Հայե՛ր, դիմացե՛ք. ի՞նչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Երևի շատերը կհիշեն, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում ասաց, որ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է ասում Ռուսաստանը մեզ: Գուցե նրանք ասում են, բայց Նիկոլ Փաշինյանը չի հասկանում: Այս արտահայտությունը արտացոլանքն էր հասարակության պահանջի՝ ընկալել, թե ինչու է Մոսկվան մի տեսակ անհասկանալի դարձել: 

Հայաստանի հյուսիսային դաշնակիցը երբեք էլ աչքի չի ընկել բաց և հանրային քաղաքականությամբ, բայց փորձագիտական և քաղաքական մակարդակում երկկողմ կապը կարծես թե միշտ էլ հստակ է եղել: Շատերը, ըստ այդմ, կասկած ունեն, որ Մոսկվայից մեսիջները սկսել էին Երևան չհասնել հենց նոր իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետևանքով: 

Այդուհանդերձ, եթե անգամ առկա են հայ և ռուս էլիտաների անձնական բարդ հարաբերությունները, ապա Մոսկվան կարծես թե դրանք մի կողմ է դրել և փորձագիտական մակարդակով վերջապես որոշել է փոխանցել իր սպասելիքները և ասելիքները: 

Վերջին օրերին Հայաստանում էին Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ Սերգեյ Մարկեդոնովը և Ալեքսեյ Տոկարևը՝ ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից: 

Ռուս քաղաքագետների այցի արդյունքում թե հարցազրույցներ լսեցի, թե ներկա եղա ավելի նեղ ձևաչափով քննարկումների: Փորձագիտական մակարդակով զրույցները բավականին ազնիվ էին, իսկ հարցազրույցները՝ հնարավորինս հստակ: Մեծ հաշվով ռուսաստանցի մասնագետները մեր մեդիադաշտ գցեցին տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի մասին այս պահի դրությամբ Ռուսաստանի սպասելիքները և մեսիջները: Դրանք հետևյալն են՝ 

1. Այս պահին մեզ վրա հույս մի՛ դրեք: Մենք զբաղված ենք Ուկրաինայում: Շատ խառն ենք: Փորձեք, մի կերպ ձեր ուժերով դիմացեք, մինչև տեսնենք՝ ինչպես է ամեն ինչ ավարտվում: 

2. «Դիմանալու» ընթացքում ոչ մի կերպ չհամարձակվեք դիմել ԵՄ և այլ կառույցներ, որոնք Ռուսաստանի համար թշնամական են: Իրենց առաջարկած լուծումներում նրանք փորձում են Ռուսաստանը դուրս հանել տարածաշրջանից, ինչը ձեզ համար էլ է վատ, և մեզ դուր չի գալիս: Այսինքն՝ մենք ստիպված ենք լինելու հակազդել: 

3. Չէ՛, ռազմական օգնություն մենք չենք կարող տրամադրել, քանի որ շատ զբաղված ենք Ուկրաինայում:

4. Թուրքիան և Ադրբեջանը մեզ համար Ուկրաինայի պատճառով շատ ու շատ կարևոր են, այնպես որ, նրանց հետ առճակատում և կոպիտ խոսք չեն լինելու: Բառացի ասվեց՝ մենք դեմ չենք, որ Թուրքիան տարածաշրջանում է: 

5. Մի՛ փորձեք մեզ այլընտրանք գտնել, քանի որ տարածաշրջանում մեզնից լավը չկա: Այո՛, հիմա մենք էլ փաստացի չկանք, բայց առնվազն գետնի վրա մեր զինվորները Արցախում են, նաև ՀՀ սահմաններին: Ժամանակի ընթացքում հնարավորություն կա, որ կվերադառնանք և ձեզ կօգնենք: Մեծ հաշվով, դուք ուրիշ այլընտրանք չունեք: Իսկ եթե փորձեք ունենալ, դա մեզ շատ դուր չի գա, իր բոլոր հետևանքներով: Բայց դե… միևնույն է՝ չունեք…

Եթե մի կողմ դնենք քաղաքագիտական և բարիդրացիական ամբողջ խոսքերը, մեսիջը սա էր: Եվ կարծում եմ՝ ռուս փորձագետները հնարավորինս ազնիվ էին: 

Հիմա մենք գիտենք, թե Մոսկվան ինչ է ուզում Հայաստանից, ինչ կարող է և չի կարող առաջարկել, գիտենք ռիսկերի և հետևանքների ամբողջ լրջությունը: Այսուհետ ինչ որոշում էլ Հայաստանը կայացնի, մենք չենք կարող ասել, որ չգիտեինք, կամ մեզ խաբել են: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am