Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ԳՇ պետի հետ

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող ակցիայի մասնակից Անահիտ Ադոյանը:

«Բոլորն արդեն մեզ ընդունել են, բոլորին մեր հարցերն ուղղել ենք, սպասում ենք արձագանքի: Մենք ուզում ենք, որ Օնիկ Գասպարյանն ընդունի մեզ, հասկանանք, թե ինքն ինչ կարող է ասել»,- ասաց Ադոյանը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչև այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

«Երբ որոնողական աշխատանքները տեղի ունենան, մենք այս ամբողջ խմբով կմիանանք դրանց»,- նշեց Անահիտ Ադոյանը: