Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները կրում են թիրախային բնույթ. ՄԻՊ

Ադրբեջանի  նպատակն է Արցախին հասցնել հնարավորինս շատ վնաս՝ առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, վերջիններիս ուղղությամբ արգելված զինատեսակներով զինված հարձակումները կրում են թիրախային բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ակնհայտ է, որ խոսքը թիրախային զինված հարձակումների մասին է՝ թե Արցախի, թե Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, խոսքը մտադրված թիրախային հարվածներ հասցնելու մասին է: Հատկապես Արցախի դեպքում դա առավել քան ակներև է, մտադրությունն է հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է՝ հենց առաջնահերթ նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,-ասաց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ն ուշադրության ներքո է պահում նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերի նկատմամբ հարձակումները: Երկու մարզի բնակավայրերի ուղղությամբ կատարվում են զինված, հրթիռային հարձակումներ: Խոսքը հենց առաջին օրերից Գեղարքունիքի մարզի խաղաղ բնակավայրերի, գյուղերի նկատմամբ հարձակումների և Սյունիքի մարզի Երիցվանք, Արծվանիստ, նաև Դավիթ Բեկ, Ագարակ գյուղերի նկատմամբ հարձակումների մասին է:

«Այս ամենի հետևում պետք է հստակ հասկանալ, վերլուծել, գտնել իրական դրդապատճառները, իրական մտադրությունները: Նախ պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝ թիրախային զինված հարձակումները խաղաղ բնակավայրերի նկատմամբ, զինված հարձակումներն արգելված զինատեսակներով: Մասնավորապես, եթե սկզբում խոսքը միայն կասետային զինատեսակների մասին էր, ապա հիմա արդեն՝ քիմիական տարրեր պարունակող, զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մասին է: Ակնհայտ է մտադրությունը՝ արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին: Այդ հարձակումները կրում են հենց թիրախային բնույթ»,-ասաց Թաթոյանը:

Նա շեշտեց, որ այդ հարձակումների թիրախային բնույթն ակնհայտ է դառնում, երբ Ադրբեջանը վնասներ է հասցնում բնակչության համար կենսական նշանակության քաղաքացիական օբյեկտներին: