Գնաճի «ֆանտաստիկ լավ արդյունքը»․ Որքանո՞վ է արդարացված Քերոբյանի գնահատականը․ Fip.am

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի մեկին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխարհի այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում արձանագրված 8․5 տոկոս գնաճը «ֆանտաստիկ լավ արդյունք է»։

«Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլ նաև ամբողջ աշխարհի գնաճը: Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, որն աննախադեպ է․ մոտ 50-60 տարի այդպիսի գնաճ չի եղել: Նույնն էլ Եվրոպայում: Այսինքն մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ հայկական ֆենոմենի հետ, այլ գլոբալ ֆենոմենի, և այդ ներկապնակում ունենալ 8․5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է այդքան, դա ֆանտաստիկ լավ արդյունք է»,- մասնավորապես, նշել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե գնաճի ինչպիսի ցուցանիշ է արձանագրվել ապրիլ ամսին աշխարհի մի շարք` Հայաստանի հետ համեմատելի երկրներում։

Այսպես, Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանում, վիճակագրական վերջին տվյալներով, ապրիլ ամսին արձանագրվել է սպառողական գների 8․4% աճ։  ԵԱՏՄ մյուս երկրներում ապրիլին արձանագրվել են գնաճի հետևյալ ցուցանիշները․ Ռուսաստանի Դաշնությունում գնաճը կազմել է 17․8%, Ղազախստանում՝ 13․2%, Բելառուսում՝ 16․8%, Ղըրղզստանում՝ 14․6%։ 

Հարևան երկրներից Վրաստանում գնաճը ապրիլին կազմել է 12․7%, Ադրբեջանում՝ 12․4%։ Թուրքիայում գնաճը ռեկորդային ցուցանիշ է գրացել՝ ապրիլ ամսին հասնելով 70%-ի։

Եվրոպայում ևս ապրիլ ամսին սպառողական գները շարունակել են աճել․ ԵՄ-ում գնաճի ապրիլյան ցուցանիշը կազմել է 7․4%։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլ ամսին գնաճը կազմել է 8․3%: Չինաստանում գնաճը ապրիլին կազմել է 2․1%: 

Այսպիսով, նախարար Քերոբյանի հայտարարության համատեքստում գնահատականը, թե 8․5 տոկոս գնաճը «ֆանտաստիկ լավ արդյունք է», կարելի է մեծամասամբ համարժեք համարել։ Ինչպես հարևան երկների, այնպես էլ ԵԱՏՄ երկների հետ համեմատած Հայաստանում գնաճը նկատելիորեն ցածր է, իսկ ԵՄ և աշխարհի առաջատար մի շարք տնտեսություների համեմատ հայաստանյան գնաճը, փոքր բացառություններով, գտնվում է նույն մակարդակի վրա։ 

Նելլի Լազարյան

Fip.am