Ալեն Մարգարյան․ Արցախյան պատերազմի հաց բերողը

Մհեր Արշակյան

Երկու օր առաջ Արցախի նախագահը հերոսի կոչում շնորհեց 44 օրյա պատերազմի զոհերից մեկին՝ Ալեն Մարգարյանին։ Ալենի պարագան հետաքրքիր է՝ նա միայն չի կռվել, նա կռվողներին հաց է տարել ուղղակի թաքստոցից դուրս գալով։ Առաջադրանքն է այդպիսին եղել։ Նա էլ եղել է միակ համաձայնվողը։ Եվ զոհվել է հենց հաց տանելու ժամանակ՝ անօդաչուի հարվածից։ 

Եկեք անկեղծ լինենք՝ ես գրոշի նշանակություն չեմ տալիս ոչ միայն Ազգային հերոսի կոչմանը։ Ես Տիեզերքի հերոսի կոչմանն էլ քոռ կոպեկ չէի տա։ 

Բայց, դիցուք, Ազգային հերոսի կոչումը կա և այն մտածելու տեղիք է տալիս։ Անցյալ տարվա օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային հերոսի կոչում շնորհեց տավուշյան ավանտյուրայի մասնակիցներից մեկին, որին հաջորդեց մեզ համար ողբերգական 44-օրյա պատերազմը։ 

Ալենը ամենասովորական մի տղա էր, հերոսական ոչինչ չի արել, բայց սխրանք գործել է, հաց տանելու համար մտել է գայլի երախը։  Այդ պատերազմը ոչնչացրեց նաև հերոսի կոչման երևութական հմայքը, որն այնքան կարևորում են ուրիշները, որպեսզի իմանան, թե ումով հիանան և ումով՝ ոչ։ 

Ալեն Մարգարյանը հիացմունքի արժանի է, նրա մասին շատ են գրել, նա սխրանքի «երախն» է գնացել։ Առանց ավանտյուրայի։ Բայց ի՞նչն է խնդիրը, ինչու՞ եմ հենց Ալենին առանձնացրել։ Որովհետև երբ ծանոթանում եմ վերջին պատերազմի Ազգային հերոսների ցանկին, այնտեղ տեսնում եմ տարօրինակ մի բան՝ ովքե՞ր այս պատերազմը կրեցին իրենց ուսերին՝ շարքային մարտիկները։ 

Դասալիքների մեջ էլ շարքայինները մեծ թիվ չեն կազմում։ Սակայն գեներալ-լեյտենանտի կոչման է արժանանում ռազմական ոստիկանության պետը: Իշխանությունը չի սիրում կարևորել հասարակ զինվորին։ 

Եթե հերոսի կոչումն այդքան լավ բան է, ինչու՞ այն որևէ շարքային զինծառայողի չեն շնորհել այս պատերազմի ժամանակ։ Ո՞վ է ասել, որ ապահով թաքստոցից դուրս գալն ու հաց տանելը պակաս սխրանք է, եթե հիշենք, որ տանողը զինվոր է։ Ինչու՞ շարքային զինծառայողը չունենա բանակին օգտակար լինելու այդ խթանը, եթե այդ կոչումը կա։ 

Հիմա ո՞վ է հիշում Նիկոլ Փաշինյանի շնորհած Ազգային հերոսներից շատերի անունը։ Բայց Ալեն Մարգարյանին հիշում են։ Նա հերոսացել է ոչ միայն կռվելով, այլև ռմբակոծությունների տակ հաց տանելով, ոչ թե հակառակորդի վրա կրակելով, նա ստրատեգիական հարցեր չի լուծել, բայց իմացել է, թե ինչի է գնում, երբ հաց է հասցրել զինվորներին։ 

Ասում եմ ձեզ՝ հերոսի կոչումը ծնծղա է, որով մարդու անունը դառնում է հնչեղ, բայց ըստ ամենայնի՝ իշխանությունը և ժողովուրդը, հանձին Ալենի, հերոսի նույն «ճաշակը» չունի։

Բանն այն է, որ իշխանությունը չի սիրում սովորական մարդու մեջ տեսնել հերոսին։ Համարենք, որ Ալենը հերոս չէ (զոհվել է պատերազմի 4-րդ օրը), բայց ինչու՞ շարքային զինծառայողները հերոսի կոչման չեն արժանանանում։ 

Ռեժիսոր, երգահան Քրիստ Մանարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ գերին հերոս չէ, որ զուռնա դհոլով դիմավորեք, ուշքի եկեք։ Ուրեմն գերազանց գիտեն, թե ով հերոս չէ, բայց չգիտեն, որ զուռնա-դհոլը հերոսացնելու համար չէ, այլ՝ որ ողջ են վերադարձել։ 

Մարդուն հերոս ընկալելը յուրաքանչյուրի գործն է, բոլոր մայրերն այս պատերազմի ընթացքում զոհված իրենց որդիներին համարում են Ազգային հերոսի կոչման արժանի։ Հասկանալի է, չէ՞, մայրերն ապաստանում են իրենց որդիների «իմացյալ մահվան» մեջ, հակառակ դեպքում մի օրում կխելագարվեն։ Թեպետ մեծ մասը կարգին չգիտի էլ, թե ինչ հանգամանքներում է զոհվել որդին, ի՞նչ է արել մինչև զոհվելը։ 

Իշխանությունը չպետք է պարտության միջով անցած, բայց այդպես էլ որևէ արդյունք չգրանցած բանակում շռայլեր Ազգային հերոսի կոչումը, բայց շռայլելիս էլ պիտի իմանար, որ հերոս լինում են ոչ թե ըստ սպայական կոչման, այլ որ այլ կերպ չեն կարող։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am