Դրոշ տրորողի ինքնությունը. Ի՞նչ է կառուցում Իլհամ Ալիևը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Վերջին օրերին համացանցում տարածվեցին տեսակադրեր ադրբեջանական հարսանիքից, որի ժամանակ հարսն ու փեսան իրենց կոշիկները մաքրում են գետնին փռված հայկական դրոշի վրա: Հայկական սոցցանցերը շտապեցին արձագանքել՝ հիմար են, ֆաշիստ են, մենք էլ ենք իրենց նման և այլն, և այլն… 

Բայց եկեք մի պահ իրավիճակին սթափ նայենք: 

Դրոշ վառելը խորհրդանշական ակտ է: 

Այն բավականին տարածված է հատկապես Արևելքում: Պետք չէ ձև թափել, թե մենք դրա իմաստը չենք հասկանում: Մեսիջը հստակ է, վիրավորանքն էլ՝ տեղ հասած: 

Բայց կարևոր է հավանաբար այդ արարքների հիմքում ընկած պատճառը հասկանալ՝ ինչ է կատարվում այդ երկրում: Չէ՞ որ մի բան է, երբ մարդիկ ցույցի ընթացքում եռացող հույզերից դրդված են դրոշ վառում, մեկ այլ բան է՝ ուրախության օրը, երջանիկ դեմքով ոտնատակ անելը թշնամու խորհրդանիշը: 

Պետք է նկատել, որ այս խորհրդանշական քայլերի նորաձևությունը իր երկրում ներդրեց Իլհամ Ալիևը: Նա ընդհանրապես սկսեց արմենիաֆոբիայի տարածումը, չնայած դա ֆոբիա չէ, այլ ատելություն և զզվանք: Սա հաշվարկված քաղաքականություն է: Եվ նպատակը ոչ միայն Ալիևի՝ գահին նստած մնալն է: Նպատակն ավելի լայն է: 

Քաղաքագետները վաղուց են հասկացել, որ Nation-building-ի հարցում մարդկանց ավելի ուժգին միավորում է ատելությունը մեկ այլ խմբի նկատմամբ, քան հավատը վեհ գաղափարներին: 

Դա կռահել էին Բիսմարկը, Հիտլերը և ընդհանրապես բոլոր-բոլորը: Խարիզմատիկ ավտորիտար լիդերները իրենց հետ բերում են նենգ, բայց թույլ, ստոր և սարսափելի թշնամու կերպարը: Եվ ինչպես «Գահերի խաղում» արքան էր նստում թշնամու թրերից կերտված գահի վրա, այնպես էլ այստեղ առաջնորդը նստում է թշնամի խմբի մասին պատմող սարսափելի առասպելների վրա: 

Իսկ հիմա գործընթացի ամենաբարդ պահը: Չէ՛, Ալիևի մահից հետո սա չի վերանալու: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նացիստական Գերմանիայի վերացումից հետո ամենախոր հակասեմիտները այն սերունդն էր, որը Երրորդ Ռեյխի ծաղկուն շրջանում դպրոցական էր եղել: 

Երբ քնած հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը հասավ Բաքու, նրան դիմավորեցին ծաղկեփնջերով: Նրան տանում էին դպրոցներ և ցույց տալիս երեխաներին՝ որպես իսկական ադրբեջանցու վառ օրինակ: Ադրբեջանական դասագրքերում, մեդիայում և մշակույթի մեջ հակահայկական քարոզչության մասշտաբները դժվար է թերագնահատել: 

Այո՛, հայերի դեհումանիզացիան, այսինքն՝ ապամարդկայնացումը, վերևից ներքև իջեցված ծրագիր է: Բայց մեր հասարակության ֆունդամենտալ սխալն այն է, որ կարծում ենք՝ եթե վերևից ներքև է, ուրեմն հարատև չի լինի, ուրեմն մարդիկ գուցե այդքան լուրջ չընդունեն: 

Մենք այդ հասարակությանը նայում ենք մեր աչքաչափով: Իսկ մենք մի հասարակություն ենք, որն ունի հստակ տարանջատում նրանց, այսինքն՝ իշխանության, և մերոնց միջև: Վերևների հրամցրած «կուտը չուտելու» մշակույթը…

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am