Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հոսքաջրերի արտահոսք է տեղի ունեցել

Երեկ երեկոյան ամբողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։ Տեղի ունեցած վթարային հոսանքազրկումների հետևանքով խափանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, տեղեկացնում են կոմբինատի մամուլի ծառայությունից:

«Աննախադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև` արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան – Մեղրի հատված: Ընկերության անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել է 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև ապրիլի 8-ին:

Պատահարի վերաբերյալ ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղին»,-ասվում է հաղորդագրությունում: