Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դիմումը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրված նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։

Պաշտպանները պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

«Չկա հոդվածը, և չի կարող լինել այդ հոդվածով նախատեսված դեպք», – ընդգծել է պաշտպան Հայկ Ալումյանը։

Պաշտպանական կողմը պահանջում է նաև փոփոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը՝ այն վերացնելով կամ զգալիորեն նվազեցնելով դրա չափը։ Բացի այդ, փաստաբանները պահանջում են, որ մեղադրող կողմը գրավոր ներողություն խնդրի ապօրինի հետապնդում իրականացնելու համար։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանադրությանը հակասող:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հենց այդ հոդվածով: Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: