«Էրդողանի Բաքու կատարած այցից հետո ճնշումներն ավելի ինտենսիվ դարձան Հայաստանի վրա». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստան-Թուրքիա գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն է եղել, որ զբոսաշրջային այս փուլում ցամաքային սահմանը բացեն երրորդ երկրի քաղաքացիների համար, ու հայկական կողմը մոտ օրերս Մարգարայի հատվածի աշխատանքները կավարտի։ Ռուբինյանը նաև հույս հայտնեց, որ Թուրքիան հավատարիմ կմնա ձեռք բերված պայմանավորվածությանը։ Թուրքական կողմում ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ կա՞ն խոսակցություններ, ու, ձեր գնահատմամբ՝ սա կդառնա՞ իրողություն։

– Թուրքական մամուլում նման խոսակցությունների ես չեմ հանդիպել, կարծում եմ, որ Թուրքիան ամեն ինչ կպայմանավորի բանակցություններով, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Կախված բանակցությունների արդյունքից՝ գուցե ինչ-որ բան անեն, ինձ համար սա ակնհայտ է։

– Թուրք-ադրբեջանական նպատակն այս փուլում ո՞րն է, եթե նկատի ունենանք վերջին օրերի ադրբեջանական գործողություններն Արցախում ու Հայաստանում։

– Ճնշումը հնարավորինս ուժեղացնելով՝ փորձում են հասնել նրան, որ Հայաստանը ստորագրի Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների վրա հիմնված ինչ-որ փաստաթուղթ: Նպատակը սա է, ու տեսանելի է, որ վերջին շրջանում ճնշումներն ուժեղանում են, ու դա ես կապում եմ Թուրքիայում նոր արտգործնախարարի՝ Հաքան Ֆիդանի հետ։ 

Նա, իմ կարծիքով, մեծ ազդեցություն ունի Էրդողանի վրա արտաքին քաղաքական խնդիրներում, ու, հաշվի առնելով նրա փորձառությունը գաղտնի դիվանագիտության բնագավառում, Մերձավոր Արևելքում ու նրա շատ մութ կապը Էրդողանի հետ, կարծում եմ, որ Էրդողանը նրան էլ ավելի գործելու ազատություն է տվել, քան նախորդ նախարարին։ 

Ֆիդանի ազդեցությունը կհասնի այն մակարդակին, որ Էրդողանը շատ բան կհանձնի նրան արտաքին քաղաքական բնագավառում։

Տեսեք՝ Վաշինգտոնում պետք է ավելի վաղ հանդիպեին, չէ՞, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, որը հետաձգվեց, ըստ իս՝ Ֆիդանի պահանջով։ Էրդողանի Բաքու կատարած այցից հետո ադրբեջանցիները փոխեցին իրենց մարտավարությունը, իսկ փոփոխությունն այն էր, որ ճնշումներն ավելի ինտենսիվ դարձան Հայաստանի վրա։ Տեսանք, որ ամբողջությամբ փակեցին Արցախի ճանապարհը, որ Ադրբեջանը փորձում է ներազդել մեր ներքին խնդիրների վրա՝ կապված Երասխի գործարանի հետ։ 

Սա լրիվ նոր երևույթ է, որ Հայաստանի տարածքում կառուցվող օբյեկտի փաստը ինչ-ինչ պատճառներով դուր չի գալիս Ադրբեջանին, կրակում է ու փորձում է թույլ չտալ, որ շինարարությունը կայանա, սա լրիվ նոր փուլ է Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Ադրբեջանի քաղաքականության կոշտացումն ու նոր փուլը կապված են հենց Թուրքիայի արտգործնախարարի հետ։

– Այսինքն՝ Ադրբեջանը վաշինգտոնյան այս հանդիպումներին ամբողջությամբ թուրքական պլանո՞վ է գնացել։ Ի՞նչ եք ակնկալում այս բանակցություններից։

– Դա համատեղ ծրագիր է, որը մշակվել է Անկարայում ու վերջնական համաձայնեցվել Բաքվում՝ Էրդողանի ու Ալիևի հանդիպման ժամանակ։ Պահանջները չեմ կարող կոնկրետ ասել, բայց նրանց ընդհանուր մոտեցումները պարզ են, ու հիմա նրանք ամեն ինչ պետք է անեն, որ դա լիովին հանձնեն թղթին։ 

Բայց ես հույս ունեմ ու համոզված եմ, որ հայկական կողմն ունի իր տեսլականը պայմանագրի մասով, որտեղ հակասությունները սկզբունքային են։ Տեսնենք՝ կհաջողվի՞ Վաշինգտոնում հասնել կոմպրոմիսի, թե՞ չէ։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ստացվում է, որ չնայած Թուրքիայում տնտեսական ծանր վիճակ է, բայց դա չի խանգարում, որ Հայաստանի ու Արցախի մասով իրենք անշեղորեն գնան նախապես կազմված իրենց ծրագրով։

– Այո, չի խանգարում։ Ես կավելացնեի, որ Թուրքիան ոչ միայն Հայաստանի մասով է անշեղորեն գնում նախապես գծված ճանապարհով, այլև, ըստ էության, հիմա տարածաշրջանային խնդիր է լուծում։ Կարևոր է իր համար հնարավորինս օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանն ուկրաինական խնդրով է զբաղված, որ ռուս-թուրքական հարաբերություններում բավական մերձեցում կա։ Օգտվելով այս հանգամանքից՝ ուժեղացնել իր դիրքերը մեր տարածաշրջանում, որովհետև, ես համոզված եմ, Թուրքիայի ստրատեգիական նպատակն է Հարավային Կովկասը վերցնել իր հսկողության տակ։ 

Իհարկե Ռուսաստանը խոչընդոտում է դա, չի ուզում հրաժարվել Հարավային Կովկասից, բայց, դե, տեսնում ենք, թե իրադրությունն ինչպիսին է։ Այստեղ շատ կարևոր է Հայաստանի դիրքը, Հայաստանն ու Արցախը փաստորեն վերջին խոչընդոտն են Թուրքիայի ռազմավարական նպատակն իրականացնելու համար, դրա համար էլ ճնշումը գնալով մեծանում է։ 

Իմ ընկալմամբ՝ հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլ նաև տարածաշրջանի ապագան․ արդյոք տարածաշրջանը մոտ կլինի թուրքակա՞ն տեսլականին, թե՞ Ռուսաստանը կկարողանա պահպանել իր ազդեցությունը։ 

– Ռուսաստանն ու մյուս երկրները, որոնք ստանձնել են միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, կկարողանա՞ն զսպել Թուրքիայի այդ ծավալապաշտական նկրտումները, թե՞ ոչ։

– Այո՛, Ռուսաստանի տեսլականը տարածաշրջանի վերաբերյալ լրիվ այլ է, քան թուրքականը, նա փորձում է խոչընդոտել, իր համար ծանր պայմաններում պահպանել այն, ինչ-որ ունի։ Ռուսաստանը դեռ կարողանում է պահպանել իր դիրքերը։ 

Ինչ վերաբերում է Արևմուտքին, իհարկե առաջին հերթին ԱՄՆ-ի ընկալումը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ այն է, որ պետք է անել հնարավորը, որ այստեղ թուլանա, գուցեև վերանա Ռուսաստանի ազդեցությունը։ 

Բայց մյուս կողմից՝ ամերիկացիները շահագրգիռ չեն, որ տարածաշրջանում Թուրքիան շատ ուժեղանա, նրանց ավելի հետաքրքիր է Թուրքիան որպես Արևմուտքի ներկայացուցիչ տարածաշրջանում ուժեղանա, այլ ոչ թե՝ որպես առանձին միավոր։ Թուրքիայի այդ պանթուրքիստական ծրագիրը չի համընկնում Արևմուտքի շահերին, օրինակ։ 

Իրանն էլ երրորդ գործոնն է մեր տարածաշրջանում, նա փորձում է ստանձնել այնպիսի դեր, որը հնարավորություն կտա, առանց ուղղակի ներգրավվածության, կարողանա որոշակի առումով ստատուս քվո ապահովել տարածաշրջանում։ Իրանն ու Ռուսաստանը հիմա որոշակի համագործակցության են գնում, ու դա որոշակի առումով զսպում է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում: 

Ռուս-իրանական համագործակցությունը ևս նոր երևույթ է։ Կարող ենք արձանագրել, որ տարածաշրջանը դարձել է տարբեր ուժային կենտրոնների միջև պայքարի թատերաբեմ, ինչը սկսեց արտահայտվել պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Այստեղ շատ կարևոր է մեր արտաքին քաղաքականության ճկունությունը ու հմտությունը, որպեսզի այս շատ բարդ պայմաններում կարողանա մեր ազգային շահը պահպանել ու առաջ մղել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am