Մյունխենի Բարձրագույն երկրային դատարանը երեք անձի դատապարտել է Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիոն գործողություններ պատրաստելու համար։
Գլխավոր մեղադրյալը՝ ռուսական ծագումով գերմանացի Դիտեր Շ․-ն, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման։ Դատարանը նրան ճանաչել է մեղավոր՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ մասնակցելու և լրտեսության համար։ Մյուս երկու ամբաստանյալները ստացել են պայմանական պատիժներ՝ վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։
Ըստ դատախազության՝ Դիտեր Շ․-ն 2014-2016 թթ․ կռվել է Ուկրաինայում՝ ռուսամետ զինված խմբերի կազմում, իսկ 2023-ին սկսել է աշխատել Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար Գերմանիայում։
Քննության տվյալներով՝ մեղադրյալները հետևել են ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տեղափոխությանը, հետաքրքրվել են Բավարիայի նավթավերամշակման գործարանի և ԱՄՆ զինվորականների տեղակայման վայրերով։ Նրանք նաև ծրագրել են պայթեցումներ և հրդեհներ՝ խոչընդոտելու Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։



















