«Եվրաքվեն» Փաշինյանի հետ պայմանավորված գործընթաց է, մենք տեսնում ենք, թե ովքեր են դերակատարները. Հայկ Սահակյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, օրերս Ժողովրդավարական ուժերի հարթակը մեկնարկեց ԵՄ-ին անդամակցելու, հանրաքվե նախաձեռնելու ստորագրահավաք։ Քանի որ իրավական առումով ամեն բան պարզ է, ես քաղաքական գնահատական եմ խնդրում «եվրաքվեի» ընդհանուր գործընթացի հետ կապված, ու ի՞նչ շոշափելի արդյունք կարելի է ակնկալել այս ստորագրահավաքից։

– Շնորհակալություն շատ տեղին հարցի համար։ Ինձ «դուր է գալիս» այս «եվրաքվեի» գործընթացը, որովհետև տեսնում եմ, թե մեր կառավարող ուժն ինչպես է, կներեք այս բառի համար, «ջրում» եվրաինտեգրման, Եվրոպայից մեզ արված տնտեսական, անվտանգային բոլոր առաջարկները։ Հենց այդ տրամաբանության մեջ եմ ես նայում այս գործընթացը։ 

Առաջին հայացքից մարդիկ վատ բան չեն անում, ուզում են, որ մենք մեր համաձայնությունը տանք բարեկեցիկ ապրելու գաղափարին, Եվրոպա գնալուն, բայց Եվրոպայի մաս դառնալը ստորագրահավաքով չի լինում, ճիշտ այնպես, ինչպես «Հայաքվեի» ժամանակ, երբ ստորագրություն էին հավաքում Արցախը փրկելու համար։ Արցախը չփրկվեց, որովհետև Արցախը ստորագրությամբ չեն փրկում, պետությունը ստորագրահավաքով չեն կառավարում, Արցախը փրկելու համար տնտեսական, ռազմական, սոցիալական հիմքեր ստեղծել էր պետք, այլ ոչ թե ստորագրություններ հավաքել։ Նույն բանը հիմա են անում այս գործընթացի շրջանակներում։ 

Այո՛, մեր քաղաքացիները հիասթափված են Ռուսաստանի դավաճանական պահվածքից մեր հանդեպ, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, այսինքն՝ կա դրա հասարակական պահանջը, և քանի որ մեր իշխանությունը չի ուզում այդ պահանջը սպասարկել, դրա համար դա տվել է ինչ-որ խումբ մարդկանց, որոնք արդեն 2026-ի նախընտրական արշավի շրջանակներում իրենց համար լավ հիմքեր են նախապատրաստում ու ինչ-որ ստորագրահավաք են սկսել, որը որևէ կապ չունի Եվրոպա գնալու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության հետ։

– Նկատի ունեք, որ այս գործընթացը Նիկոլ Փաշինյանի ու այդ ուժերի համատեղ պայմանավորվածության արդյո՞ւնք է։

– Իհարկե դա պայմանավորված գործընթաց է, մենք տեսնում ենք, թե ովքեր են դերակատարները․ այդ մարդիկ պարբերաբար արդարացնում են Նիկոլ Փաշինյանին՝ շատ նուրբ քննադատություններով, բայց իրականում դեմ չեն օրվա իշխանության քաղաքականությանը, ուղղակի իրենց սրտով չէ, որ մենք Եվրոպայի ճորտը չենք, այլ՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի։ Իրենք ուզում են, որ գնանք դեպի Եվրոպա, այդ գնալու մասն էլ լավ չեմ հասկանում, գուցե ենթատեքստում հետևյալն է, որ, ժողովո՛ւրդ ջան, եթե ուզում եք լավ ապրեք, գնացեք Հայաստանից։

– Իսկ ինչո՞ւ եք մտածում, թե իշխանությունը, ձեր ասած՝ «ջրում» է այս խոստումը, որովհետև իրենք հայտարարությունների մակարդակով մինչ օրս էլ պատրաստակամություն են հայտնում ԵՄ-ին անդամակցելու հարցում։

– Որովհետև Նիկոլ Փաշինյանը կատարում է այն սուբյեկտի պահանջները, որից ինքը վախենում է, իսկ ումից է վախենում՝ ակնհայտ տեսնում ենք։ Հայ ժողովրդից չի վախենում, դրա համար է պետականամետ ոչինչ չի անում, չի սպասարկում նրա շահը, հակառակ դեպքում մեր առօրյան այլ կլիներ։ 

Եվրոպայի մասով՝ այո՛, ճիշտ եք, հայտարարությունների մակարդակով դա կա, որովհետև քաղաքացիների մեջ կա այդ բնական պահանջը, հիմա այդ կարիքը սպասարկելու համար Նիկոլն ինչ-որ բան պետք է անի, թե չէ ամբողջությամբ կհեղինակազրկվի, գուցե նաև իշխանությունից զրկվի:

Չիշխանազրկվելու համար փորձում է ինչ-որ կերպ այդ շահն սպասարկել, ու քանի որ ինքն այլ պարտավորություններ ունի Պուտինի, Էրդողանի ու Ալիևի առջև, որովհետև ասում է՝ մենք մնալու ենք «3+3»-ի շրջանակներում, դուրս չենք գալու տարածաշրջանային զարգացումների համատեքստից և այլն, ի դեպ, ոչ միայն հայտարարում է, այլ նաև գործողություններով է ապացուցում, որ հենց այդպես էլ անելու է, որովհետև ընդունում, հանձնում է նոր տերերին, իսկ եվրոպական առաջարկները մերժում է, այո՛, ձևական ինչ-որ քննարկումներ է անում, բայց իրական պատկերն այլ է։ 

Քաղաքականության մեջ էական է գործողությունը, այլ ոչ թե հայտարարությունը, իսկ գործողություններով Նիկոլ Փաշինյանը մեզ թողնում է տարածաշրջանում։ 

– Պարո՛ն Սահակյան, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի գնում Եվրոպա, որովհետև ձեր նշած երեք երկրի ղեկավարները թույլ չե՞ն տալիս դա անել։

– Ոչ թե թույլ չեն տալիս, այլ իրենք արել են առաջարկներ, Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է իր համար ամենահարմար ու ապահով տարբերակը։ Հիմա Խաչատուր Սուքիասյանը ասում է՝ կմտնենք 70 միլիոնանոց թուրքական շուկա, կհարստանանք, այսինքն՝ մարդիկ լոբբինգ են անում, տնտեսությունը պատրաստում են Թուրքիայի հետ ինտեգրվելուն, առևտուր անելուն։ 

Մեր լոգիստիկայի ոլորտում աշխատող ֆուռերի վարորդների հետ վերջերս հանդիպում էր, մարդիկ բողոքում, ասում էին՝ թուրքական ու վրացական ֆուռերն ավելի էժան ու հարմար պայմաններով են Հայաստան գալիս ու բեռներ տանում, որ մենք չենք կարողանում: Հասկանո՞ւմ եք՝ պետությունը ավելի բարդ պայմաններ է ստեղծել սեփական կազմակերպությունների համար, որ դժվարությունների բախվեն ու ավտոմատ դուրս գան մրցակցությունից, փոխարենը՝ թուրքական ընկերությունները գան։ 

Հիմա հռետորական հարց՝ մենք գնում ենք Եվրոպա՞, թե՞  չէ։ Ու այս ամենի ֆոնին՝ «եվրաքվե», շատ ծիծաղելի է, էլի, ու դա արվում է այն մարդկանց ձեռամբ, որոնք հանրության շրջանում հստակ պրոնիկոլական ընկալում ունեն։ Շատ նողկալի է նրանց պահվածքը, մեր քաղաքացիներին, կներեք, էշի տեղ են դրել, ստորացնում, նվաստացնում են կոնկրետ ու հույս են տալիս, թե լավ է լինելու։ 

Բնականաբար, այդ սին հույսերը փշրվելու են, ինչպես 2013-ին, երբ Սերժ Սարգսյանը մեզ տանում էր եվրաասոցացում, մեկ էլ մի գիշերում մտանք ԵԱՏՄ։ Մի գիշերում էլ հիմա կմտնենք Միութենական պետության կազմ, չգիտեմ, կդառնանք Թուրքիայի վիլայեթ կամ Ադրբեջանի ազդեցության գոտի, գուցե Չինաստանի, բայց լուսավոր աշխարհի հետ կապ չենք ունենալու ու կմնանք մթության ու խավարի տիրույթում։  

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am