Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները ՌԴ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել  է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն շարունակել շփումները Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովն այս մասին ասաց  ապրիլի 8-ին կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը և ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը, որովհետև այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի այսպես կոչված գործընկերները, ռուսաֆոբ դրսևորումների շրջանակում, այն  է` ամեն ինչ, ինչ կապված է  Ռուսաստանի Դաշնությանը հետ, չեղարկել,  չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ հայտարարելով, որ պատրաստ չեն մեր հետ շփվել այդ ձևաչափում:

Դա իրենց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի կարգավորման շահերը: Եթե նրանք պատրաստ են զոհաբերել այս դեպքում հայկական կողմի շահերը, ապա դա նրանց ընտրությունն է», – նշել է նա։

Լավրովի խոսքով ՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այլեւ մնացած բոլոր հակամարտությունները երկրի վրա դարձնում են ռուսատյացության քաղաքականության պատանդներ:

Նրա կարծիքով` Վաշինգտոնն ու Փարիզը ստիպում են բոլոր երկրներին դադարեցնել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը բոլոր ձեւաչափերով, որպեսզի թելադրեն իրենց միակողմանի կամքը:

« Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը բացարձակ անպատասխանատու է: Նրանք մեզ դուրս չեն մղելու ընդհանուր գծից: Մենք հավատարիմ ենք, ինչպես միշտ եղել ենք հավատարիմ, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և բոլոր այն պայմանավորվածությունների կատարմանը աջակցելուն, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Այս ընտրությունը մերը չէ։ Ու եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն որոշել են այդպես վարվել, ապա Աստված նրանց դատավորն է», – եզրափակել է Լավրովը։