«Պետք էր բժիշկներին հարցնել՝ ի՞նչ խնդիր կա, որ մասսայական չեք պատվաստվում և օրինակ չեք ծառայում»․ բժիշկ-վարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, օրական արդեն 500-ից ավելի նոր դեպքեր են արձանագրվում։ Պատկան մարմիններն արդեն պարտադրում են փակ տարածքում դիմակ կրել։ Դուք՝ որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում համաճարակային իրավիճակը երկրում։

– Համաճարակային իրավիճակը բնական է, որ պետք է սրվի, քանի որ հակահամաճարակային ոչ մի միջոցառում չի իրականացվում, ընդ որում՝ պետական մակարդակով, և, բացի այդ, ոչ էլ մարդիկ են հետևում կանոններին։ Վարակակիրների թվի բարձրացումը արտերկրից վարակակիրների ներհոսքի հետևանք է, և դրա դեմ ոչ մի կանխարգելիչ միջոցառում չի իրականացվել։

Բայց կարող եմ ասել, որ թվերը կատաստրոֆիկ չեն և միանգամայն վերահսկելի իրավիճակ է, և այս փուլում պարտադրել դիմակ կրել փակ տարածքում, լուրջ չէ ու չի կարող նպաստել, որ համաճարակը կանգնի։ Հիվանդանոցներում գերծանրաբեռնված իրավիճակ չկա, և հիմա պարզապես պետք է փորձել տեմպը նվազեցնել։

– Այսինքն՝ հիվանդանոցային քովիդ կենտրոնները հիմա ծանրաբեռնվա՞ծ չեն։

– Քովիդ կենտրոնների թիվը անընդհատ փոփոխվում է, և հիմա նույնիսկ այն ծավալով չի գործում, ինչպես նախորդ տարվա գարնանն էր։ Այսինքն՝ ծանրաբեռնված վիճակ չէ։ Հիվանդությունն իր ընթացքով տարածվելու է, և դրան նպաստում է նախ՝ պատվաստումային շատ սխալ քաղաքականությունը, հետո՝ հակահամաճարակային լուրջ միջոցառումների բացակայությունը։ Այս դեպքում մեզ մնում է համակերպվել բնական վարակի հետ և փորձել հնարավորինս օգնել մարդկանց։

– Երբ ասում եք՝ հակահամաճարակային լուրջ միջոցառում չի իրականացվում, ի՞նչ նկատի ունեք, օրինակ՝ ի՞նչ միջոցառում պետք է իրականացվեր, որ չի արվել։

– Շատ հասարակ մի օրինակ՝ արտերկրից մարդը գալիս է ինքնաթիռով, և նրա մոտ հաստատվում է քովիդ, թեստի պատասխանը դրական է, ի՞նչ է արվում։ Նրան պարզապես ասում են, որ թեստը դրական է ու վերջ։ Հսկողություն չի իրականացվում՝ արդյոք մարդը մեկուսացա՞վ, պահպանո՞ւմ է հակահամաճարակային կանոնները։ Դրական թեստով Հայաստան եկող մարդիկ անվերահսկելի են։ Վստահ եմ, որ այն ինքնաթիռի, որի մեջ եղել է 2-3 դրական թեստով մարդ, մյուս ուղևորները չեն տեղեկացվել դրա մասին, և նրանք համարվում են պոտենցիալ վարակակիրներ։

Եվ բացի այդ, հիմա, այս պահին գլխավոր հակահամաճարակային միջոցառումը, հակահամաճարակային գործիքը պատվաստումն է, որը դարձյալ սխալ է իրականացվում։ Փոխանակ մարդկանց ճիշտ բացատրեին, գրագետ պատվաստումներ իրականացնեին, տեղեկատվական դաշտը բաց թողեցին, և ստացվեց այնպես, որ հակապատվաստումային քարոզը շատ ակտիվ տարածվեց։

Մարդիկ չեն պատվաստվում կամ ունեն վախեր, քանի որ չունեն վստահություն կառավարող օղակների, պետության նկատմամբ։ Նախ պետք էր սկսել խոցելի խմբի անձանց պատվաստումներից, և այնպես չէ, որ նրանց թիվը անսահմանափակ էր։ Այդ խմբում էին տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները և այլն։ Հենց նրանց էր պետք թիրախային պատվաստել, և հիմա բանը չէր հասնի պարտադրանքին։

– Պաշտոնապես հայտարարվեց, որ պատվաստումային գործընթացի սկզբում պատվաստվում են խոցելի խմբի մարդիկ։ Բայց դուք հիմա կասկածներ եք հայտնում, որ խոցելի խմբի պատվաստումային գործընթացը կազմակերպված չի եղել։ Ես ճի՞շտ հասկացա։

– Նայեք՝ առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական թվերը պատվաստվածների վերաբերյալ հետևյալն է՝ կատարվել է 220 հազար պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 144 հազար, երկրորդ դեղաչափ՝ 75663։ Ի՞նչ է, այդ բոլոր խոցելի խմբերը այսքա՞նն են։

– Բուժաշխատողներն էլ կարծես ակտիվ չեն, և իրենք էլ ունեն մտավախություններ։ Ճի՞շտ է։

– Այո՛, այո՛, ինչո՞ւ, որովհետև բուժաշխատողների մեծ մասը նեղ մասնագետ չէ և չի պատկերացնում պատվաստումների ու համաճարակաբանության հետ կապված բոլոր պրոցեսները։ Բուժաշխատողների մի մասը գրագիտության սահմանային շեմ ունի, որից այն կողմ ոչինչ չգիտի։ Թող ներեն ինձ նրանք, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել։

Ես կարծում եմ՝ բուժաշխատողների հետ պետք էր հանդիպում, քննարկում կազմակերպել ու նրանց ներկայացնել ամբողջ խնդիրը, պետք էր նրանց ասել՝ հարգելիներ, դուք եք առավոտից երեկո դրա մեջ, ի՞նչ խնդիր կա, որ հակառակվում եք, մասսայական չեք պատվաստվում, օրինակ չեք ծառայում։

Շատ պարզ հարց՝ ինչո՞ւ չեն հավաքում այն բժիշկներին, որոնք դեմ են պատվաստումներին, ու հարցը նրանց խորությամբ բացատրում։ Մասնագիտական խմբերը լռում են, և բուժաշխատողների շրջանում վախերը մնում են։

Հիմա առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, օրինակ՝ ուսումնական հաստատությունների աշխատողներին ու ուսանողներից պահանջում են 15 օրը մեկ անգամ թեստավորում անցնել, եթե չեն պատվաստվում։ Սա, ըստ ձեզ՝ աշխատո՞ղ տարբերակ է, կխթանի՞ պատվաստման արագ տեմպը։

– Որոշակի թվերի առումով, այո՛, կաշխատի, բայց գործընթացի արդյունավետությունը զրոյից քիչ կտարբերվի։ Այս նախաձեռնության վատ կողմն այն է, որ բոլորի մոտ կփոխի առողջապահության նախարարության նկատմամբ վերաբերմունքը, և, ամենակարևորը՝ պատվաստումային գործընթացի նկատմամբ անվստահությունն է՛լ ավելի կխորանա։ Վաղը-մյուս օրը մենք ունենալու են լուրջ խնդիրներ, երբ ծնողներն սկսելու են երեխաների պատվաստանյութերից հրաժարվել։

Պատվաստումային շարժումը պետք է վստահելի լինի։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am