Ի՞նչ օրակարգ պետք է թելադրի Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում.Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ օրակարգ պետք է թելադրի Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններում

Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից պարբերաբար կրակի արձակումը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պահպանել լարվածությունը՝ ուժի միջոցով ձգտելով հասնել իր առջև դրված ռազմաքաղաքական նպատակների լուծմանը:

Արցախյան պատերազմում հասնելով թվացյալ հաջողության, Ալիևն, իր պատկերացմամբ, փորձում է համալիր լուծում տալ հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Հայաստանին հարկադրելով Ադրբեջանի թելադրած պայմաններով ՛՛Հաստատել՛՛ խաղաղություն:

Գրեթե պարզ է, թե ինչ է ուզում Ադրբեջանը: Ընդորում, հարկ է արձանագրել, որ Ալիևն այս առումով գործում է բացահայտ:
Նա ցանկանում է, որ Հայաստանը համակերպվի պարտության հետ, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում որևէ դիմադրություն ցույց չտա Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ դրսևորվող բացահայտ զավթողական քաղաքականության նկատմամբ, և ամենակարևորը՝ համաձայնվի այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ գաղափարի իրագործմանը:

Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե այս պայմաններում ի՞նչ օրակարգ պետք է ձևավորի Հայաստանը՝ Ադրբեջանի հետ տեսանելի ապագայում, և ինչպե՞ս է պատկերացնում այդ օրակարգի իրացումը:

Խորապես համոզված եմ, որ տեսանելի ապագայում Հայաստանը պետք է ձևակերպի հարցերի այն շրջանակը, հանդես գա հրապարակավ, և ներկայացնի հայկական օրակարգը հայ-ադրբեջանական խնդիրների լուծման համատեքստում:

Ինձ համար աներկբա է, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում որևէ ռազմավարական զիջում չի կարող լինել:

Առաջիկա օրերի ընթացքում հնարավորություն կունենամ ներկայացնել որոշ նկատառումներ, որոնք կարող են դառնալ այս գործընթացում հայկական օրակարգի հարցերը»։