Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի. քիչ առաջ քվեարկության նախնական արդյունքներով ֆեյսբուքյան իր էջում կիսվեց առաջադրված թեկնածուներից Գևորգ Գյոզալյանը, գրում է Factor.am-ը։

Նա տեղեկացրեց, որ գործող 2352 փաստաբաններից ընտրությանը մասնակցել է 1111-ը, առավելագույն՝ 937 ձայն հավաքել Սիմոն Բաբայանը։ Վերջինս 2014 թվականից Փաստաբանական դպրոցի տնօրենը և պալատի խորհրդի անդամն է հանդիսանում: Գևորգ Գյոզալյանը հավաքել է 144 ձայն։

Հիշեցնենք՝ ՓՊ նախագահի թեկնածուները երեքն էին՝ Սիմոն Բաբայանը, Գևորգ Գյոզալյանը և Թամարա Պողոսյանը, վերջինս, սակայն, ընտրությունից օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեց: Նշենք, որ Պալատի նախագահն ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական փորձառություն ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: ՓՊ-ի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: