես հայտնի է եւ բուն քաղաքական դասակարգին, եւ համայն ազգին: Ես` որպես քաղաքացի եւ հրապարակային գործիչ, այլեւս չեմ կարող ու չեմ հաշտվելու այսպիսի վիճակի հետ: Քաղաքական իմ գործընկերների հանդեպ հարգանքի կանխավարկածից ելնելով, ես իմ բողոքը սկսեցի միայն ու միայն ժողովրդի` արդեն հանրահայտ Պահանջի առաջադրմամբ` խնայելու համար նրանց ինքնասիրությունը եւ հույս տածելով, որ խիղճ կոչվածն անդառնալիորեն չի լքել այդ մարդկանց:

«Ազատության ծոմի» ողջ ժամանակաընթացքում ես, ի վերջո, համոզվեցի, որ մեր «ընտրանու» մի պատկառելի հատված ոչ խիղճ ունի, ոչ առողջ դատողություն: Այդ մարդիկ հանգիստ անցնում են կողքով եւ անտարբեր նայում բոլոր այն դժվարություններին, որոնցում ապրում է մեր ժողովուրդը: Նրանք անկեղծորեն համարում են, որ կարելի է տարիներով չարաշահել ժողովրդի վստահությունը, փորձարկել նրա համբերությունը, քամահրել իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը: Մի խոսքով` մշտապես պղտորել սեփական բարեկեցության ակունքը:

Իմ ահազանգը հնչեցնելու պահից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ իրենց զորակցությունը հայտնեցին ինձ: Այսօր ես իրավունք ունեմ խոսելու նաեւ նրանցից շատերի անունից: Քաղաքական անդաստանի իմ հարգարժան գործընկերներ` կառավարող կոալիցիա, ՀՀ գործող նախագահ, իշխող եւ ընդդիմացող դասակարգեր, դուք ցանկանում էիք իմանալ իմ քաղաքական առաջնահերթ պահանջները` ահա դրանք.

Առաջին` ես պահանջում եմ գումարել Սահմանադիր ժողով` Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար: Երկրի Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից:

Երկրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը: Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են:

Երրորդ` ես պահանջում եմ, որ Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով: Կարիք չկա ինչ-որ մեկին ապացուցել, որ Հայաստանի կողմից Արցախի միջանկյալ կարգավիճակի «մադրիդյան» ճանաչումն Ադրբեջանի կազմում` մինչեւ նոր հանրաքվեի անցկացումը, հակասում է ԼՂՀ սահմանադրության տառին ու ոգուն: Ժողովրդի այս պահանջի մերժումը համազոր է արցախցիների կամքի անտեսման:

Իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ճանապարհին` ահա սրանք են քաղաքական իմ պահանջները: Ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին, քաղաքական բոլոր գործընկերներին` անվերապահորեն պաշտպանել դրանք:

Ես կոչ եմ անում նաեւ բոլոր նրանց, ովքեր ցայսօր իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում օտար տերություններից կախյալ ավտորիտար, պլուտոկրատիկ եւ կոռուպցիոն իշխանակարգի դեմ իմ բողոքին` սատար կանգնել պարզ ու շիտակ այս պահանջներին:

Թանկագին հայրենակիցներ, մեր պետության ճակատագիրը կախված է յուրաքանչյուրիցս: Եկել է ժամը, երբ ազգը պետք է իր համար կարեւոր ընտրություն կատարի. ապրել առաջվա պես կամ վերափոխել իրեն վիճակված այսօրը:

Արդարությունը մեր զենքն է, հայաստանակենտրոն փոփոխությունների կամքը` հաջողության գրավականը:

Իսկ մնացյալի մասին` արդեն միասին եւ հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք:

25 ապրիլի 2011թ.

Երեւան