«Պարզվեց, որ պետությունների հսկայական սպառազինությունը գրոշի արժեք չունի և չի կարող պաշտպանել այս փոքրիկ վիրուսից». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Մնա տանը-փրկիր կյանքը» կոչով էիք հանդես եկել։ Չնայած կոչերին՝ շատերը լուրջ չեն ընդունում խստացումները, շարունակում են տաղավարներում նարդի և զառ խաղալը։ Ինչո՞ւ։

– Կարծում եմ՝ սա մոտեցում է։ Ամեն ինչ կարելի է վերականգնել, հարցը ժամկետներին է վերաբերում, ունակություններին, տաղանդին, աշխատասիրությանը, բացի մեկ բանից՝ կյանքից։ 

Կյանքն ամենամեծ արժեքն է։ Կյանքից ավելի կարևոր բան չկա։ Մենք մտածում ենք՝ տնտեսությունը կընկնի այս կամ այն վիճակի մեջ, այո՛, բայց մենք ինչո՛վ կարող ենք արդարացնել մարդկային զոհերը, ինչ-որ ֆինանսական պրոյեկտո՞վ, ինչ-որ մի գործարանո՞վ, կարծում եմ՝ ոչ։

Եվ ընդհանրապես, այս ամբողջ պատմությունը մեզ տալիս է հնարավորություն միգուցե վերաիմաստավորելու՝ ինչ է կյանքը, ինչի վրա ենք մենք ծախսում գումարը, ինչ է նշանակում պաշտպանություն, ինչու ենք մենք անպաշտպան։ 

Ամենամեծ գումարները մարդկությունը և պետությունները ծախսում են սպառազինության վրա, և պարզվեց, որ այդ ամբողջ սպառազինությունը գրոշի արժեք չունի և չի կարող պաշտպանել մեզ այս փոքրիկ վիրուսից, որ այսպիսի տարածում գտավ։ 

Գուցե սա հենց նշան է, որ հասկանանք, որ այն, ինչ մենք անվանում ենք պաշտպանություն, բացարձակապես պաշտպանություն չէ, այլ գուցե պաշտպանությունը բնության հետ ներդաշնակ ապրելը, բնության օրենքներին ենթարկվելը և դրանք հասկանալն է։ 

Գուցե այս ամենը, ինչ կատարվեց, պետք է բերի մեզ հասկացողության, որ բոլոր պրոբլեմները, որ մենք փորձում ենք առաջ քաշել՝ անվանելով ազգային, պետական և այլն, ոչինչ են համամարդկային պրոբլեմների առջև, որոնք կարելի է հաղթահարել միայն միասնականությամբ։

Սա մտածելու հարց է, որովհետև երբ մարդիկ հարյուրամյակներ շարունակ սրա մասին խոսում էին, նրանց մեղադրում էին, որ պարզապես ռոմանտիկ են, կյանքից բան չեն հասկանում, իրականությունը չեն հասկանում, ու մարդկությանը բերեց հասցրեց պրակտիկ իրականության, մարդիկ հասկանում էին և ընկալում էին այս փոքրիկ երկրագունդը որպես զուտ փող սարքելու միջոց։ 

Սա լուրջ ահազանգ է։ Եվ ինչպես եղավ երրորդ համաշխարհային պատերազմի ահազանգը, որ ստեղծվեց ՄԱԿ-ը, երկրներն ընդունեցին որոշակի օրենքներ, որոնցով պետք է առաջնորդվեին, մինչև դա չքանդվեց վերջին ժամանակներս։ 

Գուցե սա էլ բերի հասկացողության, որ մեզ թվում է, որ մենք շահում ենք տեղական ինչ-որ առաջնությունների միջև, բայց իրականում զոհաբերում ենք ամենակարևորը՝ մարդկային կյանքը, որը, պարզվեց, անպաշտպան է և անպաշտպան է միգուցե մեր մեղավորության պատճառով, միգուցե մենք պաշտպանությունն ուրիշ տեղ ենք փնտրել, երբ պաշտպանությունն իրականում պետք է փնտրեինք այստեղ։ Իսկ այդ պրոբլեմը հնարավոր չէ լուծել այնպես, ինչպես լուծվում են ուրիշ պրոբլեմները առանձին-առանձին։

– Այդ գիտակցումը ինչո՞ւ չկա կամ կա, բայց համընդհանուր չէ՝ հաշվի առնելով, որ այսօր էլ, թեև խստացումներին, խախտվում են սահմանված կանոնները։

Գիտակցությունն այնպիսի բան չէ, որ մեկ օրվա ընթացքում կամ կախարդական փայտիկի շարժումով գա տեղը, կարծում եմ՝ սա ժամանակ է պահանջում։ Եվ հետո, մենք հաճախակի խոսել ենք արժեքային համակարգի մասին, սա միայն մեր պրոբլեմը չէ։ 

Սեփական կյանքի հանդեպ այդպիսի թեթևսոլիկ վերաբերմունքը որտեղի՞ց է գալիս։ Գուցե գալիս է նրանից, որ մենք չենք գիտակցում, թե ով ենք այս երկրագնդի վրա, թե այս ինչ երջանկություն է, որ ծնվել ենք ընդհանրապես, այս ինչ զուգադիպությունների են համընկել, որ մենք ծնվել ենք, և ինչի համար մենք պետք է օգտագործենք մեր կյանքը։ 

Եվ այստեղ կա ևս մեկ շատ ցավալի մոտեցում. ուրիշի ցավն իմ ցավը չէ, ուրիշի ցավը մեզ չի կպնում։ Մենք ավելի շատ ոչ թե մտածում ենք, թե ինչպես համախմբված այդ փորձության դեմն առնենք, այլ միգուցե դա ինձ չի կպնի, կոպիտ ասած, ես կպլստամ, այն ինձ կշրջանցի։ 

«Ես կպլստամ»-ը ամենավտանգավոր բանն է։ Իսկ եթե մենք ապրեինք այն գիտակցությամբ, որ մեր բարեկամին, մեր ծանոթին, մեր հարազատին կպած ցավը մեր ցավն է, մենք հաստատ ուրիշ ձևով կմոտենանք, ոչ թե կբաժանենք՝ ես բարի եմ, ինձ չի կպնի, ես չար եմ, ինձ չի կպնի։

– ԲՀԿ առաջնորդն էլ ասում էր, որ իրեն կորոնավիրուսը չի կպնի, քանի որ ինքը բարի մարդ է։

Դե, երևի մի բան գիտի էլի (ծիծաղում է)։ Իհարկե, շատ հետաքրքիր չափանիշներ են։ Այդ գավառականությունը և տգիտությունը, որ այդքան հրճվանք է առաջացնում որակի մարդկանց մոտ… Այ սրանից է պետք դուրս գալ, իսկ ինչպես կարելի է սրանից դուրս գալ՝ կրթվել, որոշակի ազգային արժեքային համակարգ ստեղծել։ 

Պետք է հասկանանք, որ եթե մեր մերձավորին կպավ, ուրեմն մեզ է կպել, ուրիշի դժբախտություն չկա, ուրիշի ողբերգություն չկա, սեփական երջանկությունը ուրիշի դժբախտության վրա չեն կառուցում, այդպես չի լինում։ 

Էլի եմ ասում, ես այստեղ միայն մեր պրոբլեմը չեմ տեսնում, սա համաշխարհային պրոբլեմ է, այս վիրուսը ցույց տվեց, որ աշխարհն ընդհանրապես սրան պատրաստ չէ։ Եվ մենք այնքան ենք զբաղվել ամենօրյա մանր-մունր հարցերով, որ բաց ենք թողել ամենագլոբալ հարցը՝ մեր պաշտպանության հարցը, և մեզ թվացել է, որ եթե շոր ենք հագնում, դիմակ ենք դնում կամ սահման ենք քաշում, մենք պաշտպանված ենք։ 

Պաշտպանվածությունը շատ ավելի մեծ և գլոբալ խնդիր է, քան այդ մանր-մունր պաշտպանական դիրքերը։ Նա կարող է բանակն էլ կործանել։ Եվ բազմաթիվ երկրներ, որոնք պատերազմի մեջ են, կարող են վերանալ այս վիրուսից, մինչև իրար հետ հարաբերություններ ճշտեն։ 

Սա այնքան մտածելու տեղիք է տալիս, որ մեկ-մեկ մտածում ես՝ գուցե շնորհակալություն է պետք հայտնել, որ նման բան տեղի ունեցավ։ Սթափեցնող ինչ-որ բան կա, երբ մարդու ուշքը գնում է, ապտակում են, որ ուշքի գա, սա այդ ապտակի պես բան է։ Ինձ համար ամենավտանգավորը, որ մարդկությունն այս ամենից հետո շարունակի նույն ձևով ապրել և մտածել։ 

Միայն մենք չէ։ Բոլորս պետք է իրար ձեռք մեկնենք ու հասկանանք, որ այս կարգի պրոբլեմը վաղը կարող է ուրիշ ձևով ծագել, մի քանի ահազանգ եղավ, մենք դա էլ չհասկացանք, տարբեր երկրներում հրդեհներ եղան, ասացինք՝ դե, մեզնից հեռու է, բայց ինչն է հեռու, մի փոքրիկ երկրագունդ է։ 

Եթե մի տեղ ճգնաժամ է, ողբերգություն է, դա մեր տա՞նը չի կատարվում։ Թե մեր քաղքենիական բնակարանն է ու վերջ, թքած, թե այնտեղ ինչ կլինի։ Իմ բնակարանը ամբողջ երկրագունդն է, ամբողջ երկիրն է, և եթե ես ուզում եմ, որ դա մաքուր լինի, անվտանգ լինի, ես պետք է բոլոր հարևանների հետ զբաղվեմ այդ պրոբլեմը լուծելով։

Եվ ես չեմ կարող միայնակ իմ փոքրիկ հողակտորի վրա, լինի 6 քառակուսի մետր, թե հարյուր հազար քառակուսի կիլոմետր, այդ հարցը լուծել։ Կամ բոլորս միասին կհասկանանք և կփորձենք ձեռք ձեռքի տված այս վիճակին դիմադրել, կամ այս վարակը կանցնի, մենք նույն ձևով կշարունակենք և չենք նկատի, որ կգա մի նոր ալիք, գուցե շատ ավելի սարսափելի…

Մանե Հարությունյան

MediaLab.am