«Մեր կենտրոնն այսօր 110 տոկոսով է բեռնված, ընդունարանում մարդիկ սպասում են, որպեսզի տեղ ազատվի, պառկեն». Հովհաննես Մադոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը

Պարո՛ն Մադոյան, կորոնավիրուսային հիվանդությունը մեծ տարածում է գտել Հայաստանում, հիվանդանոցները գերբեռնված են, ի՞նչ վիճակ է ձեր կենտրոնում։

-Այն, որ հիվանդանոցներում տեղ չկա, փաստ է։ Նույն վիճակը մեզ մոտ է։ Մեր կենտրոնում տեղերի ազատում տեղի է ունենում ըստ ապաքինվածների ու դուրսգրումների։

Բայց քանի որ վերջին մեկ ամսից ավելի ժամանակահատվածում մեզ մոտ տենդենցն այնպիսին է, որ նոր վարակվածների թիվը ապաքինվածների թվից ավելի է, առաջանում են հերթեր, մարդիկ սպասում են։

Մենք ստիպված ենք լինում պացիենտի վիճակի ծանրությունը գնահատելով միայն ընդունել պացիենտին։ Այսինքն՝ պացիենտների սորտավորումը ամենադաժան պարբերակն է, որի մասին չէինք ուզի մտածել, բայց ստիպված ենք այդպես աշխատել։

– Այսինքն՝ կան մարդիկ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են, բայց ստիպված են մնալ տա՞նը։

– Ծայրահեղ ծանր գրեթե բոլոր հիվանդներին փորձում ենք հոսպիտալացնել, բայց այն ցուցումներով, որոնցով մեկ-երկու ամիս առաջ մարդը հոսպիտալացվում էր, հիմա սպասում է։

Ձեր կենտրոնը 100 տոկոսով ծանրաբեռնվա՞ծ է։

– Մեր հիվանդանոցը մի քիչ ավելի է բեռնված, որովհետև ընդունարանում կան մարդիկ, որոնք սպասում են, որպեսզի տեղ ազատվի, որ պառկեն։

– Տեղեկություն կա, որ միջանցքներում էլ հիվանդներ կան։

– Միջանցքներում՝ չէ, բայց ընդունարանում են սպասում։ Կենտրոնն այսօր ոչ թե 100, այլ 110 տոկոսով է բեռնված։

– Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաք բնակչությանը, ինչո՞ւ այս իրավիճակը ստեղծվեց։

– Շատ պարզ երեք կանոն կա, որոնք պահպանելով՝ իրականում հնարավոր է պաշտպանվել վարակից։ Դա դիմակ կրելն է, ընդ որում, անկախ ախտանշանից պետք է դիմակ կրել։ Ցանկալի է՝ բժշկական դիմակ կրել, բայց չլինելու դեպքում կարելի է նաև կտորից դիմակ կրել, միևնույն է, այն պաշտպանում է։

Երկրորդ կանոնը ձեռքերը ախտահանելն է, կեղտոտ ձեռքերով բերանին ու աչքերին չդիպչելը, դրանցով հաց չուտելը։ Եվ երրորդ կանոնը՝ սոցիալական հեռավորություն պահպանելը։ Հիմա չպետք է ամաչել, որ հանդիպելիս իրար չենք փաթաթվում ու համբուրվում, դրա ժամանակը չէ։ 

Հիվանդացության այս չափի տարածման դեպքում կարո՞ղ է բնական իմունային շերտ ձևավորվել։

– Նախ՝ ապացուցված չէ՝ արդյոք կրկնավարակ հնարավո՞ր է, թե՞ ոչ, որովհետև բավական քիչ ժամանակ է անցել։ 

Երկրորդ՝ ապացուցված չէ, թե այդ հակամարմինները, որոնք վիրուսի նկատմամբ առաջանում են, որքանո՞վ են կայուն կյանքի ընթացքում։ Այսինքն՝ եթե այդ հակամարմինները մեկ տարի պաշտպանում են, մեկուկես տարի հետո դարձյա՞լ կպաշտպանեն։ 

Համաճարակն ինքն իրենով դեռ մեկ օրացուցային տարվա պատմություն չունի, որպեսզի հնարավոր լինի նման եզրակացություններ անել։ Դրա համար պետք է ելնել նրանից, որ հավաքական իմունիտետ չի առաջանում, մեկ անգամ վարակված ու առողջացած մարդիկ հնարավոր է՝ նորից վարակվեն։ Պետք է այդ մոտեցումը որդեգրենք և համապատասխան ձևով պահենք մեզ։

– Ի՞նչ կանխատեսումներ կան, հիվանդացությունը Հայաստանում դարձյա՞լ կարող է աճել առաջիկայում։

– Եթե կանոնները չպահպանվեն, այո՛, էլի կարող է աճել։ Եվ այդ աճի վատն այն է, որ դրան զուգահեռ մեծանում է մահացության թիվը։ Երբ ասում են՝ ռիսկի խումբ են տարեցները, քրոնիկական հիվանդները, պետք է հաշվի առնել, որ մեր հասարակության մեջ տարեցները շատ մեծ տոկոս են կազմում։ 

Մյուս կողմից՝ տարիներ շարունակ իրենց քրոնիկ հիվանդությունները՝ հիպերտոնիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, չբուժած մարդիկ նույնպես մեր հասարակությունում շատ մեծ տոկոս են կազմում։

Այսինքն՝ մեր հասարակության զգալի տոկոսը ռիսկի խումբ է։ Դրա համար իրատեսական չէ հույսներս դնել կոլեկտիվ իմունիտետի վրա։ Նույնիսկ եթե այդ իմունատետն առաջանում է, չարժի վճարել այն գինը, որով մենք ձեռք ենք բերելու այդ իմունիտետը։

– Կան տեսակետներ, որ վիրուսը ժամանակի ընթացքում թուլանում է, նվազեցնում իր վտանգավորությունը։ Դուք ի՞նչ կասեք այս մասին։

– Իմ դիտարկումների համաձայն՝ վիրուսն ավելի ագրեսիվ է դարձել, ավելի շատ ծանր ընթացքով դեպքեր ունենք հիմա։ Բայց, մյուս կողմից՝ դա կարող է կապված լինել նրա հետ, որ վարակվածների բացարձակ թիվը մեծ է, բարձիթողի դեպքերը շատ են։ 

Մարդիկ երկար ժամանակ չեն դիմում բժշկի, միգուցե վախենում են ինքնամեկուսացումից, կարանտինային ռեժիմից։ Մյուս կողմից էլ՝ առաջնային բուժօգնության օղակն այնքան էլ լավ չի կատարում իր գործառույթները։ Մարդիկ անիմաստ բազմաթիվ հակաբիոտիկներ են ընդունում։

Ինչո՞վ է դա վտանգավոր, եթե թոքաբորբ չի հաստատվում, չպե՞տք է հակաբիոտիկներ ընդունել։

– Հակաբիոտիկների շատ խիստ չարաշահում է լինում հենց առաջնային բուժօղակի կողմից։ Նույնիսկ եթե թոքաբորբը հաստատվում է, կորոնավիրուսը ռետրովիրուսների խմբին պատկանող վիրուս է, և հակաբիոտիկները նրա վրա չեն ազդում։ 

Նրա վրա անմիջապես ազդող հակավիրուսային որևէ պրեպարատ մինչև հիմա չկա։ Հակաբիոտիկներն ավելացնում ենք այն ժամանակ, երբ երկրորդային բակտերիալ վարակի վտանգ կա կամ արդեն առաջացել է։ 

Բայց հաստատ հիվանդության առաջին շաբաթում չէ, որ պետք է հակաբիոտիկ ավելացնել։ Բայց մեզ մոտ գալիս են արդեն հակաբիոտիկի երկու կուրս ստացած անձինք։ 

Հակաբիոտիկների բացասական ազդեցություններից մեկն այն է, որ իմունային համակարգն են ընկճում։ Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան, որոնք փաստում են, որ իմունային համակարգի տարբեր գործոնների վրա հակաբիոտիկը բացասական ազդեցություն ունի։ 

Եվ եթե բակտերիալ վարակը բուժելիս մենք հակաբիոտիկը տալիս ենք որպես չարյաց փոքրագույն, վիրուսային վարակի ժամանակ պետք է հակաբիոտիկը շատ զգույշ նշանակել։ 

Ահա թե ինչու նաև այդ բարդացած դեպքերի թիվը կարող է կապված լինել ոչ թե հենց վիրուսի ագրեսիվ լինելու, այլ ոչ պատշաճ բուժման հետ։ Հետո՝ մենք ազգովի սիրում ենք հարևանների ռեցեպտով բուժվել։ 

Ընդունարում պացիենտների հետ զրուցելիս իմանում ենք, որ նա մեկ շաբաթ բուժում է ստացել, բայց այդ բուժումն իր հարևանի ռեցեպտն է եղել։ Ես հորդորում եմ մարդկանց ամեն դեպքում դիմել բժիշկների օգնությանը, ոչ թե իրենց ծանոթների կամ ինտերնետից վերցրած ռեցեպտներով բուժվել։ Այս երևույթը մեր հասարակության մեջ բավական տարածված է, և ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեպքում։

Ես ուզում եմ ասել՝ բժիշկների կենացը խմելու փոխարեն մարդիկ թող դիմակ կրեն։ Դա բժշկի նկատմամբ ամենամեծ հարգանքի ու շնորհակալության դրսևորումը կլինի, որ մարդիկ չհիվանդանան։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am