Լրացավ սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը. միջազգային հանրությունը մինչ օրս լռում է

Հեղինակ MediaLab

Այս օրերին Հայաստանում հիշում են սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը:
Ադրբեջանցիները նախօրոք հստակեցնելով քաղաքում բնակվող հայերի հասցեները` մեկիկ-մեկիկ մտել են նրանց տները` վանկարկելով «Մահ հայերին»:
Մինչ օրս էլ զոհերի թիվը հստակեցված չէ: Որոշ տվյալներով` ջարդերին զոհ են գնացել հարյուրավոր հայեր:
«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը ջարդերի հետևանքների ականատեսն է եղել:

«Կենցաղային տեսախցիկով նկարահանեցի ջարդած, ավերված, հրկիզված բնակարաններ, վիրակապված, սարսափած մարդիկ: Այդ մարդկանց աչքերի մեջ այնպիսի սարսափ կար»,- հիշում է Կարապետյանը:

Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Սումգայիթի ցեղասպանությունը չպետք է արտառոց երևույթ համարել, այն երկու քաղաքակրթությունների բախման հետևանք է, և այդ առումով բավական օրինաչափ երևույթ է:

«Ցավոք, 23-ամյա վաղեմություն ունեցող այդ իրադարձությունները մեր ժողովրդի պատմության մեջ ո´չ առաջինն էին, ո´չ էլ վերջինը: Սումգայիթին հետևեցին հայերի ջարդերը նաև Ադրբեջանի այլ շրջաններում, Գանձակում, Մարաղայում: Առավել զարմանալին այն էր, որ սովետական քարոզչությունը կարողացել էր բթացնել հայերիս զգոնությունը: 1988 թվականին շատ հայեր կարծում էին, թե թուրքն այլևս 20-րդ դարասկզբի թուրքը չէ»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետի կարծիքով, այսօր ամենալավը , ինչ կարող է անել հայ ազգը, պատմությունից դասեր քաղելն է:

«Մենք չենք կարող վերականգնել Սումգայիթի մեր կորուստները: Բայց կարող ենք ապահովագրել մեզ նման ողբերգություններից»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Սումգայիթյան ջարդերը մինչ օրս համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am