«Մեզ լրիվ ձեռ ա առել մեր նախագահը». Ազատության հրապարակում հակասական տրամադրություններ են

«Մեզ լրիվ ձեռ ա առել մեր նախագահը». Ազատության հրապարակում հակասական տրամադրություններ են
«Մեզ լրիվ ձեռ ա առել մեր նախագահը». Ազատության հրապարակում հակասական տրամադրություններ են

«Ժառանգություն» կուսակացության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա պահվածքը հիասթափություն էր առաջացրել Ազատության հրապարակում հավաքված մարդկանց մոտ: Երբ կեսօրին իր ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց կոչ արեց գնալ հանգստանալ ու երեկոյան ժամը 18:00-ին դարձյալ գալ հրապարակ` հանրահավաքի, մարդկանց մի մասը սկսեց գոռալ. «Հիմա, հիմա, հիմա»:

«Մեզ լրիվ ձեռ ա առել մեր նախագահը, եկել ենք մարզերից հասել ենք ըստեղ, որ ինքն ասի` գնացեք տո՞ւն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում վրդովված նշեցին Վանաձորից Ազատության հրապարակ եկած մի խումբ մարդիկ:

Նույն պահանջն էին ներկայացնում նաև գյումրեցիները, ովքեր նշում էին, որ չպետք է հապաղել, պետք է երկրում օր առաջ իշխանափոխություն անել: Ակտիվ էին հատկապես տարեց մարդիկ, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ էին անում ակտիվ գործել, առաջնորդել ժողովրդին: Մարդիկ նշում էին, որ պատրաստ են անգամ բախումների:

«Բա առանց բախումների ոչ մի բան չի լինի: Հավաքել ա, ասում ա` գնացեք տուն»,- ասում էին հավաքվածները:

Մի երիտասարդ կին «Մեդիալաբին»-ին ասաց, որ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից իր հարազատները եկել էին այսօր Ազատության հրապարակ հենց այս միջոցառման համար:

«Դե հույս կար, էս մարդն անմեն ինչ պիտի անի մեր համար, արժե՞ր, որ ժողովրդին ասեր` գնացեք տուն: Հույս կար, որ էսօր ինքը պիտի դառնա նախագահ, բայց տեսանք ինչ եղավ»,- նշեց նա:

Հրապարակում հավաքվածների մի մասն էլ կարծիք էին հայտնում, որ որպես առաջնորդ` Րաֆֆի Հովհաննիսյանը խուսափեց պատասխանատվությունից, քանի որ բախումների դեպքում հիմնական պատասխանատվությունն իր վրա էր լինելու:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասկացել էր մարդկանց դժգոհությունը:

Նա պատասխան հայտարարություն արեց` նշելով, որ միշտ ականջալուր է եղել ժողովրդի ձայնին, բայց ժողովուրդը չպետք է իրեն կեղծ թագավորի տեղ դնի:

«Մենք բացառում ենք այսօր որևէ բախում, բացառում ենք արյուն, մեր ոստիկանները մեր ճանապարհները բաց պիտի պահեն, և մենք պիտի հասնենք մեր հաղթանակին»: Նրա այս հայտարարությունը հրապարակում հավաքվածների մի մասի հավանությանն արաժանացավ:

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո մի խումբ ակտիվիստներ երթ կազմակերպեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի ունեցած բախումների արդյունքում նրանց մի մասն արդեն ձերբակալվել է:

© Medialab.am