«Հարսի զգեստ էինք առել, մատանիներ ու անհամբեր սպասում էինք Գևորգիս վերադարձին, ցավոք, չհասցրինք»․ Գերմանիայից՝ առաջնագիծ

«Երբ 20 տարեկանը լրացավ, տոմսն առավ ու ասեց՝ մամա՛, խնդրում եմ, որ իմ որոշումը հարգես, ես պիտի գնամ իմ հայրենիք, քանի որ ամեն հայ պարտավոր ա իր պարտքը տա իր հայրենիքին, անկախ նրանից, թե որտեղ ա ապրում»,- հուզմունքով հիշում է 43-ամյա Թամարա Գևորգյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

21-ամյա Գևորգ Գևորգյանը ցանկանում էր սրտաբան-վիրաբույժ դառնալ, ընդունվել և մեկ տարի սովորել է Գերմանիայի պետական բժշկական համալսարանում։ Ուներ սիրած աղջիկ, նշանվել էր և նույնիսկ հարսանիքի օրը նշանակել: «Հարսի զգեստ էինք առել, մատանիներ ու անհամբեր սպասում էինք Գևորգիս վերադարձին։ Ցավոք, չհասցրինք»,- ասում է որդեկորույս մայրը ու նշում՝ Գևորգը իրենց տան լույսն էր ու լույս դարձավ։

Գևորգը Գերմանիայից վերադառնալով՝ ժամկետային ծառայության է անցել Մեղրիում, պատերազմն սկսվելուն պես տեղափոխվել է Ջրական և մասնակցել թեժ մարտերի։

Մոր խոսքով՝ որդին հոկտեմբերի 3-ին վիրավորում է ստացել, սակայն շարունակել է պայքարը։ Թամարան հուզմունքով ասում է՝ որդին շատ սխրանքներ է գործել մարտի դաշտում, Գևորգի զինակից ընկերները որոշ մանրամասներ են պատմել մորը:

«Ընկերը պատմում էր, որ գնացել են հետախուզության, փորձել են իմանալ՝ թշնամի կա՞, թե՞ չէ, որ առաջ գնան։ Գևորգս 300 մետր հեռու ա լինում, ընկերը մտնում ա սեփական տուն՝ պադվալ, որ հասկանա՝ մարդ կա թե չէ: Շնչառության ձայն ա լսում, դուրս ա գալիս։ 5 հոգով ավտոմատները պահում են գլխին, վերցնում զենքը, Գևորգիս ընկերը գերի ա ընկնում: Բարձր-բարձր ասում ա՝ իմ ախպերը ստեղ ա, ու մենք գերի չենք ընկնի: Գևս լսում ա, մոտենում ա, հասկացնում ա, որ սողեսող պառկի գետնին, հետո Գևորգը հինգին էլ միանգամից վերացնում ա»։

Մեկ այլ զինակից ընկեր Թամարային պատմել է, որ Գևորգը, իր կյանքը վտանգի ենթարկելով՝ ընկերոջ մարմինն է դուրս բերել՝ հակառակվելով հրամանատարին։

Թամարան որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 9-ին, 10-ին այլևս որդին չի զանգել։

«Հոկտեմբերի 10-ին շատ ուժեղ բոյեր ա եղել, էդ ամեն ինչի միջով անցնելուց հետո գիշերը 2-ի կողմերը մեքենաներից զենքերը դատարկելիս են եղել, վերևից անօդաչուն ա խփել»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Որդուց զանգ չստանալով՝ մայրն ահավոր անհանգստացել է, քանի որ գիտեր՝ ինչ էլ լիներ, որդին որևէ կերպ կապ կհաստատեր՝ իմանալով, որ մայրն անհանգիստ է։

«Հոկտեմբերի 9-ին զանգեց, ասեց՝ մե՛րս, քեզ լավ կնայես, ես քեզ էնքան շատ եմ սիրում ու կարոտում ու անջատեց, չսպասեց, որ ասեմ՝ բա ես քեզ ինչքան շատ եմ սիրում, տղե՛ս։ Ամսի 10-ին էլ զանգ չեղավ․․․»- պատմում է մայրն ու ասում, որ սկսել է բարեկամների միջոցով հետաքրքրվել, սակայն իրեն ոչինչ չեն ասել։

Հոկտեմբերի 11-ին Թամարան Գերմանիայից վերադարձել է Հայաստան՝ իմանալով, թե որդին ծանր վիրավորում է ստացել։

Սակայն Հայաստան հասնելուն պես արդեն իմանում է, որ որդին զոհվել է։

Մայրն ասում է՝ մինչև օրս էլ չի պատկերացնում, որ որդին կյանքից հեռացել է։

«Ինքը միշտ ներկա ա ինձ համար։ Մենք ընկերներ էինք, եղբայրներ, մայր ու որդի, ամեն ինչ, մեր սերն անբացատրելի էր, դրա համար ես չեմ կարողանում ապրել, մեր տան փոքրն էր, երկու քույրերի եղբայրը, մեր տան լույսը, անհնար ա ապրել առանց Գևի»,- մորմոքով ասում է Թամարան։

Մայրն ասում է՝ որդին շատ հայրենասեր էր՝ դեռ փոքր հասակից։ 8-րդ դասարանում Հայոց ցեղասպանության մասին շարադրություն էր գրել ու պարգևի արժանացել։ Մայրը հիշում է, որ որդուն հպարտորեն գրկել է՝ ինչին ի պատասխան որդին ասել է․ «Մա՛մ, ես չեմ հպարտանում կամ ուրախանում, որ պարգև եմ ստացել, ես հպարտանում եմ, որ կարողացել եմ հայի պատմությունը օտար երկրին ներկայացնեմ»։

Մոր խոսքով՝ Գևորգը շատ էր սիրում հայոց եռագույնը, հպարտանում էր դրոշով և ամեն ինչ փորձում էր անել, որ Գերմանիայում բոլորը դա նկատեն։

«Գերմանիայում իր սենյակի պատուհանից եռագույն էր ծածանվում, բայց դա չէր թույլատրվում, դրա համար մենք ամեն շաբաթ տուգանվում էինք:  Երբ ասում էի՝ Գև ջան, ախր ամեն շաբաթ տուգանվում ես, էդքան գումար ես տալիս, ասում էր՝ մա՛մ ջան, թող էս գերմանացիները հասկանան, որ իմ եռագույնը անգին ա, ինչքան էլ վճարեմ՝ անգին ա, մնալու ա իմ պատուհանին։ Պատերազմի օրերին էլ որ զանգում էր, ասում էր՝ մե՛րս, Մասիսի գլխին եռագույնը դնելու ենք, ինքն ապրում էր եռագույնով»։

Մայրն ասում է՝ Գևորգը հրաշալի հայոց պատմություն գիտեր, եկեղեցիները, կառուցման տարեթվերը։ Հայերեն էր սկսել սովորել և հայոց պատմությունը ուսումնասիրել նաև Գևորգի նշանածը՝ ազգությամբ գերմանացի Լիան։

Թամարան ասում է՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը գլխիվայր։

«Ես մեղքի զգացումով եմ ապրում, Եռաբլուր որ մտնում եմ, բոլորի առաջ մեղավոր եմ զգում, որ ես կամ, իրանք չկան»,- ասում է ու կրկին հուզվում Թամարան։

Գևորգ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am