«Արտագաղթելու տրամադրություններ Արցախում չկան, կա միայն անորոշություն». Նարինե Գրիգորյան

38-ամյա Նարինե Գրիգորյանը, որը օտար լեզուների մասնագետ է և կրթում է երեխաներին, Ստեփանակերտում այս օրերին անորոշության մեջ է: Ասում է՝ որևէ հստակ տեղեկություն չկա՝ ի՞նչ է կատարվում Արցախի սահմաններին, ինչո՞ւ է վնասվել գազատար խողովակը, ի՞նչ է արվում այն նորոգելու համար, և, վերջապես, կնորոգվի՞ խողովակաշարը, թե՞ ոչ:

«Շատ հարցեր կան, որ տանջում են մեզ այս օրերին, սակայն մշտապես կցկտուր տեղեկություններ ենք ստանում պաշտոնական խողովակներից, ոչ մի հստակ ինֆորմացիա: Ամենուր անորոշություն է, անվտանգության ոչ մի երաշխիքի մասին չենք լսում մեր պետական այրերից»,- «Մեդիալաբին» ասում է Նարինեն:

Նարինե Գրիգորյանը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից դպրոցի ճանապարհին ռմբակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանի հորաքույրն է:

Գազամատակարարման դադարեցումը կենցաղային որոշ խնդիրներ է առաջացրել Արցախում, ինչի հետևանքով էլեկտրաէներգիան խնայողաբար է օգտագործվում, որպեսզի տատանումներ կամ անջատումներ չլինեն: Սակայն երիտասարդ կնոջ խոսքով՝ 90-ականների զրկանքների մեջ մեծացած սերնդի համար նման պայմանները նորություն չեն. «Մենք ավելի ծանր կյանք ենք տեսել»:

Ռուս զինվորականների խաղաղապահ առաքելության առումով Նարինե Գրիգորյանը վերապահումներ ունի. «Գիտեք՝ այդ խաղաղապահների ներկայությամբ կրակում են հայկական գյուղերի ուղղությամբ, նույնիսկ մարդկանց, չզինված քաղաքացիների են սպանում, ինչպե՞ս չկասկածես այդ առաքելությանը»:

Այդուհանդերձ, Արցախում ռուս խաղաղապահներն ընկալվում են որպես արցախցիների անվտանգության երաշխավոր, և նրանց շարքերից զինվորականների հեռանալը կարող է անհանգստություն առաջացնել բնակչության շրջանում: «Վերջերս լսել էինք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մեր մոտից ռուս զինվորականներ էին տարել, շատ անհանգիստ էինք, մեզ հանդիպած զինվորներին հարցնում էինք, ասում էին՝ մի քանիսը գնացել են, բայց դա ոչինչ չի փոխում»,-պատմում է Նարինե Գրիգորյանը:

Նրան անհանգստացնող մյուս խնդիրը Արցախում կրթության հարցն է՝ սկզբում կորոնավիրուսի համավարակը, այնուհետև՝ պատերազմը, հիմա էլ՝ գազամատակարարման հետ կապված խնդիրները, որոնց պատճառով ժամկետից շուտ դպրոցներում արձակուրդ է հայտարարվել:

«Կրթության ոլորտը Արցախում այս տարիներին շատ տուժեց, դպրոցները պարբերաբար կանգնում են կազմակերպչական խնդիրների առաջ, և կրթության գործընթացը շատ է տուժում, երեխաների կրթությունը խոցելի է դարձել նման իրավիճակներում»,- ասում է օտար լեզուների մասնագետը:

Արտագաղթելու տրամադրություններ, Նարինեի խոսքով, Արցախում չկան, մարդիկ չեն մտածում հեռանալու մասին:

«Վերջերս Խրամորթի ուղղությամբ կրակոցների ժամանակ թիրախավորել էին դպրոցը, միայն այդ ժամանակ ենք երեխաներին գյուղից հեռացրել, իսկ գյուղացիները բոլորն իրենց տեղում էին: Ասում էի, առաջարկում էի՝ գյուղացիներից, Արցախի տարբեր բնակավայրերից ջոկատներ կազմենք, որ էս դեպքերում բնակիչները ինքնապաշտպանության դիմեն, իրանք բարձրախոսով են կոչ անում հեռանալ, մենք էլ իրենց բարձրախոսով արձագանքենք, զենքով են հարվածում, մենք էլ նույնն անենք: Բայց չեն լսում»,- նշում է Նարինե Գրիգորյանը:

Հասմիկ Համբարձումյան

 MediaLab.am