«Չենք լռելու». Բանակը շտապ առողջացման կարիք ունի(տեսանյութ)

Բանակում շարունակաբար տեղի ունեցող և ջրի երես ելնող ողբերգական իրադարձությունները, երբ հրամանատարական կազմի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվում մեր եղբայրներին և ընկերներին սպանելու կամ ինքնասպանության հասցնելու համար պարարտ հողը բացառելու ուղղությամբ, ոտքի է հանել հասարակության լայն զանգվածների:

«Չենք լռելու»-ի ակտիվիստներն իրենց` դեռևս ծառայող և զորացրված ընկերների հետ շփման միջոցով բավականին խորն են ուսումնասիրել թե՛ բազմաթիվ զորամասերում տիրող վիճակը, թե՛ դրա դեմ պայքարող օղակների աշխատանքը:

Նրանց կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով և կանոնակարգով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով: Եվ միայն չափազանց լավատեսորեն տրամադրված մարդիկ կարող են հավատալ, որ զորամասում տիրող ապօրինություններին իրականում հակակշռում են ռազմական ոստիկանությունը և վերահսկող մարմինները: Նրանք, որպես կանոն, զորամասերի հրամանատարների հետ գտնվում են զանազան պայմանավորվածությունների մեջ:

Այս ամենի արդյունքում տուժում է հայոց բանակը և հայ զինվորը, որը, որպես վերջին միջոց, ստիպված է լինում ընդվզել անարդարությունների և խտրականության դեմ: Հաճախ այդ ներքին ընդվզումն ավարտվում է ինքնախեղմամբ կամ, լավագույն դեպքում, զինծառայությունը մի կերպ ավարտելուց հետո, Հայաստանը հավերժ լքելու երազանքով:

Հայտնի են նաև բազմաթիվ դեպքեր, երբ ինքնասպանություն գործած կամ սպանված զինվորների հարազատներին վճարում կամ վախեցնում են` լռելու համար: Սարսափելի հրեշավորությամբ նրանք լռում են…

Բանակում տիրող խայտառակության առաջին և անմիջական պատասխանատուն շարունակում է մնալ ԶՈւ հրամանատարը` Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Չենք լռելու»-ն շարունակում է պահանջել վերջինիս հրաժարականը:

Նախաձեռնությունն իր ընդվզումն այսուհետ արտահայտելու է նաև սոցիալական հոլովակների միջոցով:

Տեսանյութ. http://www.youtube.com/watch?v=wI6OOu7weZU&feature=player_embedded

© Medialab.am