Այսօր կյանքը բարդացել է, նևրոզները, վախերը, դեպրեսիան շատացել են, իսկ պետությունը հրաժարվում է մեր կենտրոնից․ Նևրոզների կլինիկայի տնօրեն

«Մեդիալաբի» հարցազրույցը Նևրոզների կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ

– Պարո՛ն Հակոբյան, այսօր Ազգային ժողովում քննարկվում էր առողջապահական մի քանի կենտրոններ, այդ թվում՝ Նևրոզների կլինիկան, մասնավորեցնելու հարցը։ Դուք տեղյա՞կ եք այդ ծրագրին, ի՞նչ է դա նշանակում, և ինչպե՞ս կարող է ազդել կենտրոնի գործունեության վրա։

– Նևրոզների կլինիկան արդեն երկու տարի գործում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներքո, այսինքն՝ դրված է վաճառքի։ Իմ կարծիքով՝ Նևրոզների կլինիկան շատ անհրաժեշտ է ու պետք է լինի պետական, որովհետև միայն երկու հոգեբուժարանների հիման վրա հնարավոր չէ լուծել այն հարցերը, որ կան Հայաստանի Հանրապետությունում։

Հոգեբուժության մեջ կա երկու վիճակ՝ հոգեկան խանգարումներ և սահմանային վիճակ, որի մեջ մտնում են նևրոզները։ Այս երկրորդ վիճակը շատ ավելի մեծ է իր ընդգրկվածությամբ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ նևրոզ ունեցողների թիվը տարբեր երկրներում 30-65 տոկոս է։ 

– Իսկ Հայաստանի մասով ունե՞ք տվյալներ։

– Մենք չեն կատարել այդպիսի ուսումնասիրություն, չունենք տվյալներ, բայց ըստ միջազգային աղբյուրների՝ մեզ մոտ մի քիչ ավելի բարձր է, այդ ցուցանիշը հասնում է մինչև 75 տոկոսի։

Դա կապված է մեր ազգային առանձնահատկությունների հետ նաև, քանի որ մենք՝ հայերս, ավելի տաքարյուն ենք, լարված, իսկ մեր ժողովուրդը կյանքի դժվար ճանապարհ է անցել։

Նևրոզները շատ են տարածված աշխարհով մեկ, և ես, երկար տարիներ լինելով գլխավոր հոգեթերապևտը, միշտ համարել եմ, որ այս հիվանդանոցը պետք է ունենա պետական կարգավիճակ ու անվճար սպասարկի ժողովրդին ։

Շատ անհրաժեշտ է ժողովրդին, քանի որ նևրոզով տառապող մարդկանց մի հատված կա, որոնք չեն կարող հոգեբուժական հիվանդանոցներում բուժվել։

– Ինչո՞ւ չեն կարող։

– Որովհետև եթե նևրոզով հիվանդը գիտի, որ պատի այն կողմում պառկած է հոգեկան հիվանդ, այսինքն՝ խելագարությամբ տառապող անձ, ապա նա չի գնա այնտեղ բուժվելու։

Օրինակ՝ ԱՄՆ-ում կան ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներ, որոնցում կան նաև հոգեբուժական բաժանմունքներ։ Նրանց մոտ ուրիշ է, մեզ մոտ՝ ուրիշ։

Մեզ մոտ միայն հոգեկան խանգարումներ արտահայտությունը բացասական տրամադրություններ, էմոցիաներ է առաջացնում։ Այսօր ամբողջ աշխարհը փոխվել է, այդպիսի մարդկանց նկատմամբ շատ ավելի հանդուրժող են, սիրով, իսկ մեզանում դեռ նման բան չկա։ Իսկ նևրոզով մարդը այլ երևույթ է։

Դա առողջ մարդն է, որն ունի խնդիրներ։ Նևրոտիկ վիճակ է, օրինակ՝ դեպրեսիան, որը տարածված է ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։

Դրանից ծագում են ինքնասպանությունները։ Այսօր կորոնավիրուսի համաճարակ է, բայց դրան զուգահեռ հիմա հոգեբանական էպիդեմիա է, մարդիկ վախի, տագնապի մեջ են հայտնվել վիրուսի նկատմամբ, և աշնանը կսկսվեն դեպրեսիվ ռեակցիաները։ 

– Այսինքն՝ պետությունը չի՞ նկատում Նևրոզների կլինիկայի կարևորությունը։

– Ես կարծում եմ, որ չի գնահատվում։ Սա պետք է լիներ պետական կենտրոն և գտնվեր պետության ուշադրության ներքո, սպասարկեր ժողովրդին։ Իսկ հիմա դրել են մասնավորեցման տակ։ Ինչ-որ մեկը կարող է գա, գնի ու հայտնի չէ՝ կպահպանի՞ այդ պրոֆիլը։

– Բայց կարծես գնելու, մասնավորեցնելու պահանջարկ չկա։

– Չեմ կարող ասել, բայց այսօր կենտրոնն աշխատում է անվճար հիմունքներով, այսինքն՝ պետական պատվերով։ Մեզ արդեն ասել են, որ 2021 թվականից պետպատվեր չի լինելու։

Եթե պետպատվեր չլինի, եթե ոչ մեկը չգնի, կենտրոնը միայն վճարովի հիմունքներով չի կարող գործել, մարդիկ էլ չեն գա։

Այս կենտրոնը ստեղծվել է 1986 թվականին, և այն ժամանակ դրա ստեղծումը համարվեց պրոգրեսիվ քայլ՝ հաշվի առնելով, որ նևրոզով հիվանդը պետք է բուժվի պսիխոզով հիվանդներից առանձին։

Այստեղ միանգամայն այլ պայմաններ են՝ պատուհանները բաց են, ճաղեր չկան, սանատոր պայմաններ են, հոգեբանական բուժումն ավելի շատ է, քան դեղորայքայինը, բուժման մեջ օգտագործվում են հիպնոս, մեդիտացիա, խմբային թերապիա, արտթերապիա, երբ մեր հիվանդները թատրոն են խաղում։

Տարբեր հոգեբանական ձևեր կան, այն, ինչ աշխարհում ընդունված է։ Իսկ հիմա, պարզվում է, այս հիվանդանոցը պետք չէ, և դա այն դեպքում, երբ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ 10-ից 8 մարդու մոտ կարելի է նևրոտիկ խանգարումներ հայտնաբերել։

Ամեն տարի մենք հիվանդանոցում բուժում ենք շուրջ 750 մարդ, կենտրոնն ունի 50 մահճակալ, որոնք բոլորն էլ միշտ զբաղված են։ 

– Պարո՛ն Հակոբյան, ովքե՞ր են գալիս ձեր կենտրոն, ի՞նչ խնդիրներով մարդիկ են նրանք։

– Գալիս են նևրոզ ունեցող անձինք, բոլորից շատ այսօր հանդիպում են տագնապային վիճակներով մարդիկ։

Տագնապը անառարկայական վախ է, երբ մարդն անընդհատ ինչ-որ բանից վախենում է, բայց չգիտի՝ ինչ է լինելու, բայց մի վատ բան պետք է լինի՝ իր առողջությանը կամ իր սոցիալական վիճակին։

Տագնապային վիճակները այսօր շատ են, որովհետև տագնապն առաջանում է, երբ մարդն ապրում է վակուումի մեջ, երբ ապագայի նկատմամբ վստահություն չունի։

Այսօրվա քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը նպաստում է, որ նևրոտիկ վիճակները շատանան։ Մյուս շատ հանդիպող երևույթը դեպրեսիաներն են, այսինքն՝ տխուր տրամադրությունը։

Նման տրամադրություն ունեն մարդիկ, որոնք չեն ուզում ապրել, սկսում են տխրել ամեն ինչից, իրենց դժվարություններից չեն կարողանում ելք տեսնել, թունելի վերջում լույս չեն տեսնում, կյանքը, նրանց կարծիքով, դառնում է անհետաքրքիր, սև ու սպիտակ, և շատ հաճախ այդ մարդիկ կարծում են, որ էլ իմաստ չկա շարունակել ապրել և վերջ են տալիս իրենց կյանքին։

Շատացել են նաև ֆոբիաները, այսինքն՝ կոնկրետ վախերը՝ մեկը վախենում է ինքնաթիռ նստելուց, մյուսը վախենում է քնելուց, երրորդը վախենում է փակ տարածությունում միայնակ մնալուց, մեկ ուրիշն էլ վախենում է տնից դուրս գալուց։

Եթե դուք հետաքրքրվեք, կտեսնեք, որ ձեր շրջապատում շատերը տառապում են անքնությունից, շատերն ունեն վախեր։ Ա՛յ այս նևրոզներով են մարդիկ գալիս մեզ մոտ ու շատ։

– Ի վերջո, ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է այդպես, կյա՞նքն է դժվարացել, թե՞ այլ խնդիր կա։

– Տեսական բացատրությունն այսպիսին է՝ կյանքը շատ ավելի արագ է զարգանում, քան մարդը կարողանում է հասնել, հարմարվել իր կյանքի շատ արագ փոփոխվող տեմպին, կտրուկ շրջադարձերին։ Չեն կարողանում հարմարվել։

Մարդն ունի հարմարվելու պահանջ՝ սոցիալական, հոգեբանական, ֆիզիոլոգիական իմաստներով։ Բայց այսօր կյանքն այնքան արագ է փոխվում, որ անձը, անհատը չի կարողանում դրան հետևել։

Այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, անպայմանորեն անդրադառնում է նևրոզների թվի վրա։

Օրինակ՝ ամուսնալուծությունները այսօր շատացել են, և դա բերում է նևրոզների թվի ավելացման, քանի որ դրանից միջանձնային կոնֆլիկտներն են ավելանում, մարդիկ միմյանց չեն հասկանում, կանգնում են դեմ դիմաց ու կռվում, չեն լսում իրար։

Հոգեբուժական հիվանդանոցները շատ կարևոր ֆունկցիա են կատարում, բայց նրանք գործ ունեն պսիխոզների հետ։

Իսկ մեր հիվանդանոցը զբաղված է ավելի լայն ոլորտով՝ սահմանային վիճակներով։ Մեր հիվանդանոցի պահանջարկը կա, որը մարդկանց կարող է ցուցաբերել հոգեթերապևտիկ օգնություն։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am