ԱԱՏՄ-ն Գումրիում 1 օրում 83 մշտադիտարկում է իրականացրել

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Գյումրիում 83 մշտադիտարկում է իրականացրել 1 օրում: Գյումրիում տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը գնահատվել է բարվոք։ 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն այսօր Գյումրիում արձանագրել են առավելապես թեթև խախտումներ՝ տեղում վերացման ենթակա։

Գյումրիում այսօր կրկին ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի խոշորացույցի ներքո էին արտադրությունները, բժշկական հաստատությունները, դեղատները, վարսավիրանոցները, խանութները և ոչ միայն:

ԱԱՏՄ մասնագիտական խմբերն այսօր դիտարկել են կարի 3 խոշոր արտադրություն։ Դրանցում կոպիտ խախտումներ և թերություններ չեն արձանագրվել, մինչդեռ նախորդիվ այս արտադրությունները բավականին լուրջ խախտումների համար ենթարկվել էին կասեցման 24, ընդհուպ մինչև 72 ժամով։ 

Ատամնաբուժական, առաջնային օգնության բժշկական հաստատություններում արձանագրվել են որոշակի թերություններ, սակայն գերակշիռ մասի դեպքում դրանք կասեցման հիմք չեն հանդիսանում։ 

Տեսչական մարմինը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել այն հիմնարկները, որոնցում, ըստ տվյալների, արձանագրվում է վարակակիրների մեծ թիվ։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների դիտարկումը մշտական է, անակնկալ։ Դրանք պարբերաբար ուժեղացված ռեժիմով ընթանում են այս կամ այն քաղաքում, Երևանի այս կամ այն վարչական շրջանում։ Համակցված, կոպիտ խախտումների դեպքում դրանք թույլ տված տնտեսավարողների գործունեությունը ենթարկվում է ժամանակավոր կասեցման ընդհուպ մինչև մի քանի օրով։ 

Կասեցումներ եղել են նաև այսօր, թեև վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է։