«Մեր ժողովուրդն այս կապիտուլյացիայի հետ չի համակերպվի, և, բնականաբար, հանրային ընդվզումը լինելու է անխուսափելի». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, արտահերթ ընտրությունների օրակարգը դուրս է մղվել, իշխանությունը նշում է, թե չկա հանրային պահանջ: Դրանով ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը: Արդյոք այս քայլով արտահերթ գործընթացներն ավելի չե՞ն արագանում: 

– Ես համաձայն չեմ այն գնահատականին, որ չկա հանրային պահանջ: Լսել եմ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողներին տված բացատրություններն այդ հարցի հետ կապված: Նա նշեց, որ 90 համայնքներում հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ և դրա հիման վրա եկել են եզրակացության, որ հանրային պահանջ չկա: 

Բայց Հայաստանում 960 գյուղական համայնք կա և 40-ից ավելի քաղաքային համայնքներ, իսկ ամենամեծ համայնքը Երևանն է: Փաստորեն Ալեն Սիմոնյանի ասածից դուրս է գալիս, որ իրենք ունեցել են հանդիպումներ մեր բնակչության ամենաշատը 10 տոկոսը չգերազանցող համայնքների ներկայացուցիչների հետ: 

Հայաստանում ամենախոշոր գյուղերը 3-4 հազար բնակիչ ունեն, և 90 համայնքը 270 հազար բնակչություն ունեցող հատված է, իսկ Հայաստանի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ 2,7 միլիոն է: Եվ պնդել, որ ընտրությունների համար հանրային պահանջ չկա, մեծագույն սխալ է, որը ես լուրջ չեմ ընդունում:

Այլ բան է, որ եթե իշխող կուսակցությունը պնդում է, որ հայ ժողովուրդը չունի հետկանչի իրավունք, չի կարող պահանջել, որպեսզի իրենց քաղաքական ուժը ժամանակից շուտ մանդատները վայր դնի, և նոր ընտրություններ հայտարարվեն, և այդ հիմքով է համարում, որ իրենք պետք է շարունակեն կառավարել երկիրը: 

Այստեղ իրենք իսկապես մտնում են մի այնպիսի տիրույթ, որն իր քաղաքական հետևանքներով հավասարազոր է իշխանության յուրացման: 

Ակնհայտ է, որ պատերազմում պարտությունից հետո արտահերթ ընտրությունները կոչված են նոր լեգիտիմ իշխանություն ձևավորելու և կոչված են երկիրը առաջ տանելու, իսկ այն դիրքորոշումը, որը ներկայացրեց վարչապետը, վկայում է, որ «Իմ քայլը» դաշինքը մտադիր է գնալ ժողովրդի դեմ առճակատման և, ըստ էության, որդեգրում է նախորդ իշխանությունների վարքագիծը, որը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: 

Կարծում եմ, որ, այո՛, այդ հայտարարությունը մեր քաղաքացիների մեծամասնությանը դուր չի եկել, և մենք այս ամենի արդյունքում ավելի մեծ հանրային դժգոհություն ենք ստանալու, և այսպես թե այնպես այս կառավարությունն առերեսվելու է այն փաստի հետ, որ արտահերթ ընտրություններ հարկավոր են, իսկ եթե ոչ, ապա մենք նորից կվերադառնանք պրոտեստային շարժումներին և հանրային ընդվզմանը: 

Այն փաստը, որ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն չէին կարող մոբիլիզացնել հանրությանն իրենց շուրջ, որևէ կերպ չի նշանակում, որ այդպիսի մոբիլիզացիա չի կարող լինել, և արտահերթ ընտրությունների պահանջը հանրային աջակցություն չի կարող ստանալ: 

Եվ հղումներն առ այն, որ ընդդիմությունը այդ վերաթողարկած ուժերն են, նույնպես սխալ է, որովհետև Հայաստանում քաղաքական դաշտն ավելի լայն է, իհարկե, այսօր արտախորհրդարանական ընդդիմությունն առավել կարևոր դերակատարություն ունի, քան երբևիցե: 

Եվ համարել, որ եթե այդ երեք կուսակցությունները արդյունավետ չեն գործել, հանրությունն իրենց մերժում է՝ հիշելով իրենց պահվածքը և դերակատարությունը Հայաստանում նախորդ ռեժիմի ժամանակ, որևէ կերպ չեն կարող տարածվել ողջ քաղաքական դաշտի վրա: 

Այդ քաղաքական ուժերը կան, և լինելու է այդ ընդվզումը, միավորումը այս իշխանությունների որդեգրած քաղաքականության դեմ, և այդ քաղաքականությունն ուղղված է ժողովրդավարության դեմ, և դրա համար ինքն ապագա չունի:

– Կարծում եք՝ հենց այդ գի՞ծն է որդեգրել իշխանությունը, և տարբեր վատ սցենարներ են շրջանառվում, որ այս հայտարարությունը դարձյալ մեծացնում է անորոշությունը:

– Ընդհակառակը, որոշակիություն է մտցնում, և քաղաքական սպեկտրի այն ուժերը, որոնք մերժում են նախկին ռեժիմի քաղաքական ներկայացուցիչներին և մերժում են պարտության բերած կառավարությանը, այսօր համախմբվելու անհրաժեշտություն ունեն, հանրությանը մոբիլիզացնելու անհրաժեշտություն: 

Այդ հստակությունն այսօր արդեն կա, և ես ոչ մի անորոշություն այստեղ չեմ տեսնում, ես տեսնում եմ պարզապես վերականգնվող դերակատարություն արտախորհրդարանական ընդդիմության համար:

– Առաջիկայում ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Արտահերթ ընտրություններ կլինե՞ն արտախորհրդարանական ուժերի միավորման արդյունքում:

– Կարծում եմ՝ այո՛, ժողովրդավարության դեմ գնալը իշխող քաղաքական ուժին որևէ դրական արդյունքի չի բերի, մեր ժողովուրդն այս կապիտուլյացիայի հետ չի համակերպվի, և, բնականաբար, հանրային ընդվզումը լինելու է անխուսափելի: 

– Ի վերջո, այս իշխանությունները նորից չէի՞ն վերընտրվի, եթե վաղն ընտրություններ լինեին, կարծում եք՝ վախե՞ր ունեին, որ հնարավոր է շատ ձայն չհավաքեն, մեծամասնություն չկազմեն խորհրդարանում:

– Բնականաբար, դա է ազդում նրանց ընդունած որոշումների վրա: Առհասարակ, նման պայմաններում նրանք վերարտադրվելու նույնիսկ նման խնդիր չպետք է դնեն իրենց առջև, նրանք ընդամենը խնդիր ունեն հեռանալու, և Հայաստանին հնարավորություն ստեղծելու նոր լեգիտիմ իշխանություն ձևավորելու: 

Նրանց վերարտադրվելու ցանկությունն արդեն մարտահրավեր է մեր ժողովրդին, որովհետև դա փորձ է կապիտուլյացիան փաթաթելու ժողովրդի վզին: 

Իրենց ձախողումը ուզում են ամբողջ հայ ժողովրդի և ոչ միայն այս սերնդի, այլ նաև հաջորդ սերունդների համար իրողություն դարձնել: Սա հանրության դեմ ուղղված անթույլատրելի մտադրություն է, և վստահ եմ, որ մեր հանրությունը դա չի հանդուրժի:

Մանե Հարությունյան

MediaLab.am