«Ամուսինս ասեց՝ էս ի՛նչ ես ասում, ախպեր ջան, ու էլ ոչինչ չեմ հիշում»․ Արիության մեդալի արժանացած Արսեն Ալջիկյանը վնասազերծել է 5 տանկ

Արսեն Ալջիկյանը այսօր կդառնար 20 տարեկան, սակայն, ծնողներին ու հարազատներին ապրեցնողը Արսենի մասին հուշերն են, տխրությունը եւ հպարտությունը:

Արիության մեդալի արժանացած Արսեն Ալջիկյանի մայրը՝ Լուսինե Գալստյանը, ինքն էլ չի պատկերացրել՝ ինչ քաջ ու խիզախ որդի է ունեցել։ 

44-օրյա պատերազմում Արսենի զոհվելուց հետո են միայն ընտանիքի անդամներն իմացել որդու սխրանքների ու թեժ կետերում հակառակորդի դեմ մինչև վերջին շունչը պայքարի մասին։

Որդեկորույս մայրը հուզմունքով նշում է, որ պատերազմի ժամանակ որդին ոչ մի անգամ չի ակնարկել, թե ինչերի միջով է անցնում, մինչդեռ Արսենը և՛ շրջափակման մեջ է հայտնվել, և՛ վիրավորվել, և՛ մեծաթիվ կորուստներ պատճառել հակառակորդին։

«Ոչ մի բան չէր ասում, նույնիսկ ակնկարկ չի արել, որ իրա չորսբոլորը թշնամի ա, շրջափակման մեջ ա, ու ինքը ոչ ուտում ա, ոչ խմում: Անգամ որ զանգում էր, հորանջում էր, ասում էի՝ բալե՛ս, քունդ տանո՞ւմ ա, ասում էր՝ չէ՛, մա՛մ, նոր եմ քնիցս հելել, հանգստի ժամ էր։ Ասում էի՝ ինչ ես անում, ասում էր՝ պոպոք եմ ջարդում, հետո եմ հասկանում՝ ինչ նկատի ուներ»,- կսկիծով ասում է մայրը։

18-ամյա Արսենը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Հադրութում, պատերազմի առաջին իսկ օրերից առաջնագծում է եղել, կռվել Հադրութում, այնուհետև տեղափոխվել այլ թեժ կետեր և հասել Ճարտար։

Որդու ընկերները պատմել են, որ Հադրութում Արսենը խոցել է մեկ տանկ, ֆագոտ հակատանկային համակարգով խոցել է հրամանատարական մեքենա, Ճարտարի դիրքում վնասազերծել 5 տանկ, 1 բենզատար մեքենա։

«Իր զինակից ընկերները որ եկան, պատմում էին՝ առաջին անգամ են տեսել Արսենի աչքերի արցունքը, երբ Արսենը իմացել ա, որ իր մտերիմ ընկերը զոհվել ա… Կապ են տվել, ասել են՝ մեր վրա մեծ թվով թշնամի ա գալիս՝ 30 հոգուց բաղկացած: Էդ կապը տալուց ու ընկերոջ մահը լսելով՝ Արսենը ավտոմատը վերցրել, բարձրացել ա էդ Ճարտարի ամենաբարձր դիրքի վրա, մահաբեր դիրք են դա ասում։ Հետո իմացանք, որ հարձակվել էր Թուրքիայի ամենահզոր ջոկատը, բայց իմ Արսենը, իր ընկերոջ ոխը հանելով, էդ բոլորին վնասազերծել ա»,- պատմում է մայրն ու շարունակում, որ որդու սխրանքը լսելով՝ Արցախի նախագահը այդ ժամանակ որոշել է Արսենին պարգևատրել։

«Ներքևից հրաման են տվել, ասել են՝ մեր կողմից դիպուկահա՞ր ա աշխատում, ո՞վ ա, ասել են՝ դիպուկահար չի, ավտոմատ ա… Զարմացել են՝ ո՛նց կարա ավտոմատը մի-մի հատ կրակի, ասել են՝ Ալջիկյան Արսենն ա։ Արայիկ Հարությունյանը, իմանալով էդ ամեն ինչի մասին, եկել ա, կապ ա տվել, ասել ա՝ երեխուն իջացրեք, շնորհակալություն հայտնեմ, պարգևատրեմ, էդ հրամանն էլ չի կատարել, ասել ա՝ դիրքս չեմ լքի, դրա վախտը չի։ Էդ ամենը ես լսում եմ իրա զինակից ընկերների պատմելով, թե չէ ինքը ինձ ոչ մի բան չի պատմել»։

Արսեն Ալջիկյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Արսենն օրեր անց՝ նոյեմբերի 2-ի գիշերը, զոհվել է Ճարտարի դիրքում։ Մայրն ասում է՝ անգամ անօդաչու թռչող սարքի համար է որդին անհասանելի եղել, և հակառակորդը ավիացիա է գործադրել։

Մայրն ասում է՝ երբ որդուց զանգ չեն ստացել, զանգերն էլ անպատասխան են մնացել, սկսել են կասկածել, որ ինչ-որ բան էն չի։

Ասում է՝ նոյեմբերի 11-ին հարազատներն արդեն իմացել են, սակայն իրեն, ամուսնուն ու աղջկան չեն ասել։

«Հետո ես զանգեցի Արսենի հետի ծառայող տղային, ասեց՝ մոտդ տղամարդ կա՞, մի հատ տուր, հրամանատարն ուզում ա խոսա… Տվեցի ամուսնուս։ Մենակ հիշում եմ՝ ամուսինս ասեց՝ էս ի՛նչ ես ասում, ախպե՛ր ջան, ու էլ ոչինչ չեմ հիշում»,- հուզմունքով ասում է Լուսինեն։

Լուսինեն նայում է որդու տեսանյութերը և հուզվում

Այնուհետև ընտանիքի անդամները ԴՆԹ են հանձնում, մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 11-ին հաստատվում է։

Լուսինեն ասում է՝ այդ պահից սկսած չի ապրում, պարզապես գոյատևում է։

Արսենը ցանկանում էր խոհարար դառնալ, ընդունվել էր համար 6 պետական արհեստագործական ուսումնարան, խոհարարություն էր սովորում։ Արսենի զինակից ընկերները պատմել են, որ Արսենը պատերազմի ընթացքում դիրքերում ևս պատրաստում էր, խոհանոց էր ստեղծել և տաք կերակուր էր հասցնում զինվորներին։

Մայրն ասում է՝ որդին կյանքով լի էր, սիրում էր անակնկալներ անել և ուրախացնել բոլորին։ Արսենը շատ կապված էր քրոջ՝ Աննայի հետ։ Եվ ամեն ինչ անում էր, որ քրոջը մշտապես երջանիկ և ժպտալիս տեսնի։

Լուսինեն և աղջիկը՝ Աննան

«Շատ էր սիրում քույրիկին, ասում էր՝ քույրիկս իմ թագուհին ա, էնպես պիտի պահեմ, որ մատով ցույց տան։ Բանակից քուրիկի ծնունդին ընկերների միջոցով անակնկալ էր արել՝ ծաղիկներով, մեծ արջուկով։ Վերջին զանգի օրը՝ խնջույքի ժամանակ, անակնկալ ոսկե մատանի հանեց, դրեց քուրիկի մատը։

Ինքը անակնկալներով լի էր՝ վարդերով, ծաղիկներով կգար, աշխատանքից էլ հոգնած գար, դատարկ չպետք ա տուն մտներ։ Բանակից զանգում էր ինձ, ասում էր՝ քանի ես կամ, դու պետք ա միշտ ժպտաս, ասում էր՝ բան չմնաց, երկու տարի հետո կգամ, դու էլ չես աշխատի»։

Մայրն ասում է՝ կորուստն անչափելի է, ապրում են որդու մասին հուշերով, նկարներն ու տեսանյութերը նայելով ու մեծ ափսոսանքով, որ չարաբաստիկ պատերազմի պատճառով մշտապես բոլորի մասին մտածող, բոլորին երջանկացնող, աջակցող և կյանքով լի որդին այլևս իրենց հետ չէ:

Լուսանկարում՝ Լուսինեն որդու հետ պարելիս

«Ես որդի չեմ կորցրել, առավել եմ կորցրել։ Էսքանից հետո էլ ի՞նչ ապրես, որ գիտես՝ քո զավակը, քո թիկունքը, քո ողնաշարը փշուր-փշուր ա եղել ու ոչ մի ձև չի վերականգնվի։ Բայց գոյատևում եմ նրա համար, որ իմ տղային խոստացել եմ, որ իրա թագուհուն պահեմ, ճիշտ ա՝ իրա նման չեմ կարողանա պահել, բայց կաշխատեմ պահել, որովհետև քույրն էլ ահավոր սթրես տարավ»,- ասում ու կրկին հուզվում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am