Արցախի կառավարության պատվիրակությունը Արցախի վերականգնման ծրագրեր է քննարկել «Գործընկերություն՝ հանուն Արցախի» համաժողովում

Դիլիջանի միջազգային դպրոցում մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՀ կառավարության ոլորտային նախարարներ և այլ պատասխանատու պաշտոնատար անձինք:

Միջոցառման ընթացքում կազմակերպվել են չորս աշխատարաններ, որտեղ ԱՀ կառավարության անդամները, տասնյակ գործընկեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու աշխարհի տարբեր երկրներից ոլորտային առաջատար մասնագետներ քննարկել են Արցախի առողջապահության, կրթության, մշակույթի, տնտեսական ու սոցիալական ոլորտներում առկա խնդիրները, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքները, ինչպես նաև նախանշել են դրանց լուծմանն ուղղված հետագա ծրագրերի ուղղություններն՝ ըստ առաջնահերթությունների ու կարողությունների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մարդասիրական հետևանքներն ու վնասները, կառավարության կողմից իրականացվող ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև արտաքին աջակցության հիմնական սկզբունքները: Նա կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված համաժողովը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է վերջին պատերազմի հետևանքները գնահատելու և միասնական ուժերով Արցախը վերականգնելու ու զարգացնելու համար:

«Ես՝ որպես արցախցի, որպես Արցախի կառավարության ներկայացուցիչ, շնորհակալ եմ, որ ձեր սիրտը բաբախում է հայրենիքի նաև այդ կտորի համար: Շնորհակալ եմ «Ավրորային» եւ ներկաներին՝ Արցախին օգնելու իրենց ջանքերի համար: ԱՀ կառավարությունը գործուն քայլեր է կատարում ինստիտուցիոնալ մեխանիզմներով համակարգելու արտաքին աջակցության աշխատանքները՝ պատրաստ լինելով բոլոր գործընկերների հետ ակտիվ ու թափանցիկ համագործակցության»,- իր խոսքում ասել է Ա. Բեգլարյանը:

Համաժողովին մասնակցող վեց նախարարները առանձին ելույթներ են ունեցել ոլորտային աշխատարաններում՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ քննարկելով Արցախի վերականգնմանն ու զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի հնարավորությունները:

Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և այլք: Համաժողովի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ Նախաձեռնության կայքում: