Հանրապետականները

Հանրապետականները
Հանրապետականները

Միակ կուսական բանը Հանրապետական իշխանության մեջ անբարոյականությունն է: Միակ ափսոսանքը՝ որ հայ են: Միակ հանդուրժելին՝ ճաղերի հեռանկարը: Միակ հաճելին՝ որ մեռնելու են: Միակ մարդկայինը՝ որ երեխաներ ունեն: Ամենաանմարդկայինը՝ որ այդ երեխաները մեծանալու են:

Ամենատհաճը՝ որ հանրապետականները կունենան գերեզմաններ: Ամենազզվելին՝ որ մեզ ենթարկելու են դրանք պղծելու փորձությանը: Միակ թափանցիկը նրանց մեջ՝ Սերժ Սարգսյանի ականջներն են: Միակ անթափանցը՝ նույնպես: Ամենացավալին՝ որ ունեն խոսքի իրավունք: Ամենատգեղը՝ որ հասկանալի են: Ամենանվաստացնողը`որ նույնքան ուղղահայաց են, որքան` մենք: Ամենամխիթարականը` որ իրենց մեզանից առանձնացրել են կուսակցությամբ: Թեպետ դա նույնն է, ինչ զինվորների խումբը, որն ամբողջ ժողովրդին կանգնեցրել է գնդակահարության պատի տակ:

Նրանք ուրիշ խտացում են: Այդպես առնետներն են հավաքվում ցորենի ամբարում: Այդպես ադրբեջանցիներն էին Սումգայիթում կուտակվում հայերի տների առաջ, որպեսզի մորթեին նրանց: Պատմությունը նրանց տեսել է տարբեր դեմքերով` Ներոնի պոեզիան ծափահարողներից մինչև ժողովրդի թշնամիների գնդակահարությունն ու հրեաների ջարդը ծափահարողները: Ինչ-որ հրաշքով այդպիսիք այսօր հայ են: Եվ գուցե՝ միայն հայ: Եվ նրանք ժպտում են: Եվ նրանք անփոխարինելի են, որովհետև մեր որդին են, մեր մայրը, մեր զինվորը կամ հրամանատարը, մեր դուստրը և սիրած աղջիկը: Պատմականորեն առանց այսպիսիների հնարավոր չէ: Բայց պատմականորեն անբացատրելի է, երբ արդեն մնացել են միայն այսպիսիք: Մարդկայնորեն իրենք ամենուր սադրում են ոճրագործի: Նրանց գոյությունն արդեն իսկ պատկերացնել անհնար է: Բայց նրանք արդեն մենք ենք: Նրանք կան: Նրանք տնօրինում են եթեր ու Պանթեոններ: Նրանց փողոցներում չեք տեսնի, երբ անհույս եք, և կտեսնեք, երբ վերջին հույսն են: Նրանք երազանքներ չունեն, որովհետև երազանք ունեցող տականքը ամուլ լինելու բարոյականություն ունի:

Ամենաողբերգականն իշխանավորի մեջ` երբ գիտի սրտի տեղը: Ամենածիծաղելին` սրտի ցավը: Նույնիսկ մահը մեզ չի հավասարեցնում: Որովհետև նրանք մեռնում են բոլորից հետո: Նրանց գոյության դաշտում է կորել մարդը: Նրանց գոյության դաշտում է աստվածացվել երկու եղբոր, հոր և որդու, կնոջ և ամուսնու` միմյանց ուղղված աղմուկը, որն անլսելի է դարձրել վերջին ջանքով ապրողի տնքոցը: Նրանց գոյության դաշտում է կացինը դարձել իրավացի լինելու գործիք, իսկ հրացանը` փողը վերադարձնելու սունդուկյանական դավթար: Նրանց` հանրապետականին, դարձի բերել հնարավոր չէ` լեդի Մակդուֆի այդ շառավիղներին: Նրանք ներում են ամեն հիմարություն, որն իրենց չի վշտացնում: Ահա թե ինչ են սովորել եկեղեցուց: Նրանք անվրդով արարածներ են, ինչպես Ադամը Եվայից առաջ: Նրանք մահ սփռողներ են, ինչպես Ադամը Եվայից հետո:

Նրանց վրա բախտը չի հոգնում: Սակայն ամեն հնարավորություն վերջինն է: Նրանք ցանկացած ժողովրդի կհերիքեն, որպեսզի այդ ժողովուրդը ոչնչացնի և ինքնաոչնչանա, բայց այս հողն ասես տականքին ագահաբար կուտակելու և պարտակելու հոգատարություն ունի: Այն չի ուզում, որ իր տականքն ապականի ամբողջ աշխարհը: Ահա ինչու ինքը շռայլում է իր Պանթեոնը, միայն թե, ասենք, մարդակերությունից չդժգոհող Կոնգոն այսպիսիներից հեռու մնա: Հանրապետականները մարդ չեն ուտում զուտ այն վախից, որ մի օր էլ կուտեն միմյանց և, նույնիսկ, իրենք իրենց:

Այս մարդիկ արդեն այնքան անխափան են իրենց տականքության մեջ, որ հետաքրքիր չեն որպես գրական կամ գեղագիտական կերպար: Չափազանց միագիծ ու միատոն կլինի սյուժեն: Կարիք էլ չկա այս մարդկանց մասին գրելու, որ նրանք ընտրություններ են կեղծում, որովհետև իրենք իրենց չեն կեղծում: Նրանք այլևս իշխանություն մուրացողներ չեն, որովհետև կարելի է մուրալ ստելով: Նրանք այլևս չեն ստում: Նախ` որովհետև նրանց հավատացողներ չկան, երկրորդ` որ վարակի մեջ ճշմարտություն չի լինում:

Երկակի ոչինչ չկա այս մարդկանց մեջ, ինչպես, ասենք, երկակի չէ ճիճուն: Քյարփինջն ավելի երկակի է: Նրանով կարելի է գլուխ ջարդել և տուն կառուցել: Հանրապետականներով ոչինչ չես կառուցի: Թերևս, համատարած գերեզմաններից և լավագույն դամբարաններից բացի: Որոնցով էլ աշխարհին կներկայանա տուրիզմի նոր էպիկենտրոն Հայաստանի Հանրապետությունը:

Մհեր Արշակյան

MediaLab.am