«Իշխանափոխության համար պետք է դիտարկես դրան նպաստող ռեսուրսների գոյությունը». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

 – Պարո՛ն Բադալյան, խորհրդարանական ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան, ինչպես իրենք են ասում` ժամանակավոր դադար վերցնելով փողոցից։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այս որոշումը, սպասելի՞ էր։

– Սպասելի էր իհարկե, եթե փողոցում ոչինչ չես կարողանում անել, կամ քո արածից ոչինչ չի ստացվում, որովհետև որակյալ չես կարողանում անել, բնականաբար առաջանում է ինչ-որ տեղ գործողություն իրականացնելու խնդիր։ Չես կարող չլինել ո՛չ փողոցում, ո՛չ խորհրդարանում։ Աշխարհի ցանկացած քաղաքական ուժ, լինի ընդդիմադիր թե իշխանական, եթե ինչ-որ գործողություն է իրականացնում, պետք է մտածի, որ առնվազն վարկանիշի կորուստ չունենա, այսինքն՝ եթե վարկանիշի բարձրացում չունենա, ապա գոնե անկում էլ չունենա։

Այսօրվա ընդդիմությունը շարունակում է պնդել, թե խորհրդարան է վերադարձել իր օրակարգով, բայց այս պահին այնքան էլ պարզ չէ նրանց օրակարգը։ Իշխող քաղաքական ուժը նրանց վերադարձից միայն ուրախ է, որովհետև ի վերջո հասավ իր նպատակին։ Եթե ընդդիմությունը չվերադառնար էլ, ապա հունվարից կարող էր գործընթաց մեկնարկել, որով նրանց կզրկեին պատգամավորական մանդատներից, դրա համար ստիպված վերադարձան խորհրդարան, որովհետև այդ մանդատները գուցե մի քանի ամիս հետո նրանց պետք գան։

– Իսկ որքանո՞վ հաջող կկարողանան իրականացնել խորհրդարանական գործունեությունը։

– Կախված է նրանից, թե իրենք ինչ են ուզում։

– Իշխանության հեռացում։

– Դե, այդ զգացմունքային, միտինգային արտահայտությունները, որ գոռում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան», քաղաքականության մեջ չի աշխատում, դրա համար պետք է հստակ ծրագրեր իրականացնես։ Իշխանափոխության համար պետք է դիտարկես դրան նպաստող ռեսուրսների գոյությունը ու հաշվի առնես բոլոր մանրամասները, իշխանափոխության գործընթացն իրականում բավականին բարդ ու բազմաբնույթ գործընթաց է։ Այսօրվա ընդդիմությունը նախևառաջ պետք է որոշի, թե ինչ է ուզում, ու դրան համապատասխան քայլեր ձեռնարկի։ Քանի դեռ իրենք չեն որոշել՝ ինչ են ուզում, անիմաստ է ասել, թե ինչ կարող են անել։

– Պարո՛ն Բադալյան, ձեր խոսքում ասացիք, որ իշխանությունը հասավ իր նպատակին ու շատ ուրախ է ընդդիմության վերադարձով, կմանրամասնե՞ք։

– Գաղտնիք չէ, որ արևմտյան քաղաքական կենտրոնները, հատկապես դեսպանատները Հայաստանում, բավական լուրջ աշխատանք էին տանում, որպեսզի ընդդիմադիրները վերադառնան խորհրդարան, որ այն չնմանվեր Հյուսիսային Կորեայի միակուսակցական խորհրդարանին։ Անկախ ընդդիմության պահվածքից՝ պետք էր, որ խորհրդարանում ընդդիմություն լինի, որպեսզի ցույց տրվի, թե քննարկում է տեղի ունենում։ Այո՛, ճնշում էր գործադրվում իշխանությունների վրա, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան ընդդիմությանը բերել խորհրդարան։ Ի վերջո, իշխանության և ընդդիմության համատեղ ուժերով վերջիններս վերադարձան խորհրդարան։

– Այս քայլից հետո ընդդիմությունը վարկանիշի ու համակիրների թվի անկում կունենա՞։

– Վարկանիշի կորուստ նրանք ունեն 2021 թվականի արտահերթ ընտրություններից սկսած, դա արդեն տեսանելի է։ Համակիրների թվի մասով՝ շատ բան կախված կլինի նրանց առաջարկած օրակարգից, գուցե իրենք այնպիսի օրակարգով մարդկանց հրավիրեն փողոց, որ ընդամենը 100 հոգի գա։ Կրկնում եմ՝ ընդդիմությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում, քանի դեռ հստակ չի որոշել, որևէ արդյունքի հասնել չի կարող։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am