Հետընտրական զարգացումներ. Հացի քաշը նվազել է, շաքարավազը` խոնավացել

Հետընտրական զարգացումներ. Հացի քաշը նվազել է, շաքարավազը` խոնավացել
Հետընտրական զարգացումներ. Հացի քաշը նվազել է, շաքարավազը` խոնավացել

Հետընտրական շրջանում, ինչպես և սպասվում էր, հայաստանյան շուկայում գնաճ է արձանագրվել: Մասնավորապես թանկացել է սննդամթերքը: Սպառողների միությունը վերջին ժամանակահատվածում բանկչությունից ահազանգեր է ստացել ձվի և ձկնամթերքի գների թանկացման վերաբերյալ: Միության նախագահ Արմեն Պողոսյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ հացամթերքի գներն էլ են աճել:
«Ես նամակ եմ ուղարկել նախագահի վերահսկողական ծառայության պետին, այն մասին, որ պետք է ստուգայց արվի: Հացի, շաքարավազի և էլի մի քանի տեսակ ապրանքների շուկայում քողարկված թանկացում է գնում: Շաքարավազում խոնավության տոկոսն է բարձր, հացի քաշն է նվազել, վերջին հաշվով գինն ավելի թանկ ենք վճարում: Եթե հացի քաշը թեթևանում է կամ շաքարավազը խոնավ է, ոչ ոք չի կարող նկատել դա, վիճակագրության մեջ չի էլ մտնում այդ թանկացումը»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ, ցավոք, իր նամակը նախագահի վերահսկողական ծառայությունից վերահասցեագրել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, ինչն ըստ նամակի հեղինակի` սխալ է: Արմեն Պողոսյանը պնդում է, որ այդ աշխատանքներով պետք է զբաղվի վերահսկողական ծառայությունը:

Արմեն Պողոսյանը նշում է, որ միջին հաշվով յուրաքանչյուր հայաստանցի ամեն օր ուտում է 400 գրամ հաց ու հացաբուլկեղեն, ինչը աղքատության արդյունք է: «Դա նշանակում է, որ մեր մարդիկ վճարունակ չեն, հացին այդքան մեծ տեղ են տալիս: Դա ահավոր է, իսկ ով չգիտի, որ այդ շուկաներում գերիշխող դիրքի չարաշահում կա»,- ընդգծեց նա: Արմեն Պողոսյանը նշեց, որ հացի ու շաքարավազի շուկաներից հետո պետք է մոնիտորինգ արվի կարագի, օղու ու բենզինի շուկաներում: Կարդալ ավելին