Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարին

Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարին
Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարին

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության քրեական գործի նոր զարգացումներին անդրադարձան փաստաբան Տիգրան Հայրապետյանը և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: 
Դեռեւս 2014-ին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ԶԼՄ-ների միջոցով նամակ էին հրապարակել, որով բարձրաձայնել էին հաստատությունում տեղի ունեցող անօրինությունների մասին: Մասնավորապես՝ տնօրենի կողմից որոշ յուրացումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության մասին:

«Հրապարակման մեջ կային շեշտադրումներ, որ տնօրենի անօրինականությունները պայմանավորված են եղել որոշակի հովանավորչությամբ, որը չի թաքցնում նաև տնօրենը և բացահայտ հայտարարում է, որ իր անկաշկանդ գործելաոճը հիմնավորված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյա ունենալու հանգամանքով»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Այս ամենին դեռ անցած տարի ակտիվ արձագանքել էին լրատվամիջոցները, երեխաների իրավունքների պաշտպանությմաբ զբաղվող կազմակերպություններն ու քաղաքացիական ակտիվիստները: Դրան հաջորդել էր մի խումբ քաղաքացիների և փաստաբանների  կողմից Դատախազությանը հաղորդում ներկայացնելը, որի հիման վրա հարուցվեց քրեական գործ «Քրեական օրենսգրքի» 179-րդ հոդվածով, այն է ՝ յուրացման փաստով:

Քրեական գործում կասկածյալի կարգավիճակով ներգրավվել են գիշերօթիկ հաստատության նախկին տնօրենն ու ևս երկու անձ:

«Հաստատության տնօրենը կալանավորված է և այժմ մեր նպատակն է, որ ի վերջո նախարարության աշխատակիցներին մեղադրանք առաջարդվի: Մենք արդեն մեկ տարի է նշում ենք, որ պետք է մեղադրանք առաջադրվի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին»,-ասաց Տիգրան Հայրապետյանը և ներկայացրեց իր հիմնավորումները:

Նա նշեց, որ անձամբ հարցում է կատարել  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմի ղեկավարից ստացել պատասխան, որ երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգում է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

«Մենք նաև հարցում էինք արել, որ կա՞ արդյոք նկատողություն կամ որևիցէ  կարգապահական տույժ, որ տրվել է Բերիկյանին կապված այս աղմկահարույց պատմության հետ: Եվ այս դեպքում նույնպես ստացել ենք  պատասխան կարգապահական տույժի ենթարկելու մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ 2014-ի մայիսի 2-ին պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ որոշում է կայացրել կիրառել կարգապահական տույժ,  խիստ նկատողություն: Միանշանակ այստեղ մեղադրանք պետք է առաջադրվի նաև Ֆիլարետ Բերիկյանին»,-նշեց Հայրապետյանը:

Նա հղում կատարեց «Քրեական օրենսգրքի» 315-րդ հոդվածին, ըստ որի պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով: Իսկ, ըստ 315 հոդվածի 2-րդ կետի, նույն արարքը, որն առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ առավելագունը 5 տարի ժամկետով:

«Այսինքն պաշտոնական անփությունը քրեորեն պատժելի արարք է: Մենք հստակ ունենք պաշտոնական պատասխանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունից, ունենք վարչապետի խիստ նկատողությունը և քննիչի կողմից առաջադրված մեղադրանքը, որ պետական բյուջեին 55 մլն դրամի վնաս է պատճառվել: Միանշանակ է, որ այստեղ պետք է մեղադրանք առաջադրվի նաև փոխնախարարին և պետք է գործը ուղղարկվի Հատուկ քննչական ծառայություն»,-պնդեց Հայրապետյանը:

Բանախոսները անդրադարձան նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության միջև կնքված պայմանագրին, ըստ որի հաստատությունը պետական բյուջեից  տարեկան ստանում է 113 մլն դրամ և պետք է ունենա 72 աշխատակից և 82 երեխա:

«Բայց քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ մոտ 40 աշխատակից կա հաստատությունում, իսկ երեխաների թիվը մոտ 30 է: Պարոն Բերիկյանը տարիներ շարունակ այցելել և ժողով է կազմակերպել այդ հաստատությունում: Նրա համար պետք է որ ակնհայտ լիներ, որ աշխատակազմը և երեխաների թիվը պակաս է, բայց նա անցած տարի մի քանի անգամ միայն հերքել է այդ ապօրինությունների մասին ՝ նշելով որ որևէ խախտում չկա»,-ասում է  Հայրապետյանը:

Փաստաբանը ներկայացրեց նաև հաշվարկներ, որ 82 աշակերտի դեպքում 113 մլն դրամից ամսեկան յուրաքանչյուր երեխայի բաժին պետք է ընկներ 110 հազար դրամ, բայց քանի որ 30 երեխա է եղել, ուրեմն պետք է յուրաքանչյուրի համար ծախսվեր 330 հազար դրամ:

«Բայց այդպես չի եղել ինչպես գիտենք, շուրջ 55 մլն դրամ բյուջեից յուրացվել է: Այսինքն միլիոնավոր գումարներ պարզապես ցնդում են, իսկ երեխաների պաշտապնությանն ուղղված գումարներից 10 տոկոսն է հասնում իր նպատակին»,-հավելեց Հայրապետյանը:

 Վերջում բանախոսները նշեցին, որ հունիսի 19-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլինի հաջորդ դատական նիստը այս գործի շրջանակում և իրենք հետամուտ են լինելու ողջ ընթացքին:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգողխմբագիր