ՀՔԱՎ. Վարչական դատարանն արգելել է ՀՀ ՊՆ-ին զորակոչել քաղաքացուն՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը

ՀՔԱՎ. Վարչական դատարանն արգելել է ՀՀ ՊՆ-ին զորակոչել քաղաքացուն՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը
ՀՔԱՎ. Վարչական դատարանն արգելել է ՀՀ ՊՆ-ին զորակոչել քաղաքացուն՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը

ՀՀ վարչական դատարանը 2019թ․ հուլիսի 25-ին բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդությունն ու ՀՀ պաշտպանության նախարարին արգելել զորակոչել զորակոչիկ Ա․ Խ․-ին՝ մինչ նրա վերաբերյալ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Ա․ Խ․-ին տարկետում տրամադրելու հարցով նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարան էր դիմել դեռևս 2018թ․ հոկտեմբերի 29-ին։ Դրա մասին Հ․ Հակոբյանը 2019թ․ հուլիսի 19-ին գրությամբ տեղեկացրել է նաև Լոռու մարզային զինվորական կոմիսար Ա․ Թումանյանին և խնդրել կասեցնել Ա․ Խ․-ի զորակոչման հարցը։ Չնայած դրան՝ Ա․ Թումանյանն անտեսել է այդ հանգամանքն ու 2019թ․ հուլիսի 23-ին զինծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիր ներկայացրել Ա․ Խ․-ին։ Ինչից հետո Հ․ Հակոբյանը Վարչական դատարանին միջնորդել է հայցի ապահովման միջոց կիրառել՝ տվյալ դեպքում արգելելով զորակոչել հայցվորին։ Քանի որ զորակոչելու դեպքում ոչ միայն կդժվարանա, այլև անհնարին կդառնա դատական ակտի կատարումը։

2019թ․ հուլիսի 25-ի որոշմամբ Վարչական դատարանի դատավոր Ա․ Ալավերդյանը հիմնավոր է համարել այդ պնդումը և դատական ակտի կատարումը անհնարին չդառնալու կամ չդժվարանալու համար որոշել է բավարարել միջնորդությունն ու հայցի ապահովման միջոց կիրառել․ պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարին արգելել զորակոչել Ա․ Խ․-ին մինչ վարչական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը։

Մանրամասները՝ այստեղ: