Արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է. ՀՀԿ

Հեղինակ MediaLab

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը

Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2020թ. մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:

Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները` ողջ ծավալով գործարկվեց  հանրային տրանսպորտը, բացվեցին բոլոր առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, նախակրթարանները և այլն:

Նման պայմաններում ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է:

Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է:

Այս իշխանությունները՝ օգտվելով արտակարգ դրության պատրվակից, իրականում պայքարում են ոչ թե՝ համավարակի, այլ՝ ընդդիմախոսների դեմ, փորձելով ճնշել օրեցօր խորացող հանրային դժգոհությունները և այլակարծությունը: Տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ՝ անհիմն սահմանափակելով նրանց հիմնարար ազատությունները և իրավունքները:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

• Խստորեն դատապարտում է Հայաստանում ժողովրդավարությանը հարվածող այս գործելաոճը:

• Պահանջում է կառավարությունից  վերացնել մարդու իրավունքների և ազատությունների չհիմնավորված և անհամաչափ սահմանափակումները:

• Իշխանություններին հորդորում է հրատապ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրական եւ արդյունավետ պայքար մղել մարդկանց առողջության համար։

• Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսևորումների վրա: