Արտաշատի ոստիկանները բռնել են մանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողանալու փորձ արած անձանց. տեսանյութ

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել Արատաշատի մի պանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողացած անձինք։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։

Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 տարեկան։ Երկուսն էլ նախկինում դատապարտված են եղել։

«Պարզվեց՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մանկապարտեզի կաթսայատան դուռը, ապամոնտաժել ջեռուցման չորս կաթսա, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել, ոստիկանները բռնել էին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են և դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։