ՊՆ նախարարը խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը. Լուսանկարներ

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Նախարար Կարապետյանը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:

Աշխատանքային այցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև զորամիավորման ենթակա զորամասերում, ծաղիկներ խոնարհել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծանոթացել ստորաբաժանումների ուսումնական և սոցիալ-կենցաղային պայմաններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր կողմից արձանագրված բոլոր թերություններն ու բացթողումները։

Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու համար՝ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ»:

Այցի ավարտին նախարար Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով, վերադաս ղեկավարներին հանձնարարել առավել աչքի ընկած զինծառայողներին ներկայացնել պարգևատրման` գերատեսչական մեդալներով։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։