«Իր ոչ մի վիդեոներից չեմ կարում նայեմ, ինձ թվում ա՝ եթե նայեմ, կարող ա չդիմանամ»․ Էդգարն այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր՝ մարտի 22-ին, 44-ամյա Քրիստինե Գաբրիելյանը ու ընտանիքի անդամները արցունքն աչքերին, տորթը ձեռքներին գնում են Եռաբլուր։ Այսօր Էդգար Գրիգորյանը կդառնար 21 տարեկան։ Քրիստինեի որդին պատերազմից տուն չի վերադարձել: 

«Մեր կյանքը լրիվ շուռ ա եկել»,- ասում է որդեկորույս մայրը ու նշում՝ մինչև հիմա որդու զոհվելու մտքի հետ չի հարմարվում։

Էդգար Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մարտակերտում, այնուհետև տեղափոխվել է Մարտունի 2։ 

Ընտանիքի անդամները Էդգարի հետ վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 28-ին։ Էդգարն ասել է՝ ամեն ինչ լավ է, կարգին է։ Սակայն այդ զանգից հետո ծնողներն այլևս չեն կարողացել կապ հաստատել Էդգարի հետ։

Մայրը հուզվում է, երբ հիշում է, թե ինչպես էին ավելի քան մեկ տարի որդուն փնտրում, սակայն ոչ մի տեղ գտնել չէին կարողանում:

«2021-ի նոյեմբերի 9-ին ենք նոր գտել իրան։ Երբ որ իմացա, անբացատրելի բան էր՝ համ որ հույսդ ա մեռնում, համ որ հանգստանում ես, որ մարմինը գտնվել ա։ Մի տարի անտանելի էր, գիշեր-ցերեկ փնտրում էինք»,- կրկին հուզվում է որդեկորույս մայրը։

Քրիստինեի խոսքով՝ որդու մարմինը ադրբեջանցիներն են փոխանցել, որդու ձեռքին էլ նռնակի օղակն է եղել։

«Ադրբեջանցիներն էին իրան թաղել՝ իրա շորերով, իրա կասկով, ամբողջական իրա մարմինը կար։ Նռնակի կալցոն իրա մոտ ա եղել, թե ի՞նքն ա իրան տրաքացրել, թե ի՞նչ՝ չգիտենք, միայն փորի մասն ա վնասված եղել։ Ադրբեջանցիներն ասել են՝ ինքը արժանի ա, որ տանեք ձեր հողում հուղարկավորեք, ինքը արժանի զինվոր ա»։

Քրիստինեն ասում է՝ որդու ընկերները պատմել են, որ Էդգարը պատերազմի դաշտում սխրանքներ է գործել:

«Ինքը ուժեղ մարտեր ա տարել, ահագին վիրավորներ ա հանել, միայնակ մեծ մարդկային կորուստներ ա տվել, իրան մենակ էլ գտել են»,- ասում է Քրիստինեն։

Մայրը նշում է՝ որդին շատ երազանքներ ուներ, ցանկանում էր դիզայներ դառնալ, ընդունվել էր Ճարտարապետական համալսարանի դիզայնի բաժին։
 

«Ասում էր՝ բանակից գամ, Երևանում տուն վարձենք ընկերներով, դասի գնամ։ Մենք Չարենցավանում ենք բնակվում։ Ասում էր՝ էդ տունը չվերանորոգեք, ես պիտի գամ, իմ ճաշակով անեմ, համ սովորեմ, համ անեմ»,- հիշում է մայրն ու արտասուքով ասում՝ ամեն ինչ կիսատ մնաց։

Քրիստինեն ասում է՝ որդին շատ ընդունակ էր ու խելացի, բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գրավել պատվավոր տեղեր։

«Նաև շատ բարի էր, նրբանկատ»,- հավելում է մայրն ու ասում՝ կարոտին չի կարողանում դիմանալ։

«Պատերազմից հետո իրա ոչ մի վիդեոներից չեմ կարում նայեմ, որ իրա հետ խոսացել եմ, ձայնագրել եմ, բայց մինչև էսօր չեմ կարողանում միացնեմ, լսեմ: Ինձ թվում ա՝ եթե լսեմ, կարող ա՝ չդիմանամ»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am