«Հայ աղջիկները գեղեցիկ են ու բարեհամբույր, իսկ տղաները՝ նախանձ». հնդիկ ուսանողի արկածները երևանյան կյանքի ռիթմերով

«Հայ աղջիկները գեղեցիկ են ու բարեհամբույր, իսկ տղաները՝ նախանձ». հնդիկ ուսանողի արկածները երևանյան կյանքի ռիթմերով
«Հայ աղջիկները գեղեցիկ են ու բարեհամբույր, իսկ տղաները՝ նախանձ». հնդիկ ուսանողի արկածները երևանյան կյանքի ռիթմերով

Բժիշկների ընտանիքում մեծացած 22-ամյա հնդիկ Ռոհիթ Չոդրին արդեն 4 տարի է` ապրում է Երևանում, սովորում է բժշկություն, զբաղվում դիջեյությամբ, սիրում է հայկական ավանդական ուտեստներ, գնահատում հայ աղջիկների գեղեցկությունն ու զմայլվում Երևանով երեկոյան զբոսանքներին

Ռոհիթն ապրում է եղբոր հետ, և նրանք երկուսն էլ սովորում են Երևանի պետական բժշկական համալսարանում: Աղմկոտ, բազմամարդ ու, ըստ Ռոհիթի, վտանգավորության աստիճանի երթևեկության կանոններին չենթարկվող Դելիից հետո, որտեղ նա ծնվել ու ապրել է, Երևանը փոքրիկ, հանգիստ քաղաք է թվում:

«Այստեղ մարդիկ սիրալիր են օտարերկրացիների հետ ու փորձում են ամեն ինչում օգնել: Երևանում ազատություն կա ու հանգստություն՝ ի տարբերություն Դելիի: Այստեղ երեկոյան կարող ես հանգիստ զբոսնել, ինչը շատ վտանգավոր է հատկապես աղջիկների համար Հնդկաստանում»,- ասում է Ռոհիթը:

Հայերը, ըստ նրա, ամենաազնիվ մարդիկ են աշխարհում: «Սկզբում, երբ հայերեն դեռ չգիտեի, տաքսու վարորդներն անգամ չէին խաբում ինձ ու վերցնում էին այնքան, որքան քշել են: Իսկ Հնդկաստանում այդպես չէ, արտասահմանցիներին շատ են խաբում, օրինակ՝ 1000 դրամի փոխարեն կվերցնեն 2000 դրամ»:

Նա նշում է, որ Հնդկաստանում բժշկական կրթություն ստանալը 2-3 անգամ թանկ է Հայաստանի կրթական համակարգից (3500 դոլար տարեկան): Բացի այդ, դիմորդները շատ են, տեղերը` սահմանափակ:

«Ես ստոմատոլոգիա բաժնի համար անվճար ընդունվել էի Հնդկաստանում, բայց քանի որ ուզում էի բուժֆակում սովորել, դիմեցի Հայաստանի բժշկական համալսարան, որտեղ եղբայրս արդեն սովորում էր, և ես շատ էի լսել Հայաստանի մասին»,- նշում է նա:

Հայերեն գրել-կարդալ սովորել է համալսարանի 1-ին կուրսում: Մի քանի տարի Հայաստանում եւ նա բոլորի հետ հաղորդակցվում է հայերենով:

«Հայերենը շատ նուրբ լեզու է և ինձ դուր է գալիս, իսկ հնդկերենն այդպիսին չէ: Դուք ունեք արտահայտություններ, օրինակ՝ «ցավդ տանեմ», «մեռնեմ քեզ», որ մենք չունենք, կամ` մարդուն տեսնելիս ասում եք բարև, որը նույնպես հնդկերենում չկա»,-ասում է Ռոհիթը և ժպտալով հավելում, թե շատ ուրախ է, որ կարողանում է հայերեն խոսել:

Փայլուն, կլոր աչքերով, պարանոցին մետաղյա վզնոցներ գցած, գրեթե միշտ ուսապարկով շրջող թխամորթ Ռոհիթը նաև հայ ընկերուհի ունի, ով նույնպես սովորում է բժշկական համալսարանում: Նրանք ծանոթացել են երկու տարի առաջ և, չնայած հայկական միջավայրի որոշ բացասական վերաբերմունքին, շատ ներդաշնակ են զգում:

Լիլիթ Գևորգյանը (Ռոհիթի ընկերուհին) նշում է, որ դրսում զբոսնելիս որոշ հայ երիտասարդներից բացասական արձագանքներ են լինում, կամ ընկերներ ունի, ովքեր լավ չեն դիտում Ռոհիթի հետ նրա ընկերությունը:

«Բայց ծնողներս և ընկերներիցս շատերը սովորական են նայում մեր հարաբերություններին ու լիովին հասկանում են ինձ: Ռոհիթի հետ ընկերությունն ինձ տվել է ինքնավստահություն, ազատություն որոշ առումներով ու նոր աշխարհայացք»,- ասում է 20-ամյա Լիլիթը ու ժպտուն աչքերով նայում Ռոհիթին:

Ազգային ավանդույթների, սովորությունների ու մշակութային տարբերությունները, որ քիչ թե շատ կան երկուսի մեջ, ըստ Ռոհիթի, ամենևին չեն խանգարում իրենց հարաբերություններին:

«Հայ աղջիկները շատ գեղեցիկ են, բարեհամբույր ու միշտ օգնում են արտասահմանցիներին: Իսկ հայ տղաները նախանձ են, նրանց հետ միշտ խնդիրներ են լինում,- ասում է Ռոհիթ Չոդրին: – Նրանք միշտ քննադատաբար են արտահայտվում իմ մազերի, կարճ տաբատի, ընդհանուր հագուկապի վրա, կամ որ տեսնում են` հայ աղջիկներն ինձ հետ ինչքան ջերմ են, նախանձում են»:

Նա նշում է, որ ուսանելու առաջին տարիներին նույնիսկ վեճեր, կռիվներ են եղել հայ տղաների հետ: «Եթե ընկերուհուս հետ քայլում եմ փողոցում, 10 տղայից 3-ը հաստատ ինչ-որ բացասական կերպով կարտահայտվի, բայց երբ ես նրանց հայերեն եմ պատասխանում, այլևս ձայն չեն հանում»,- ասում է նա:

Ռոհիթը շատ է սիրում զբոսնել Երևանի փողոցներով: Դասերից հետո որոշ ժամանակ մնում է նաև համալսարանի բակում, որտեղ, ըստ նրա, մթնոլորտը շատ դրական է: Երևանյան փաբերից ու ակումբներից բացի, նրա ամենասիրած վայրը «Կարմա» հնդկական խոհանոցի ռեստորանն է:

«Սկզբում ճաշերի խնդիր ունեի, սովոր էի մեր հնդկական կերակրատեսակներին և առաջին երկու ամիսներին հայկական ոչինչ չէի ուտում: Այդ ժամանակ առաջին անգամ սկսեցի տանը ինքս պատրաստել հնդկական կերակրատեսակներ՝ կծու կարտոֆիլ, կծու պանիր, բտրչքն, որը պատրաստում են կարագով ու հավով: Մեր ազգային ուտեստները հիմնականում կծու են, ու շատ համեմունքներ ենք օգտագործում,- ասում է նա: – Այժմ նաև հայկական կերակուրներ եմ ուտում ու շատ եմ սիրում հարիսա, սպաս, խորոված, պասուց տոլմա»:

Ամեն տարի հոկտեմբերին Հայաստանի բոլոր հնդիկները հավաքվում են մեկտեղ` նշելու իրենց ամենամեծ ու հայտնի` Դիվալիի տոնը, որը լույսի տոն է: Այդ օրը նշում են մեծ շուքով, պատրաստում են իրենց ավանդական ուտեստներից ու պարում ազգային պարեր: Բոլոր տոներին ու հավաքույթներին Ռոհիթը ռեփ է կարդում:

«Ես ռեփ գրում եմ 14 տարեկանից ու շատ եմ սիրում կարդալ: Հաճախ կարդում եմ նաև հայտնի ռեփերների՝ Eminem-ի, Akon-ի երգերից: Մի քանի ամիս է` խորացված դիջեյություն եմ նաև սովորում իմ հայ ընկերներից մեկի շնորհիվ, ով դիջեյ է: Մեկ անգամ նվագել եմ «Ջրաշխարհում»` փարթիի ժամանակ»:

Ամռան արձակուրդին Ռոհիթը միշտ մեկնում է Դելի: Նա նշում է, որ ամենաշատը կարոտում է հնդկական ուտեստները:

«Հետագայում ցանկություն ունեմ մեկնելու այլ երկիր աշխատանքի համար, չեմ ուզում վերադառնալ Հնդկաստան և այնտեղ աշխատել, թեև բժիշկների անհրաժեշտությունը մեզանում շատ է, քանի որ քիչ են այդ մասնագիտությամբ մարդիկ»,- ասում է Ռոհիթ Չոդրին:

Իսկ Հայաստանը նրա համար դեռ նոր բացահայտումների ու արկածների երկիր է: Շրջագայելով Հայաստանի տեսարժան վայրերում՝ Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում, առաջիկայում ցանություն ունի տեսնելու նաև Գյումրին և մյուս հայտնի պատմամշակութային վայրերը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am