«Հայկական կողմը սխալ հաշվարկ է արել՝ մտածելով, որ Ադրբեջանը նորմալ երկիր է». Արա Պապյանը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին

«Հայկական կողմը սխալ հաշվարկ է արել՝  մտածելով, որ Ադրբեջանը նորմալ երկիր է». Արա Պապյանը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին
«Հայկական կողմը սխալ հաշվարկ է արել՝ մտածելով, որ Ադրբեջանը նորմալ երկիր է». Արա Պապյանը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ ադրբեջանական կողմին տված պատասխանը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը «թույլ բաժակաճառ» է որակում:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը բավականին թույլ ու լղոզված էր»,-«Մեդիալաբին» ասում է Պապյանը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան օրերս Երևանում, անդրադառնալով Ադրբեջանի՝ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու վերաբերյալ օրենքին և սպառնալիքներին, թե Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները հարված կստանան ադրբեջանական կողմից, ասել էր, թե լուրջ չի վերաբերվում դրան:
«Դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական օդանավերը: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում»,- ասել էր Բորդյուժան:
Արա Պապյանը նշում է, որ Բորդյուժայի խոսքերը որեւէ բան չեն փոխում:

«Նա պարզապես անհաժող կատակ է համարում ադրբեջանական կողմի արտահայտած մտքերը, չկա որևէ դատապարտում, չկա որևէ հստակ դիրքորոշում: Եթե Բորդյուժան ասեր, որ՝ եթե Ադրբեջանը խփի քաղաքացիական օդանավ, ապա այն կդիտվի որպես ագրեսոր երկիր, որի նկատմամբ մենք կկիրառենք պատժամիջոցներ, էդ ուրիշ բան: Բայց եթե Բորդյուժան ասում է՝ ես ադրբեջանական կողմի հայտարարությունները լուրջ չեմ ընդունում, դա անհաջող կատակ է, դրանից ի՞նչ պիտի ազդվի Ադրբեջանը»,- հարցադրում է անում Արա Պապյանը:

Նա նկատում է, որ ընդհակառակը, այդ խոսքերի մեջ Ադրբեջանի հասեցին գովք կա. Բորդյուժան այդ երկիրը որակում է որպես «քաղաքակիրթ երկր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին»:

«Այս հայտարարությունը մեզ ոչինչ չի տալիս, սա մի թույլ բաժակաճառ է, ռուսները պարզապես խմել են Ադրբեջանի կենացը: Բորդյուժան պետք է խոսեր որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նա պետք է հստակ նշեր, որ դա ընդունելի չէ, այդ արարքի դեպքում համապատասխան պատիժ կլինի: Հետևաբար այս դեպքում մենք ինքներս պետք է որոշենք թռիչքների իրականացման հարցը, Բորդյուժայի ասածը մեզ համար որևէ հիմք չէ, ոչ ավելացնում է, ոչ էլ պակասեցնում այն հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է զենք օգտագործել օդանավերի դեմ, հատկապես, որ դրանից հետո ադրբեջանական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը»,- նշում է նա:

Արա Պապյանը հիշեցնում է, որ Ադրբեջանն իրականում ընդունակ է նման արարքի, կարող է հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին.

«Ի տարբերություն Բորդյուժայի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հումանիտար նորմերով առաջնորդվող երկիր է: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Սումգայիթում ու Բաքվում երկաթե ձողերով իր քաղաքացիների գլուխը ջարդել, 8-րդ հարկից երեխաներին նետել, չի՞ կարող խփել ինքնաթիռներին»,-նշում է նա:

Նա հիշեցնում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից խփվել է հայկական օդանավ, սակայն մեր օդաչուների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ մեծ վանսներ չեն հասցվել: Պապյանի խոսքով՝ հայկական կողմը Ստեփանակերտի օդանակավակայանը կառուցելիս դա պետք է հաշվի առներ: Իսկ այսօր, եթե թռիչքների մասով խոստումը չկատարվի, ապա հայկական կողմի համար դա վնաս է:

«Մերոնք կառուցել են և հայտարարել են, որ պետք է թռնեն, հիմա, եթե չթռնեն, դա արդեն ամեն առումով հայկական կողմի համար վնաս է՝ և բարոյահոգեբանական, և հեղինակության: Ադրբեջանական կողմն էլ իրեն դրել է բավականին ծանր կացության մեջ՝ սպառնալով և օրենք ընդունելով: Եթե նա էլ չանի, վարկաբեկվում է: Հիմա ծանր իրավիճակ է երկու կողմի համար էլ: Մի կողմը հայտարարել է, որ պետք է հարվածի, մյուս կողմն էլ հայտարարել է, որ պետք է թռնի»,- արձանագրում է Պապյանը:

Նրա կարծիքով՝ ըստ էութան Ստեփանակերտի օդանավակայանը փոխադրման որևէ լուրջ հարց չի լուծում, դա պարզապես հոգեբանական դիմակայության հարց է կողմերի համար: Բայց, ըստ նրա, հայկական կողմը սխալ հաշվարկ է արել՝ մտածելով, որ Ադրբեջանը նորմալ երկիր է:

«Դա երկիր չի, մարդկանց խումբ է, ովքեր Սումգայիթ են արել, կացնահարում են քնածներին»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ օրերս Ֆրանսիայում կայացած հանդիպմանը՝ Արա Պապյանը նշեց, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա և չի էլ կարող լինել: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը գնալով իր դիրքորոշումները կոշտացնում է, իսկ հայկական կողի համար ընդունելի չեն նրանց առաջարկները:

«Ո՞նց կարող ենք մենք համաձայնել մի տեսակետի հետ, երբ մարդիկ ասում են՝ պատրաստ ենք ձեզ տալու ավելի քիչ, քան դուք ունեիք ղարաբաղյան պատերզամից առաջ: Այսինքն՝ մենք ունենք այսօր գերակա ռազմական դիրքեր, ունենք հնարավորություն իրենց դարձյալ պարտության մատնելու, բայց այդ ամենով հանդերձ մեզ սպառնում են»,- նշեց Պապյանը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ խոսակցությունները թեժացան այն բանից հետո, երբ 2011 թվականի մարտին Ադրբեջանը սկսեց սպառնալիքներ հնչեցնել` հավատացնելով, թե կոչնչացնի ԼՂՀ տարածքով թռիչքներ իրականացնող օդանավերը: Ի պատասխան, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Երևան-Ստեփանակերտ ավիաթռիչքի առաջին ուղևորն ինքն է լինելու:

Սակայն, առ այսօր, չնայած բազում հայտարարություններին եւ խոստումներին, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը տարբեր պատրվակներով հետաձգվում է:

© Medialab.am