Զարմանալի է, որ 10 տարի երկիր ղեկավարած մարդը նման պրիմիտիվ հնարքների է դիմում. քաղաքագետը՝ Քոչարյանի մասին

Լուսանկարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը

– Պարո՛ն Մարգարյան, արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ արդեն երկրորդ փուլով են բանակցություններ ընթանում, բայց քաղաքական ուժերը, իշխանությունը դեռ ոչ մի փոխհամաձայնության չեն եկել:

Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է քաղաքական վիճակը Հայաստանում, ինչո՞ւ այդպես էլ համաձայնություն չի կայանում ուժերի միջև:

– Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր երևացող և չերևացող գործընթացները, և միայն այն, որ պարոն Մարուքյանն ասաց, թե բանակցությունները շարունակվելու են, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ամեն ինչ ավարտված չէ:

Էդմոն Մարուքյանն իր հայտնի ուղիղ եթերում իշխանության առաջ դրեց պայմաններ, և հասկանալի է, որ նման հրապարակային ելույթից հետո հեշտ չի լինի փոխզիջումային տարբերակ գտնել, որովհետև մյուս կողմից էլ մենք ունենք իշխանության սկզբունքային մոտեցումը այդ հարցին՝ գլխավոր շտաբի պետը քաղաքական հայտարարություն է արել: Եվ, կարծում եմ, նման պայմանն այս պարագայում այդքան էլ տեղին չէր: 

Բացի ԼՀԿ-ից, սպասվում է նաև վարչապետի հանդիպումը ԲՀԿ նախագահի հետ, և, մեծ հաշվով, սա քաղաքական պրոցես է, ու ոչ մի արտառոց բան չկա:

– Չե՞ք կարծում, որ մի տեսակ արհեստականորեն ձգձգվում է համաձայնության գալը՝ միմյանց առաջ փոխադարձ նախապայմաններ դնելով:

– Ձգձգումը նորմալ է, դա հետագայի համար խնդիրներ կարող է լուծել՝ քաղաքական դիվիդենտների ձեռքբերման, քաղաքական կշռի բարձրացման հարցում: Այստեղ տարօրինակ ու արտառոց բան չկա:

Ի վերջո, մենք չպետք է մոռանանք այն փաստը, որ մեր երկրի քաղաքական վիճակը ճգնաժամային է՝ ունենք հրապարակում հավաքված գործիչներ, որոնք հավակնում են արմատական ընդդիմություն լինելու դերին, ունենք խորհրդարանական ընդդիմություն, ունենք «Բարգավաճ Հայաստան», որը խորհրդարանական ընդդիմություն է և դեպքից դեպք՝ հրապարակային ընդդիմության հետ է:

Այսինքն՝ քաղաքական առումով մենք գտնվում ենք բավական բարդ իրավիճակում, և թերևս հենց այդ պատճառով է, որ վարչապետը երկրորդ անգամ դիմում է արտահերթի շուրջ կոնսուլտացիաների:

Այդ հարցի լուծման գործիքակազմը արտահերթ ընտրությունների մեջ է, և այդ համոզումը կարծես սկսել է գերիշխել ընդդիմության շրջանում, թեպետ ես չեմ կարծում, որ արտահերթը կլուծի քաղաքական ճգնաժամը:

Խնդիր է նաև հրապարակում գտնվող ընդդիմության հռետորաբանությունը, որը երբեմն դուրս է գալիս քաղաքական կոռեկտության շրջանակներից, պարունակում բռնության տարրեր:

Այստեղ պետք է հասկանանք, թե մեր քաղաքական այրերը ի՛նչ կոնսենսուսի կգան, որը կարող է բավարարել նաև հրապարակում գտնվող 16-17 ուժերին:

Նրանց գոյության հետ պետք է հաշվի նստել: Հենց դա է պատճառը, որ կոնսենսուսային գործընթացը ձգձգվում է, բայց հուսանք՝ երկար չի շարունակվի: Պետք է բոլոր կողմերն իրենց մեջ գտնեն քաղաքական կամք, վեր դասեն հանրային շահը իրենց նեղ, կլանային, անձնական, շահադիտական նպատակներից:

– Երեկ ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր, որ մասնակցելու է ընտրություններին և ավելին, հաղթելու է, ինչպես հաղթել է իր պաշտոնավարման երկու ժամկետներում: Ի՞նչ եք կարծում, նա ունի՞ նման հնարավորություն:

– Ռոբերտ Քոչարյանը խոսում է երկու անգամ ընտրություններ հաղթելուց, չէի ուզենա քննարկել այդ հայտարարությունը, բայց պետք է ասեմ, որ առնվազն շատ կասկածելի են այդ երկու հաղթանակները: Ես չէի համարձակվի նման պնդում անել:

Եթե երկու անգամ ընտրություններում հաղթել ես, չի նշանակում, որ 20 տարի հետո պետք է շքահանդեսով մուտք գործես քաղաքական դաշտ ու հաղթես:

Ընդհանրապես, քաղաքականության մեջ գործիչները՝ թե՛ ներկա, թե՛ նախկին, նորելուկ, բազմափորձ, հաղթում են իրենց սոցիալական հենարանով: Ռոբերտ Քոչարյանը, ճիշտ է, չստեղծեց իր կուսակցությունը, բայց ուներ քաղաքական հենարան. Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները եղել են այն հենարանը, որոնց վրա հենվել է Քոչարյանը:

Հիմա, արդյոք ՀՀԿ-ն կսատարի՞ Քոչարյանին առաջիկա ընտրություններում: Ես խիստ կասկածում եմ: Դաշնակցության մասով կասկածներ չունեմ, որովհետև ՀՅԴ-ն միշտ է եղել Քոչարյանի հենարանը, ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմություն է:

Եվ եթե այս ուժերին հանում ենք, տակը բան չի մնում, կոպիտ ասած, այդ 17 կուսակցությունների մեջ: Դրանք մարդ կուսակցություններ կամ քաղաքական փոքր խմբակներ են:

Չեմ բացառում, որ մնացած տարօրինակ անուններով կուսակցությունները միավորվեն, դաշինք ստեղծեն, ու Քոչարյանը այդ դաշինքով գնա ընտրությունների: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ է կազմակերպվում այս ամբողջ բեմադրությունը՝ Վազգեն Մանուկյանի կատարմամբ:

Հայաստանում գրեթե բոլորն են մտածում՝ այդ ուժերի հետևում, այդ պլատֆորմի ձևավորման ակունքներում կանգնած է հենց Քոչարյանը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վազգեն Մանուկյանը հիմնական ֆիգուրը չէ:

Դե թող գնա ընտրությունների Քոչարյանը, շատ նորմալ պրոցես է, ի վերջո, ապրում ենք ժողովրդավարական երկրում: Կստանա՞ ձայների քանակ՝ շատ լավ, թող կառավարի երկիրը, ի՞նչ անենք: 

Հնարավո՞ր է ռուսական աջակցությամբ նա իշխանություն ստանա Հայաստանում:

– Հայաստանում էդպես է՝ տարբեր հավակնություններ ունեցող քաղաքական գործիչների մոտ իդեա ֆիքս է ռուսական աջակցությամբ հաղթանակ ստանալու մտայնությունը: Ինձ թվում է՝ միֆ է այդ ռուսական աջակցությունը Քոչարյանին, որովհետև ո՞վ է Քոչարյանը, պետական ինստիտո՞ւտ է, ի՞նչ է, թե՞ Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է:

Աշխարհաքաղաքական շահերում, միջազգային հարաբերություններում, երկու երկրների միջև հարաբերություններում անձնական բնույթի էմոցիոնալ զեղումները որևէ արժեք չունեն, որովհետև դրանք մեծ հաշվով չեն կարող ազդել պետությունների հարաբերությունների վրա:

Հանուն արդարության ասեմ՝ ես Հայաստանում չեմ տեսնում այնպիսի քաղաքական գործիչների, որոնք հակառուսական տրամադրություններ, սկզբունքներ, գաղափարախոսություն ունենան:

– Ի դեպ, իշխանությունների ընդդիմախոսները հենց իշխանություններին են մեղադրում հակառուսականության մեջ:

– Դա զուտ քարոզչության ու նեղ քաղաքական շահարկումների դաշտից է: Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ են: Ընդ որում, բազմաշերտ ասելով՝ ես նկատի ունեմ, որ կլինեն նաև անհամաձայնություններ: Բայց այդ հարաբերությունները, ուզենք, թե չուզենք, ձևավորված են տասնամյակների ընթացքում, կրում են դաշնակցային բնույթ, թե այդ դաշնակցային բնույթը ի՛նչ դրսևորումներ է ստանում, բոլորովին այլ քննարկման թեմա է:

Հայաստանի որևէ իշխանության ես չէի համարձակվի մեղադրել հակառուսականության կամ քիչ ռուսամետության մեջ: Զարմանալի է, որ 10 տարի երկիր ղեկավարած մարդը նման պրիմիտիվ հնարքների է դիմում: Պարզունակ է, էլի, ոչ մի ստրատեգիա, ոչ մի հետաքրքրություն, ոչ մի նորություն չկա նրա (Ռոբերտ Քոչարյանի-հեղ.) հարցազրույցներում, մտադրություններում ու ծրագրերում: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am